loader
«Ժողովուրդ». Երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի

«Ժողովուրդ». Երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի

Հայաստանում նոր, ընդ որում, վտանգավոր ավանդույթ է ձևավորվում, երբ ժողովրդավարությունը սպառնում է վերածվել անարխիայի: Մարդիկ այս օրերին փորձում են իրենց խնդիրների լուծմանը հասնել փողոցներ փակելու, այդպես երթևեկությունը կաթվածահար անելու միջոցով:

ՀՀ քաղաքացիներն այսօր բողոքի ակցիաներին կիրառում են նույն այն մեթոդները, ինչ ՀՀ նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գործածում էր ՀՀԿ-ի դեմ ու հասավ հաղթանակի: Բայց եթե Նիկոլ Փաշինյանի ղեկավարած համաժողովրդական շարժման դեպքում պայքարի նման միջոցը միանգամայն բնական էր, քանի որ օրակարգում կարևորագույն քաղաքական պահանջ էր դրված՝ Սերժ Սարգսյանի հրաժարական և արտահերթ ընտրությունների անցկացում, բացի այդ, սա իսկապես համազգային պահանջ էր, ապա հիմա նման մեթոդ կիրառել իրեն թույլ է տալիս ցանկացած մեկը:

Սա, համաձայնեք, մեղմ ասած, «սիրուն չի»: Իհարկե, կարելի է հասկանալ մարդկանց, երբ վերջապես զգացել են փոփոխությունների շունչը, կարող են ցանկացած հարցի վերաբերյալ ազատ անհամաձայնություն հայտնել, առանց վախենալու հետապնդումներից, բռնությունների ենթարկվելուց: Բայց մյուս կողմից այս ամենը կարող է հանգեցնել ամբոխավարության, երբ արդեն փորձում են անգամ վարչապետ Փաշինյանին իրենց որոշումները թելադրել, ստիպել, որ իրենց ուզածով շարժվի:

Իսկապես, ժողովրդավարության և ամբոխավարության, ազատության և ամենաթողության սահմանագիծը շատ նուրբ է, և գործող իշխանությունը պետք է հետևի, որ վտանգավոր գիծը չանցնենք, այլապես նոր կառավարությունը կարող է դառնալ իր իսկ գործածած մեթոդների զոհը, մանավանդ, երբ իշխանական լծակները պահպանող ՀՀԿ-ն փորձում է ամեն քայլափոխի աննկատ քայլերով անհարմար դրության մեջ դնել նորանշանակ վարչապետին ու նրա կառավարությանը` նաև վարկաբեկելով ժամանակին նրանց գործածած մեթոդները:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս