loader
«Ժամանակ». Լենա Նազարյան. Ընդդիմությունը ճգնաժամ է ապրում

«Ժամանակ». Լենա Նազարյան. Ընդդիմությունը ճգնաժամ է ապրում

«Ժամանակի» զրուկցակիցն է Ազգային ժողովի փոխխոսնակ Լենա Նազարյանը։

- Հարգելի՛ Նազարյան, փորձենք հասկանալ՝ «Քաղաքացիական պայմանագրի»՝ օրերս տեղի ունեցած համաժողովը կուսակցականների հերթական հանդիպո՞ւմ էր, թե՞ ինչ-որ հատուկ առիթ կար:

- ՔՊ 4-րդ համաժողովն էր, հատուկ առիթ կար՝ ՔՊ-ն անցնում է զարգացման հաջորդ փուլին, մենք պետք է մշակենք նոր ծրագիր և վերամշակենք մեր կանոնադրությունը: Այդ փոփոխությունը պայմանավորված է նոր իրողություններով, մեր ծրագրի կարևոր մասն իրականացվել է, և կանոնադրության վերամշակման կարիք կա, որովհետև կուսակցությունը մեծացել է, և մենք ուզում ենք կուսակցության կառավարումը դարձնել ավելի դյուրին, ավելի արդար, ժողովրդավար ու թափանցիկ:

- Կուսակցությունը մեծանում է, կարծեմ արդեն 9 հազար դիմում կա:

- Այո՛, բայց չենք շտապում անդամության բոլոր դիմումները հաստատել:

- Ինչո՞ւ, պատեհապաշտների՞ եք հանդիպել: Ծանոթ պրոցես է. իշխող կուսակցություն գնացել են շատերը:

- Հավանական եմ համարում, որ կլինեն մարդիկ, որոնք գալիս են ՔՊ, որովհետև սովոր են լինել օրվա կուսակցության կազմում: Մենք չենք ուզում այդպիսի անդամներ ունենալ, ուզում ենք, որ անդամագրվեն բացառապես գաղափարակից, մեր գաղափարական արժեքները կրող մարդիկ…

- Ինչո՞ւ էր փակ ՔՊ համաժողովը:

- Փակ չէր, կուսակցական, աշխատանքային համաժողով էր:

-Այսօր էլ «Իմ քայլը» խմբակցության նիստ է եղել՝ լրագրողների բնորոշմամբ՝ գաղտնի օրակարգով:

- Ո՛չ, բացարձակ: Աշխատանքային հանդիպումներ են, խմբակցության նիստում քննարկեցինք հանձնաժողովներում քննարկված նախագծերը և այն, թե Մարտի 1-ին ընդառաջ ինչ միջոցառումներ ենք նախաձեռնելու:

- Մարտի 1-ին երթ է նախատեսվում, նաև վարչապետի ուղերձը: Դրա կարիքը կա՞ր:

- Միանշանակ կար, երթը կազմակերպում է ՔՊ-ն, և բոլոր ուժերին, որոնք կիսում են այս գաղափարը, կոչ ենք անում միանալ երթին: Վարչապետը հանդես կգա ուղերձով օրվա առաջին կեսին:

- Ձեր կոչին խորհրդարանական ուժերն արդեն արձագանքե՞լ են:

- Չգիտեմ, չեմ լսել նրանց կողմից արված հայտարարություն:

- Դուք վերջին շրջանում նկատո՞ւմ եք ներքաղաքական իրավիճակը սրելու միտումներ:

- Ես կարծում եմ՝ այդ միտումները չեն դադարում, ոչ թե վերջին ժամանակներում են ի հայտ եկել:

- Ես իմ դատողություններն անում եմ տեղեկատվական տիրույթում տեսածով:

- Տեղեկատվական տիրույթը, այնուամենայնիվ, կտարանջատեի իրականությունից, որովհետև տեղեկատվական տիրույթում կարող են ֆեյքեր գործել և այնպիսի լրատվականներ, որոնք ունեն թաքնված օրակարգեր ու տարածում են տարբեր տագնապահարույց մեկնաբանություններ, ապատեղեկատվություն, որը երբեմն հասնում է վիրավորանքի և զրպարտանքի: Այսինքն՝ իրականությունը մեծամասամբ արտացոլված չէ տեղեկատվական տիրույթում:

- Իշխանությունը որոշել է անտեսե՞լ դա, չնկատելո՞ւ տալ, չարձագանքե՞լ:

- Արձագանքելու կարիք չկա, մենք պետք է կենտրոնանանք մեր գործի վրա: Մեր ամբողջ ուշադրությունը պետք է զբաղված լինի աշխատանքով:

- Մի թարմ օրինակ բերեմ. Վերահսկողական ծառայության շուրջ առկա է տեղեկատվական աղմուկ. ո՞րն էր այստեղ իրականությունը:

- Հարցի մանրամասներին տեղյակ չեմ, եթե կան իրավախախտումներ, ապա իրավապահ մարմինները պարտավոր են բացահայտել և տեղեկացնել հանրությանը: Միևնույն ժամանակ, ուզում եմ հստակ ասել, որ երբ ասում ենք՝ օրենքի առաջ բոլորը հավասար են, դրանք միայն խոսքեր չեն, դա միանշանակ է բոլորի համար, և կոռուպցիայի, անօրինականության, ապօրինի հարստացման, հովանավորչության, այլ արատավոր դրսևորումների դեմ պայքարում յուրայինների և ոչ յուրայինների տարբերակում չի կարող լինել: Սրանում բոլորը կհամոզվեն ժամանակի ընթացքում:

- Այսինքն՝ առանց ծուխ կրակ չի՞ լինում. ինչ-որ բան կա՞:

- Հնարավոր է կա, հնարավոր է չկա. մանրամասներին տեղյակ չեմ, բայց եթե իրավապահ մարմինները ինչ-որ գործողություններ արդեն ձեռնարկել են, պետք է պարզաբանեն՝ ինչ է տեղի ունեցել և ինչ են պարզել:

- Վերահսկողական ծառայությունը տարածեց հայտարարություն, որտեղ նշված է, որ իրենց աշխատակիցների մասին տեղեկությունը խեղաթյուրված է, ինչ-որ բան սխալ է մեկնաբանվում: Վատ է, որ չգիտենք՝ ինչ կա:

- Առավել ևս քանի որ մարդկանց անունների հետ գործ ունենք, պետք է զգույշ լինել, հայտնել ամենաճշտված տեղեկությունը: Կարծում եմ՝ կարող ենք համբերություն ունենալ և սպասել, թե ինչ տեղեկություն կլինի:

- Այսօր հանրահավաք էր անցկացվում Ազատության հրապարակում «Հողեր չունենք տալու» կարգախոսով:

- Իսկ ո՞վ է պատրաստվում հողեր տալ: Չգիտեմ՝ ինչի համար է այդ հանրահավաքը, ինչի համար են կազմակերպում, ինչ ուղերձով, ինչ կոչով…

- Ընդդիմությունը պահանջում է վերանայել վարչապետի լիազորությունները, սուպերվարչապետության հարցը: Օրակարգում կա՞ այսպիսի հարց:

- Հեռահար օրակարգում կա: Ես պաշտպանում եմ այդ դիրքորոշումը, որովհետև կարծում եմ, որ խորհրդարանական վերահսկողությունը պետք է հնարավորինս լայն դաշտ ընդգրկի: Այդպիսին է նաև վարչապետի դիրքորոշումը, նա կողմնակից է, որ խորհրդարանն ավելի շատ վերահսկողություն ունենա, քան հիմա ունի: Բայց դա ժամանակի հարց է: Հիմա շատ հագեցած օրակարգ ունենք… Այդ հարցը պետք է հիմնավոր քննարկենք, ոչ թե հրատապ լուծումներ գտնենք…

- Հարմարվե՞լ եք ԱԺ մթնոլորտին: Արդեն դիրքավորումներ են՝ ով է ընդդիմությունը, ինչպես պետք է իրեն պահի ընդդիմությունը: Երբեմն «Իմ քայլի» կողմից կարծիք է հնչում՝ այս ի՞նչ են անում, չի կարելի իշխանությանը թիրախավորել:

- Ճիշտն ասած, և՛ խորհրդարանական, և՛ խորհրդարանից դուրս ընդդիմությունը մի փոքր ճգնաժամ է ապրում. փորձում են հասկանալ՝ ինչպիսի ընդդիմություն են ուզում լինել, որովհետև լինել այնպիսի ընդդիմություն, ինչպիսի պայմաններում եղել ենք մենք, գուցե անհասկանալի կլինի: Կարծում եմ՝ ընդդիմությունը փորձում է գտնել իր տեղը, իր չափանիշները, գուցե նաև իր բառապաշարը. ընդդիմությունը դեռ որոնումների մեջ է:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս