loader
Ալեն Սիմոնյանի առաջարկությունները հեղափոխության պահանջ չեն

Ալեն Սիմոնյանի առաջարկությունները հեղափոխության պահանջ չեն

Հակաիշխանական քարոզչության մեծ փորձ ունեցող հակահեղափոխականներն անասելի ակտիվացել են իրենց սև քարոզչություններով, օտվելով իշխանությունների առանձին ներկայացուցիչների անփորձությունից: Քաղաքական իրավիճակը հիշեցնում է 90-ականները, երբ դաշնակներն ու Վազգեն Մանուկյանն իր թիմակիցներով սև քարոզչությամբ էին զբաղվում՝ Լևոն Տեր-Պետրոսյանի արտահայտած ամեն մի միտք նենգափոխելով մատուցում էին հանրությանը և հիմնականում շահարկում էին Ղարաբաղի հարցի լուծումը, թե Լևոն Տեր-Պետրոսյանը Ղարաբաղը ծախում է:

Հակաքարոզչությունն այն աստիճանի էին արմատավորել, որ մինչև հիմա քիչ չեն նրանք, ովքեր հաղթանակած պատերազմի տարիները համարում են «ցրտի ու մթի» տարիներ: Հիմա էլ է նույնը: Հիմա ոնց-որ թե ավելի կատաղի են սկսել, ունեն մեծ ռեսուրսներ: Ինչպես նշեց Նիկոլ Փաշինյանը, լրատվական դաշտի 90 տոկոսը իրենցն է: Նոր իշխանությունների դեմ սև քարոզչությամբ են զբաղված գրեթե նույն 90-ականների ուժերը գումարած նախկին երիտհանրապետականներն ու ֆեյսբուքյան ֆեյք օգտատերերը: Դե Ղարաբաղի հարցը կա ու կա: Նիկոլ Փաշինյանը հողերը հանձնում է:

Ունենալով նախկինի դառը փորձը, թե ինչի կարող է հասցենել սև քարոզչությունը, նոր իշխանությունները պիտի շատ զգույշ լինեն: Իհարկե, ասել թե այս պահին հակաեղափոխականները կունենան հաջողությունը իրատեսական չի լինի, շատ պարզ պատճառով, որ չկա ձևավորված ընդիմություն, իսկ հանրապետականերնն այդ դերին հավակնել չեն կարող, հանրությունն այլևս նրանց թույլ չի տա վերդառնալ իշխանության:

Այսուհանդերձ հակաքարոզչությունն իր սև գործը կանի, բայց կարծես թե նոր իշխանություններին էդքան էլ չի անհանգստացնում:

Երկու օր առաջ հրապարակեցին կառավարության ծրագրի նախագիծը և ոչ մի խոսք չկա ո՜չ անցումային արդարադատություն, ո՜չ սահմանադրական փոփոխությունների մասին, որոնք հեղափոխության պահանջ էին:

Լավ, մինչև ԱԺ ընտրությունները օրենսդիր մարմնում մեծամասնություն չունեին, կառավարությունը ժամանակավոր էր, իսկ հիմա ի՞նչն է խանգարում, որ համակարգային փոփոխություներ չեն անում: Առանց համակարգային փոփոխության միայն անձերի փոփոխությունով ոչինչ չի ստացվի: Ապացույցը՝ հայտնի պարգևատրումները, երբ վարչապետն ու քաղաքապետը հրաժարվել էին պարգևատրումներից, իսկ նախարարներն ու մարզպետները դատարկ բյուջեից իրենք իրենց աստղաբաշխական գումարներով պարգևատրեցին, ինչը հարկատուներիս արդար զայրույթն էր առաջացրել: Մի քանի նմանատիպ դեպքեր և հեղափոխության արժեզրկումը տեխնիկայի հարց կլինի:

Աստված մի արասցե հեղափոխությունը պարտություն կրի, դա երկրի կործանում կնշանակի: Հեղափոխության հիմնական պահանջը նախկինների մերժումն էր և սոցիալական անարդարությունը: Նոր իշխանություները հիմնական հեղափոխության պահանջները թողած ինչ-որ երկրորդական հարցերով են զբաղված: Փոխանակ հեղափոխության պահանջներից սկսեն և համակարգային փոփոխություններ անեն, որ այլևս տեղ չունենա նախկինների արատավոր գործելակերպը և իրենք էլ հղում չանեն օրենքի տառին ու իրենք իրենց չպարգևատրեն, տարատեսակ այլ ճոխություններից չօգտվեն ԱԺ փոխխոսնակի մակարդակով հայտարարում են, թե հիմն են ուզում փոխել ու դրոշի վրա էլ խաչ են նկարելու:

Ալեն Սիմոնյանը հեղափոխության արդյունքում է փոխխոսնակ դարձել և պիտի կատարի հեղափոխության պահանջները:

Հեղափոխականները նրան չեն հանձնարարել, որ հիմնը փոխի ու դրոշի վրա էլ խաչ նկարի, նախկին իշխանության հիմնասյուներից մեկին՝ Կոստանյան Գևորգին էլ վերադարձնի իրավական համակարգ: Եթե Գևորգ Կոստանյանի պարագայում Ալեն Սիմոնյանի հիմնավորումը այն է, թե Կոստանյանը փորձառու իրավաբան է, ապա Վլադիմիր Գասպարյանն էլ պակաս փորձառություն չունի, այսպես թե այնպես ոստիկանական համակարգում միայն ոստիկանի փոփոխությունով ոչինչ չի փոխվել: Հեղափոխությունը մերժել է նախկիններին: Անլուրջ վերաբերմունք է: Հեղափոխության արժեզրկում է:

Նոր իշխանություններին անհնար է հասկանալ, մերժվածների կարկառուններին պաշտոն են տալիս, ովքեր որ 20 տարի պայքարել են կոռումպացված համակարգի դեմ պաշտոն չեն ստանում: Կոռուպցիայի դեմ պայքարն էլ արդյունավետ չէ: Հարևան հանրապետությունում, որ Սաակաշվիլին հեղափոխության արդյունքում իշխանության հասավ և կոռուպցիայի դեմ պայքարում կարճ ժամանակում հաջողության արձանագրեց՝ բարեփոխումներ սկսեց առողջապահական և ոստիկանական համակարգերից և ոստիկանության 70-80 տոկոսը նոր կադրերով համալրեց: Մեզ մոտ առողջապահությունում բարեփոխումները նկատելի են, իսկ ոստիկանությունը մնացել է նախկինը: Հանրությունը դժգոհ է, որ նախկին կոռուպցիոներները պատասխանատվության չեն ենթարկվում, մեղադրյալներին բռնում-բաց են թողնում: Նույնիսկ իրենք՝ նախկին իշխանության ներկայացուցիչներն են ասում, որ եթե եղել է կոռուպցիա, ապա ինչու՞ ոչ մեկը չի պատժվել: Ենթադրվում է, որ դատաիրավական համակարգում դեռ հեղափոխություն չի եղել: Իսկ առանց դատաիրավական համակարգի բարեփոխման հեղափոխությունը չի կարող հաջողություն արձանագրել: 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս