loader
«Ժողովուրդ». Ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

«Ժողովուրդ». Ինչո՞ւ է լռում Արմեն Սարգսյանը

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ հանրահավաքներին ոստիկանությունը մի քանի օր շարունակ փորձում էր չմիջամտել, անգամ այն բանից հետո, երբ ցուցարարները փակել էին մայրաքաղաքի հիմնական փողոցները` կաթվածահար անելով երթևկությունը: Բայց երեկ այն բանից հետո, երբ ցուցարարները ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, ՔՊ անդամ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պատգամավորների հետ փորձեցին բարձրանալ դեպի ԱԺ, ոստիկանները ոչ միայն փակեցին ճանապարհը, այլև կարճ ժամանակ անց տեղի ունեցան բախումներ: Ավելին` ոստիկանները հավաքված բազմահազարանոց բազմության վրա ձայնային նռնակներ կիրառեցին` մարմնական վնասվածքներ հասցնելով 46 հոգու, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանին, լրագրողների, անգամ իրենց գործընկեր ոստիկանների (ընդ որում, ոստիկանը ոստիկանին մարմնական վնասվածք հասցրեց իրենց մասնագիտական տոնի օրը): Ու պետք է արձանագրենք, որ իշխանությունների համար այդպես էլ դաս չեղավ տասը տարի առաջ Երևանի կենտրոնում մարտի 1-ի սպանդը, երբ ոստիկանների կիրառած հատուկ միջոցներից՝ «Չերյոմուխա 7»-ից, զոհվեցին մարդիկ: Երեկ նրանք կիրառում էին նույն հատուկ միջոցները և մարմնական վնասվածք հասցնում մարդկանց:

Ու հիմա ՀՀ գլխավոր դատախազությունը ընդդիմադիրների գործողությունների կապակցությամբ քրեական գործ հարուցելու փոխարեն ճիշտ կաներ` նախ և առաջ քննության առարկա դարձներ ոստիկանների արարքը, նրանց օգտագործած հատուկ միջոցների իրավաչափությունն ու գործածման եղանակը: Մեկ փաստ էլ. չնայած մայրաքաղաքում արդեն մի քանի օր է՝ շուրջօրյա ցույցեր են, իսկ երեկ եղան բախումներ, սակայն համառ լռություն է պահպանում ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը: Նա որևէ կերպ չի անդրադարձել այս ամենին, մինչդեռ ոչ վաղ անցյալում Արմեն Սարգսյանը հայտարարել էր. «Փորձելու եմ լինել ոչ միայն խորհրդարանի, այլև Հայաստանի քաղաքացիների նախագահը»: Բայց պարզվում է` նա չդիմացավ առաջին իսկ փորձությանը` իրեն դրսևորելով որպես իշխող մեծամասնության նախագահ: 

Ամբողջական՝ թերթի օրվա համարում
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս