loader
«Ժամանակ». Սարգիս Քլոյան. Ժողովուրդը դուրս չի գա փողոց

«Ժամանակ». Սարգիս Քլոյան. Ժողովուրդը դուրս չի գա փողոց

«Ես ոչ մի հույս չունեմ, որ ժողովուրդը դուրս կգա փողոց: ժողովուրդը դուրս չի գա փողոց, որովհետև այդ ժողովուրդը ծախված ժողովուրդ է: Այդ ժողովուրդը 10 հազար դրամանոց ժողովուդ է: Այս ժողովուրդը գնված է և այս իշխանության ստրուկն է»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայր՝ Սարգիս Քլոյանը, անդրադառնալով ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դիտարկմանը

Քլոյանի դիտարկմամբ՝ 10 հազարով վաճառ­ված ժողովուրդը կյանքում դուրս չի գա փողոց՝ լինի դա թանկացման պահան­ջով, թե Մարտի 1-ի սպանությունների բացահայտման: «Ես այդպես եմ կար­ծում»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ անկախ ամեն ինչից, իրենք մարտի 1-ին ՀԱԿ-ի հետ դուրս են գալու փողոց՝ հար­գելու Մարտի 1-ի սպանդի զոհերի հիշա­տակը: «Այդ օրը կտեսնեք՝ ինչքան ժողո­վուրդ դուրս կգա փողոց, ինչքան մարդ առհասարակ կհիշի Մարտի 1-ի իրադարձությունները: Իսկ առհասարակ մտածել, որ մարդիկ կարող են դուրս գալ փողոց և իշխանափոխություն պահանջել, դրան ես չեմ հավատում: Իսկ պատ­ճառն այն է, որ հիմնական ընդդիմությու­նը դուրս է եկել երկրից, լքել է Երկիրը»,- ասաց Քլոյանը՝ հավելելով, որ շատ քիչ մարդ է մնացել երկրում, որ գնալու տեղ չունի, աշխատանք չունի, նրանք էլ ընտ­րել են 10 հազարով վաճառվելու տարբե­րակը:

«Հիմա երկրում ընդդիմություն չկա: Իսկ պայքարող ընդդիմությունն էլ հեռացավ երկրից, որովհետև չէր ցան­կանում այլևս, որ իր զավակները զոհ­վեն, աշխատանք չունեին, բացի այդ, գնացել են իրենց համար մի կտոր հաց վաստակեն»,- եզրափակեց Քլոյանը: Մարտի 1-ի զոհերից Տիգրան Խաչատ­րյանի մայրը՝ Ալլա Հովհաննիսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ համակարծիք է Մուշեղ Սաղաթելյանի կոչի հետ: «Ես հի­մա ասում եմ և տեսնում եմ, որ 2008-ին մարդիկ կային, ովքեր կանգնած էին Ազատության հրապարակի հարթակում և ղեկավարում էին շարժումը, այսօր պաշտոն են ստացել: Եվ հիմա ինձ շատ հետաքրքիր է, թե 2018 թվականի մար­տի 1-ին նրանք որտեղ են լինելու: Էն մարղիկ, ովքեր 2008-ին կոչ էին անում ժողովրդին իշխանություններից ազատ­վել, իսկ հիմա պաշտոնի են, 2018-ին կանգնելո՞ւ են Մարտի 1 ֊ի զոհերի հիշա­տակի առաջ: Ինձ շատ հետաքրքիր է այդ հարցը»,- ասաց տիկին Հովհաննի­սյանը՝ հավելելով, որ ընդդիմադիր ուժե­րը պետք է մի կողմ դնեն իրենց ներքին հակասությունները և համախմբված դուրս գան պայքարի:

«Ես հասկանում Եմ, որ Մուշեղ Սաղաթելյանի կոչը փորձ է ինչ-որ տեղ նաև համախմբելու ժողովրդին և ընդդիմա­դիր ուժերին: Ես հասկանում եմ նաև, որ ժողովուրդը, երբ մի կտոր հացի խնդիր ունի, նրան այլևս ոչ մի բան չի հետաքրքրում: Բայց Մարտի 1 ֊ի զոհերի 10 տարին հենց այն առիթը պետք է լինի, որը ժողովրդին դուրս կհանի փողոց և կդրդի պայքարի: Այս տարի հենց լրատվամիջոցները իրենց հրապարակումնե­րով պետք է անհանգստացնեն եվրո­պական կառույցներին, եվրոպական դատարանին, որպեսզի նրանք ստիպեն իշխանություններին չքնացնել Մարտի 1-ի գործը»,- ասաց տիկին Հովհաննի­սյանը՝ հավելելով, որ 2018 թվականի մարտի 1-ը կտա մի շարք հարցերի պա­տասխաններ: Պարզ կլինի, թե ով է ընդ­դիմադիր ուժը, ով՝ իշխանամետ:

«Ես հիմա երկրից դուրս եմ, հինգ տարի է չեմ կարողանում իմ տղային այցելել, բայց այն, որ հիմա հեռուստացույց չեմ միացնում, Սերժի դեմքը չեմ տեսնում, ինձ ինչ-որ տեղ բավարարում է: Ես հիմա հասկանում եմ, որ եթե այդ 5 տարին Հայաստանում լինեի, իմ վիճակն ավելի ծանր կլիներ: Ես Սերժի ղեկավարած հանցագործ իշխանություններից ոչ մի լավ բան չեմ սպասում և հասկանում եմ նաև ժողովրդի հիասթափությունը: Բայց հիմա ընդդիմադիր խաղալու ժա­մանակը չի: Հիմա պետք է միավորվել և պայքարել»,- եզրափակեց Ալլա Հովհան­նիսյանը:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս