loader
Ամրագրենք հեղափոխության հաղթանակը

Ամրագրենք հեղափոխության հաղթանակը

Հաշված ժամեր են մնացել ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավի ավարտին: Քարոզարշավ, որ ոչինչ չտվեց շարքային ընտրողին: Քարոզարշավը միանգամայն այլ բովանդակություն կունենար եթե ԸՕ-ի փոփոխությունները լինեին:

Երբ հայտնի դարձավ,որ ՀՀԿ-ն մասնակցելու է ընտրապայքարին, արդեն պարզ էր, որ պայքարելու են «սևերը» և «սպիտակները»: Այդպես էլ քարոզարշավի ողջ ընթացքում բացակայեց քաղաքական բաղադրիչը և  ծրագրերի քննարկում տեղի չունեցավ: Ընտրողին անհայտ է, թե առաջիկա հինգ տարիներին երկիրը ինչ օրակարգով է շարժվելու: Եվ վերջապես, երկրի համար կարևոր նշանակություն ունեցող Արցախի հարցի լուծման համար տեսակետ չհայտնեցին, ոչ ՀՀԿ-ն, ոչ Իմ քայլը և  ոչ էլ մնացյալ ուժերը:

Ախր ո՞նց խոսեն Արցախի խնդրի կարգավորման մասին, եթե անկեղծ լինեն պիտի համաձայն լինեն փոխզիջման հետ, ինչը նախընտրական շրջանում հակացուցված է, և ընդհանրապես պոպուլիզմը թույլ չի տալիս փոխզիջմանը կողմնակից լինել:  

Ընտրողներից շատերի համար անհասկանալի է, թե ինչու՞ պետք է ժողովրդի կողմից մերժված ուժը պայքարի, բացառապես ժողովրդի կողմից իշխանության եկած ուժի հետ, և խորհրդարանում հավակնի  արմատական ընդդիմադիրի դերին: Ինչպես որ սպասվում էր պայքարն ընթանում էր ՀՀԿ-ի և Իմ քայլը դաշինքի միջև՝ փոխադարձ վիրավորանքներով, վիրավորանքներն այն աստիճանի հասան,որ  Արարատ Միրզոյանը ՀՀԿ-ն անվանեց «հանցագործների բանդա»,  իսկ ՀՀԿ խոսնակ Շարմազանովն էլ ֆեյսբուքյան եթերում հայտարարել է. «Վարչապետն ի՞նչ է, Հայաստանը ուզում է սարքի 30-ականների Գերմանիան, ինքը ուզում է դառնալ Հիտլերը, ԱԱԾ-ն էլ՝ Գեստապոն: Հերիք է, ասելիք չունեք, ուրեմն լռեք»: Պատկերացնու՞մ եք, ժողովրդի կողմից իշխանության եկած ուժին, ժողովրդի կողմից մերժված ուժի ներկայացուցիչը համարձակություն ունի լռեցնելու և համեմատելու Հիտլերի հետ:

Արդար լինելու համար արձանագրենք, որ այստեղ մեղքի բաժին ունի հեղափոխության առաջնորդը: Մերժվածները մինչև ԸՕ-ի փոփոխությունների տապալումը  իրենց մասնակցության մասին նույնիսկ չէին բարձրաձայնում: Հետաքրքիր է, եթե ԸՕ-ում փոփոխություն չէր լինելու, ապա ի՞նչն էր պատճառը, որ ԱԺ արտահերթը տեղի չունեցավ շատ ավելի շուտ և ութ ամիս ձգվեց, և եթե ընտրությունները լինեին  շատ ավելի շուտ հաստատ մերժվածները չէին մասնակցելու, նույնիսկ  չփոփոխված ԸՕ-ով:

Անհասկանալի էր նաև  նախկին իշխանությունների հիմնասյուն հանդիսացող ոստիկանապետի առաջին տեղակալ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում, իսկ  սյունեցիները  շատ արագ արձագանքեցին և քաղաքապետի ընտրություներում մերժեցին ՔՊ-ի թեկնածուին, ինչը մեծ ոգևորություն առաջացրեց հակահեղափոխականների շրջանում:

Ո՞վ է տեսել,աշխարհի ո՞ր երկրում  են  հեղափոխությունը ավարտին չհասցրած բարիկադները քանդել: Բարիկադները քանդելուց հետո դարձյալ հեղափոխություն է, արդեն ԱԺ արտահերթի տեսքով:  Հեղափոխությունն ունի իր կանոները, հեղափոխությունն էվոլյուցիա չի սիրում: Ութ ամիս անց դարձյալ հեղափոխություն է, ժողովուրդը պիտի պայքարի, որ հակահեղափոխականները մուտք չունենան ԱԺ:  Եվ եթե անցողիկ շեմը հաղթահարելով ՀՀԿ-ն անցնի խորհրդարան, ապա դա լինելու ոչ թե վտանգ իշխանությանն, այլ հեղափոխությունն է պարտություն արձանագրելու: Սևերը ռևանշի են ձգտելու, ինչը կործանարար է լինելու:

Իհարկե,  ունեցանք նաև շատ կարևոր ձեռքբերում՝ ընտրություններում ՀՀ քաղաքացու ձայնը  որոշիչ է լինելու, լավ թե վատ մեր ընտրությունն է լինելու: Հուսանք, որ ընտրողի հիշողությունը կարճ չէ, և ընտրատեղամաս մտնելուց առաջ հիշելու է  ԲՀԿ, ՀՅԴ, ՕԵԿ  հետագայում  նաև ԼՀ, որոնք տարիներ շարունակ «ընդդիմադիր» են աշխատել և 2008-ի արյունոտ մարտի  1-ից հետո կոալիցիա  են կազմել (բացառությամբ ԼՀ) ՀՀԿ-ի  հետ:

Ինչքան էլ քննադատենք Նիկոլ Փաշինյանին, քվեարկելու ենք Իմ քայլը դաշինքի  օգտին: Իմ քայլը դաշինքը լիակատար իշխանության հասնելով շատ ավելի մեծ պատասխանատվություն է ունենալու ընտրողի առջև, և քննադատությունն էլ քչություն չի անելու: Ինչը մերժվածների դեպքում անհնար էր:

Քվեարկենք Իմ քայլը դաշինքի օգտին և ամրագրենք հեղափոխության հաղթանակը:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս