loader
«Ժամանակ». Հեղափոխություն եք արել՝ աշխատեք

«Ժամանակ». Հեղափոխություն եք արել՝ աշխատեք

«Ժամանակի» զրուցակիցն է ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը

- Պարո՛ն Բագրատյան, տնտեսական հեղափոխության Ձեր պատկերացումը ո՞րն է:

- Ոչ մի ձևի տնտեսական հեղափոխություն չկա, չի լինում, մանավանդ այն ծրագիրը, որ ներկայացրել են, վերջում էլ գրել են՝ տնտեսական հեղափոխություն, դա ծիծաղելի է: Ծրագրում ոչ մի կոնկրետ բան չկա, որ ասես՝ սա հեղափոխություն է, թե չէ: Դա պարզապես լայն խավերի՝ ժողովրդի հետ խաղ է, որ շարունակվում է, այսինքն՝ լավ է հնչում էլի՝ տնտեսական հեղափոխություն՝ անկախ նրանից դա կա, թե չկա: Հեղափոխություն է, երբ որ մի երևույթ որակապես մի օրում փոխվում է, ասենք՝ Պողոսն էր վարչապետ, հիմա՝ Պետրոսն է, իսկ տնտեսությունում մի օրում չի կարող «պողոս-պետրոս» լինի. տնտեսությունը էվոլյուցիոն համակարգ է, ռեվոլյուցիոն համակարգ չէ:

- Նկատի ունեմ ճանապարհը, որով գնալու է Հայաստանի նոր իշխանությունը, դա տանելո՞ւ է տնտեսական հեղափոխության:

- Ծրագրում ոչ մի նորություն, ոչ մի պրոֆեսիոնալ բան չեմ տեսել, որ ասեմ՝ սա կտանի լուրջ փոփոխությունների, հեղափոխության մասին խոսք լինել չի կարող… Այսօրվա փոփոխությունները հարյուր անգամ ավելի դանդաղ են, քան մեր իշխանության եղած ժամանակ:

- Երբ բոլորի համար տնտեսությունում հաստատվում են հավասար պայմաններ, բիզնես մուտքն ազատ է, դա հեղափոխակա՞ն տարբերություն է նախկին համակարգի համեմատ:

- Ո՛չ, նախկինում էլ, այսօր էլ բիզնես մուտքն այնքան էլ ազատ չէ, հավասարություն չկա, կառավարությունը խոսում է հավասարությունից, բայց հանկարծ ասում է՝ եկամտահարկը կսահմանեմ 10 տոկոս, շահութահարկը՝ 20 տոկոս, ես դա չեմ հասկանում: Կամ հայտարարում է՝ մինչև 24 մլն շրջանառություն ունեցողներին չեմ հարկելու, չեմ կարծում, թե դա տեղավորվում է հավասարության թեզի մեջ:

- Այսինքն՝ նաև Հարկային օրենսգի՞րքը չի բխում այդ տրամաբանությունից:

- Իհարկե, չի բխում:

- Իսկ ի՞նչ կարող է տալ մեզ այս Հարկային օրենսգիրքն՝ այս նախագծով:

- Էական ոչ մի բան: Նիկոլ Փաշինյանը փորձում է ընդօրինակել Վրաստանին: Օրինակ՝ Վրաստանում միկրոբիզնեսը չի հարկվում, մեզ մոտ անվանել են փոքր բիզնես… Չգիտես ինչու, չեն հարկելու 24 մլն շրջանառության դեպքում, Հարկային օրենսգրքով նախատեսում են ուղղակի հարկերը իջեցնել, անուղղակին բարձրացնել, այդ դեպքում ինչպես են բարձր տեխնոլոգիական տնտեսություն ստանալու, պարզ չէ: Մի հարկային փոփոխություն կա, պետք է անշարժ գույքը վերագնահատեն, որպեսզի գույքահարկը բարձրացնեն, սկզբունքորեն սա ճիշտ մոտեցում է: Ինձ համար չքննարկված մոտեցումներն անընդունելի են: Վրաստանը ստացավ ծառայությունների վրա հիմնված տնտեսություն, մենք այդպիսի տնտեսություն չենք կարող ստանալ, մենք չենք կարող 8 մլն զբոսաշրջիկ ունենալ, պետք էլ չէ… Չնայած նրանցից կեսին կարելի է մի օրով բերել առաջին քրիստոնյա պետության եկեղեցիները տեսնեին, բայց առաջարկել ենք Երևան-Թբիլիսի երկաթուղային կարճ կապ ստեղծել, որ 40 րոպեում Թբիլիսիից հասնեն Երևան, ընդամենը պետք է կառուցել 20 կմ Դիլիջան-Վանաձոր հատվածը, չենք կարողանում:

- Պետք է խոսենք կառավարության ծրագրի և կառուցվածքի մասին, ըստ Ձեզ՝ ո՞րը ո՞րից է բխում:

- Երեք էլեմենտ կա. նախ՝ պարզում ես խնդիրները, հիմնական անելիքները, ինչ կառուցվածքով կարող ես անել, և հետո հիմնական խնդիրները դարձնում ես առաջադրանքներ գերատեսչությունների համար: Այսպես չի արված, սա չի պահպանվել: Մենք գործ ունենք մի փաստաթղթի հետ, որը ինչպես Ս. Սարգսյանի ժամանակ, նույնիսկ ավելի վատ, մոտ 70 տոկոսը «լոլոներ» են՝ ոչինչ չասող բաներ:

- Դուք կուզենայի՞ք թվեր, տոկոսներ տեսնել:

- Պարտադիր չէ: Կոնկրետ գործողություններ պետք է նշեին. ինչպիսին պետք է լինի հարկային քաղաքականությունը, կրթական քաղաքականությունը… Եթե այս կառավարությունը գալու է մեզ ասի՝ արտաքին և ներքին անվտանգության համար մենք պետք է մոբիլիզացնենք մեր ռեսուրսները և ժողովրդին, սա ծրագրային կետ չէ, ես կուզենայի պաշտպանության բաժնում տեսնել՝ արդյո՞ք գնալու ենք սահմանամերձ բնակավայրերը ռազմականացնելու ճանապարհով և բնակչությանը ինքնապաշտպանություն ենք սովորեցնելու, զենք ենք տալու, այդ թվում՝ կանանց: Ես չեմ կարող նստել ու լոլոներ լսել: Ծրագիրը գոնե խնդիր պետք է դնի գերատեսչությունների առաջ, դա չի արվում:

- Այսօր դուք իշխանության քաղաքական ընդդիմախոսը չե՞ք համարում ձեզ:

- Ես հիմա ընդդիմախոս եմ, շատ պարզ:

- Առիթ կա՞ դրա համար:

- Այո՛, ծածկադմփոց է, այնպիսի ծրագիր են ընդունել, որից որևէ պարտականություն չի բխում: Ես արդեն չեմ կարող սա տանել, իբրև մտավորական, ավելի շուտ խոսում է 3 երկրի տնտեսագիտության դոկտոր, 4 երկրի պրոֆեսոր Հրանտ Բագրատյանը:

- Իշխանությունը Ձեզ չի նեղացրել:

- Ոչ: Երբեմն հանդիպել են, ես միշտ ինչ մտածել եմ, մաքուր տալիս եմ, բայց չեն ուզում ընդունել որևէ կոնկրետ բան. բլոկ են անում ԿԲ նախագահը, նրա տեղակալը, երկու փոխվարչապետները, ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, չեն ուզում երկխոսության մեջ մտնել: Եթե վախենում էիք թիվ գրել ՀՆԱ-ի, գործազրկության տոկոսի, միջին աշխատավարձի, ապա գոնե տարբերակներով գրեիք:

- Ես մի տեղ հանդիպեցի, իհարկե, իմ պատկերացմամբ՝ ֆեյքնյուզ էր, որ Հրանտ Բագրատյանն ուզում է դառնալ ԿԲ նախագահ:

- Ամեն օր գրում են: Հրանտ Բագրատյանն ամեն ինչ է ուզում դառնալ, Հրանտ Բագրատյանը նախևառաջ ուզում է դառնալ վարչապետ, չեմ թաքցնում: Դա իմ իրավունքն է, ինչ վատ բան կա, էդ ինչի՞ Փաշինյանը կուզենա վարչապետ դառնալ, ես չէ:

- Դրանից էլ կարող է բխել ձեր քաղաքական ընդդիմախոսությունը:

- Չեղավ: Ես փաստեր եմ ասել… Հիմա գնանք, Ն. Փաշինյանի վճարած մի քանի տասնյակ ֆեյքեր հայհոյանք են գրելու, հետո՞, բոլորը պատասխան են տալու այդ հայհոյանքների համար:

- Տնտեսական աճի 5 տոկոս շեմը օբյեկտի՞վ շեմ է:

- Ով գիտի: Ռեգրեսիոն մոդել է: Այս տեմպերով մենք աշխարհի միջինին կմոտենանք 300 տարի հետո, զարգացած երկրներին կհասնենք 1200 տարի հետո: Այդ դեպքում հարց եմ տալիս Փաշինյանին՝ ի՞նչ կարիք կար իշխանության գալու, գտեք լուծում, 5 տոկոսը լուծում չէ: Ասեմ՝ 7 տոկոսից սկսած արտագաղթը դադարում է: Հայ ազգը պետք է ունենա առնվազն 7-7,5 տոկոս աճ, դրա համար ներդրումները պետք է կազմեն 23-25 տոկոս: Ծրագրում նման թիվ կա…

- Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարն ասում է, որ 5 տարվա մեջ 5 տոկոս աճի դեպքում քաղաքացու եկամուտները աճելու են 30-35 տոկոսով: Վա՞տ է:

- Շատ վատ թիվ է: 5 տարվա մեջ Չինաստանի քաղաքացու եկամուտները կաճեն ևս 45 տոկոսով, ի՞նչ մի հպարտանալու բան կա, Կ. Կարապետյանի օրոք տնտեսական աճը 7 տոկոս է եղել, էլ ինչո՞ւ էիք իշխանություն փոխում:

- Եթե իմ դիմաց նստած չլիներ Հ. Բագրատյանը, կմտածեի ՀՀԿ-ական է:

- Հենց մի բան ես ասում, ասում են՝ հանրապետական ես… Ո՛չ, ընկերնե՛ր, հեղափոխություն է եղել, կա՛մ աշխատեք, կա՛մ գնացեք, երկիրը ժամանակ չունի:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս