loader
«Ժողովուրդ». Օլեգ Պահոլկով․ Վլադիմիր Պուտինի համար ամենավատ սցենարը

«Ժողովուրդ». Օլեգ Պահոլկով․ Վլադիմիր Պուտինի համար ամենավատ սցենարը

Ինչ տրամադրություններ են Ռուսաստանում, ինչպես են տրամադր­ված քաղաքացիները, և ինչ շանսեր ու­նեն թեկնածուներից յուրաքանչյուրը: Այս և այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրա­թերթը զրուցել է ռուս քաղաքական գործիչ Օլեգ Պահոլկովի հետ:

֊ Պարոն Պահոլկով, մեկ ամսից քիչ ժա­մանակ է մնացել ՌԴ նախագահի ընտրու­թյուններին: Ինչպիսի՞ իրավիճակ է այժմ ՌԴ-ում և ի՞նչ քաղաքական փոփոխու­թյուններ կարող ենք սպասել:

֊ Սոցիալական ծանրաբեռնվածությու­նը, բողոքները մեր հասարակությունում մեծանում են: Ցանկացած երկրում մեծ ռիսկ է, նույնիսկ Վլադիմիր Պուտինի նման թեկնածու լինելով գնալ նախագա­հական ընտրությունների: Այսօր ընտրա­զանգվածն ակտիվ է, հասարակությունում տրամադրություններ են փոխվում, և դա ակնհայտ է, չնայած նրան, որ Վլադիմիր Պուտինը ռեալ մրցակից չունի:

- Դուք նշեցիք, թե ՌԴ-ում տրամադրու­թյան փոփոխություն է առկա: Ո՞րն է պատճառը:

֊ Այս փոփոխությունների հարցում թեկ­նածուներն այնքան էլ դերակատարում չունեն: Պատճառը սոցիալական ցանցե­րում տիրող տեղեկատվական հոսքն է, տարբեր տեսանյութերի հրապարակումը: Եվ սոցիալական ցանցերում առկա տեղե­կատվությունն այն առումով է հետաքր­քիր, որ ոչ միշտ կարող ես այնտեղ ճշ­մարտություն գտնել: Այժմ ՌԴ-ում սոցիա­լական ցանցերը մեծ դեր են կատարում շատ առումներով:

֊ Իսկ ինչպիսի՞ն են ՌԴ նախագահի թեկ­նածուները: Վլադիմիր Պուտինն իրական մրցակից ունի՞:

֊ Ամենալուրջ մրցակից կարող ենք հա­մարել կոմունիստ Գրուդինին: Այժմ նրան ուժեղ մրցակից կարող ենք համարել: Առաջադրված են նաև Քսենիա Սոբչակը, ով լիբերալ տեսակետներ է արտահայ­տում, և ավանդական Ժիրինովսկին: Եթե խոսում ենք հիմնական խաղացող կեր­պարների մասին, ապա կարող ենք առանձնացնել նաև Տիտովին, ով ներկա­յացնում է մեր երկրի գործարար թևը: Սա­կայն այս թեկնածուին ինքնուրույն ֆիգուր չեն համարում: Ամենավառ թեկնածուներից, ինչպես ասացի, Գրուդինինն է, քանի որ կոմունիստների հանդեպ իսկապես առկա է հետաքրքրություն: Իհարկե, ակն­հայտ է, որ ամեն դեպքում հենց Վլադիմիր Պուտինն է վերընտրվելու ՌԴ նախագահ, սակայն հարցն այն է, թե նա ընտրողների ձայների քանի տոկոսը կհավաքի: Այ­սինքն՝ դա կլինի՞ համընդհանուր հաղթա­նակ, թե՞ ոչ: Այսինքն՝ նա այդ 8 թեկնածու­ների մեջ արդյո՞ք կկարողանա բացար­ձակ հաղթանակ տանել առաջին փուլում, թե ոչ, կամ ազգաբնակչությունը մեծ թվով կմասնակցի՞ ընտրություններին, թե՞ մաս­նակիցների թիվը ընդամենը 40 տոկոս կկազմի, և նրանց 60 տոկոսը, օրինակ, կքվեարկի Պուտինի օգտին: Սա, ի դեպ, ամենավատ սցենարն է, որ կարող է տեղի ունենալ, և սա կարող է խոսել հասարա­կության կողմից վստահության պակասի մասին: Եթե այդպիսի բան տեղի ունենա, կպարտվի ոչ թե միայն Վլադիմիր Պուտինը, այլև իր ամբողջ թիմը: Ամենամեծ հարցն էլ հենց այդ է՝ որքանով քաղաքա­ցիները կմասնակցեն ընտրություններին, սակայն որքան գնում, հետաքրքրությունն այնքան մեծանում է: Շատերը մտածում են՝ ինչու բարձրանամ բազմոցից, միևնույն է՝ ամեն ինչ էլ պարզ է:

֊ Հետաքրքիր է, որ Վլադիմիր Պուտինը կրկին ինքնաառաջադրվել է, այլ ոչ թե իշ­խող կուսակցությունն է առաջադրել: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ նա կրկին այդպիսի որոշում կայացրեց:

- Նա միշտ էլ այդպես է վարվել և իրեն երբեք չի կապել կուսակցության կապե­րով: Նա միշտ կողքից է հետևել կուսակ­ցական զարգացումներին: Այս կերպ Վլա­դիմիր Պուտինը ցանկանում է ցույց տալ, թե նա ամբողջ ռուսների նախագահն է: Նա չի ցանկանում լինել քաղաքական կուսակցություններից որևէ մեկում:

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս