loader
«Ժողովուրդ». Վլադիմիր Կազիմիրով․ Արցախը պետք է բանակցությունների սուբյեկտ լինի

«Ժողովուրդ». Վլադիմիր Կազիմիրով․ Արցախը պետք է բանակցությունների սուբյեկտ լինի

«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է հայտնի դիվանագետ Վլադիմիր Կազիմիրովի հետ։

- Պարոն Կազիմիրով, պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ Դուք Հա­յաստանում հանդիպել եք ՀՀ առաջին նա­խագահ Լևոն Տեր-Պետրոսյանին։ Ի՞նչ հարցեր եք քննարկել։

- Այո՛, հանդիպել եմ և ոչ միայն նրան, այլ նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

- Ամեն դեպքում, պաշտոնական հաղորդագրությունից պարզ դարձավ, որ առա­ջին նախագահի հետ հանդիպմանն անդ­րադարձ է կատարվել հենց Ղարաբաղյան կարգավորման հարցին։

- Դրանք սիմվոլիկ հանդիպումներ են եղել և ոչ մի գործնական ծրագրեր կամ այլ քայլեր չեն ենթադրում։ Հանդիպ­ման ժամանակ, իհարկե, այդ թեմային անդրադարձ եղել է, վերհիշել ենք տա­րիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները։

- Ներկայիս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե Արցախը պետք է վերադառնա բանակցությունների սեղա­նին։ Ներկայիս փուլում որքանո՞վ եք դա հնարավոր համարում։

- Դուք գիտեք, որ այդպիսի մտքեր առաջին անգամ չեն հնչում Հայաստանի ղեկա­վարության կողմից։ Ռուսաստանն ի սկզբանե՝ սկսած կոնֆլիկտի ծագման սկզ­բից, հանդես էր գալիս որպես հանդի­պումների ստանդարտ ձևաչափի կողմ­նակից, այսինքն՝ եռակողմ՝ Հայաստան, Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջան։ Այդ պատճառով էլ Ռուսաստանն իր միջնոր­դական առաքելությունն իրականացնելու հենց սկզբից եռակողմ ֆորմատի կողմնա­կիցն էր, իսկ արևմտյան երկրներն ավելի շատ կողմ էին երկկողմ բանակցություն­ներին։ Այնպես որ բանակցությունները մինչ այն պահը, երբ անցկացվում էին ՌԴ-ի միջնորդությամբ, եռակողմ են եղել։ Եվ իսկապես այդպես ավելի ճիշտ է։ Այդ հարցերը պետք է կարգավորվեն բոլոր կողմերի համաձայնության պարագայում, այդ թվում՝ Մինսկի խմբի ներկայիս ան­դամների պարագայում։ Այն ժամանակ հենց այդ խմբի անդամների սխալն է եղել եռակողմ ֆորմատի կասեցումը։ Նրանք պարզապես ընտրեցին տարածաշրջան այցելելու դիվանագիտությունը։ Իհարկե, դա ևս էֆեկտիվ միջոց է, քանի որ տա­րածաշրջան այցելելը շատ բան տեսնելու հնարավորություն է տվել, սակայն դա չի կարող փոխարինել Եռակողմ ֆորմատին։

֊ Առհասարակ, իշխանափոխությունն ինչպե՞ս է անդրադառնում այսպիսի հա­կամարտությունների վրա։ Այս առումով, ըստ ձեզ, կարո՞ղ ենք փոփոխություններ ակնկալել։

- Դա, իհարկե, կախված է բոլոր երեք կողմերից։ Մինսկի խմբի անդամները պետք է գտնեն այնպիսի տարբերակ, որը ընդունելի կլինի, գտնեն փոխզիջումային տարբերակներ, իսկ վերջում պետք է եզրահանգումներ և որոշումներ կատարեն անձամբ կոնֆլիկտի կողմերը։ Եվ պետք է այդ հարցում ունենալ բոլոր երեք կողմերի համաձայնությունը։ Ես վստահ եմ, որ երեք կողմերի համաձայ­նության դեպքում կարելի է վերադառ­նալ եռակողմ ֆորմատին, և համանախագահները դրան դեմ չեն լինի։

- Իսկ Նիկոլ Փաշինյանի տեսլականի շուրջ ինչպիսի՞ տեսակետ ունեք։

- Նիկոլ Փաշինյանը ընդունում և հաս­կանում է այս հարցում հենց Արցախի դե­րակատարման կարևորությունը։ Իհար­կե, Լեռնային Ղարաբաղն այս կոնֆլիկտի սիրտն է, հենց գլխավոր հարցն էլ նրա ապագան է։ Հենց Արցախի կարգավիճա­կի և ճակատագրի հարցն է կոնֆլիկտի գլխավոր կողմը։ Եվ այդ պայմաններում ես կարող եմ ասել, որ Լեռնային Ղարաբաղը չի կարող միայն կոնֆլիկտի օբյեկտ լի­նել, նա պետք է նաև բանակցություննե­րի սուբյեկտ լինի, քանի որ ի վերջո հենց իր ճակատագիրն է որոշվում։ Դա իմ անձնական մոտեցումն է։

Ամբողջական՝ թերթի օրվա համարում

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս