«Ժողովուրդ» օրաթերթը Հայաստանում ծավալված իրադարձությունների շուրջ զրուցել է Պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Վահան Շիրխանյանի հետ:
Մարտի մեկի քրեական գործով քննչական նոր գործողություններին ինչպե՞ս եք վերաբերվում, մասնավորապես, Քոչարյանի նկատմամբ մեղադրանք առաջադրելը: Այս գործընթացը որքանո՞վ է հիմնավոր:
Մարտի 1-ը Հայաստանում պետական ահաբեկչության միջոցով իշխանությունը պահելու տալոնային նմուշ է: Երկրորդ և երրորդ ապօրինի նախագահերը հաճախ են դիմել ահաբեկչության օգնությանը՝ զուգահեռաբար օգտագործելով նաև Արցախյան խնդիրը որպես շանտաժի գործիք: Դրանք բոլորը ուղեկցվել են Մարդու իրավունքների և Սահմանադրական պահանջների վրա պազապես թքելով:
Այնպես որ, ամեն ինչ ճիշտ է արվում: Քոչարյանից պետք է պահանջել նաև բացատրություններ բազմաթիվ հանցավոր սեփականաշնորհումների համար, հատկապես «Հայոսկու», «Կոնյակի գործարանի» և «Արմենտելի» մասով:
Մարտի 1-ի պատասխանատուների ցանկը միայն Քոչարյանով է սահմանափակվելու, թե՞ ոչ:
Մարտի մեկում առավելագույն մասնակցությունը նրա կազմակերպման, իրականացման, իսկ այնուհետպարտակման գործում ունեցել է Սերժ Սարգսյանը: Զորքերի տեղաշարժը Արարատից, Արմավիրից և Վանաձորից իրականացվել է նրա հրամանով: Այստեղ իրենց պատասխանատվության բաժինը ունեն Անվտանգության խորհրդի անդամները, ԱԺ, ԱԱԾ, Ոստիկանության ղեկավարներ, Ռազմական ոստիկանությունը, օլիգարխների թիկնապահական հանցախմբերը:
Շատերը նաև հոկտեմբերի 27-ի գործի վերաբացման պահանջ են դնում: Սրան հասնելը որքանո՞վ է հնարավոր:
Եթե մարտի մեկը նախ պետք էր Սերժին, հետո միայն Ռոբերտին, ապա հոկտեմբերի 27-ը պետք էր նախ Ռոբերտին, հետո միայն Սերժին: Այն վճռականությունը, որին ականատես ենք ի դեմս վարչապետի, լուրջ հիմքեր է տալիս հուսալու, որ կբացահայտվի նաև հոկտեմբերի 27-ի ազգադավ հանցագործությունը:
2015 թվականին Նորք-Մարաշում հայտնաբերված հանցավոր խմբի գործով Ձեզ մեղադրանք առաջադրելը, կալանքի տակ պահելը որքանո՞վ է հիմնավոր, և Դուք ինչ կապ եք ունեցել խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ: Ավելին՝ եթե սա շինծու քրեական գործ է Ձեր դեմ, ապա ինչ նպատակ է այն հետապնդել:
Սա պետական ահաբեկչության հերթական դրսևորում էր, որի նպատակը սահմանադրական հանրաքվեի նախօրեին հասարակությանը ահաբեկելն էր, ակտիվ դիմադրությունը ջարդելն էր: Երբ ինձ առաջադրեցին մեղադրանք սահմանադրական կարգի տապալման փորձի մեջ, Սահմանադրական կարգը հերթական անգամ և հիմնավորապես տապալել էր Սերժը` հիմնովին կեղծելով հանրաքվեի արդյունքները:
Արթուր Վարդանյանը ինձ ներկայացել է որպես զոհված ազատամարտիկի որդի, և ես նրան ուշադիր լսել եմ, ինչը կանեի ցանկացած մեկ այլ զոհված ազատամարտիկի զավակի դեպքում: Այս գործը Սերժին հաճոյանալու ծառայամտության պոռնկացման վերին աստիճանի նմուշ է, երբ քրեականացվել է նույնիսկ Սպարապետի շիրիմի մոտ նկարվելը կամ պարզապես ազատամարտիկ լինելը: Գործի 35 հատորները, դատավարության ընթացքը և մթնոլորտը լցված են թույնով ազատամարտիկների դեմ: Հաղթանակում մեծ վաստակ ունեցող Վովա Առաքելյանին և Խաչիկ Ավետիսյանին շարունակում են պահել կալանքի տակ՝ արհամարհելով օրենքը և նրանց առողջական վիճակը: Սա Գորիկ Հակոբյանի ԱԱԾ-ի քննչական, մարդկային, բարոյական խղճուկ պատկերի արտացոլումն է:
Ամբողջական՝ թերթի օրվա համարում