loader
Առանց սեթևեթելու, առանց պոպուլիզմի պետք է ճշմարտությունն ասել

Առանց սեթևեթելու, առանց պոպուլիզմի պետք է ճշմարտությունն ասել

Օրեր առաջ Նիկոլ Փաշինյանը ԵՊՀ Տնտեսագիտության և կառավարման ֆակուլտետի դասախոսների և ուսանողների հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղի խնդրի կարգավորման համար ուշագրավ հայտարարություն է արել, որ բանակցությունների գնալուց ինքը խնդրի լուծման իր պատկերացումն ունի և ասել է. «Բնականաբար ունեմ, բայց ես չեմ ուզում դա լինի իմ պատկերացումը, որովհետև ես շարունակում եմ մնալ այն կարծիքին, որ Ղարաբաղի հարցի լուծողը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ, ոչ մի կառավարություն չի: Ղարաբաղի հարցի ամբողջ սեփականատերը հայ ժողովուրդն է: Եվ ամբողջ հայ ժողովուրդը պետք է հստակ պատկերացնի, թե այդ հարցի հետ ինչ պետք է լինի: Եվ մենք մի մեծագույն սխալ ենք գործել Երրորդ հանրապետության ողջ պատմության ընթացքում: Մենք փոխանակ ասենք՝ Ղարաբաղի հարցի լուծման տարբերակները պետք է լինեն մեր նախընտրական քննարկումների, բանավեճերի առանցքային դրույթներից մեկը, մենք հակառակն ենք արել, ասել ենք, որ եկեք Ղարաբաղի մասին չխոսենք: Դրա համար ձևավորվել է այս կասկածի մթնոլորտը»,- նկատել է վարչապետը:

Անհնար է առարկել Նիկոլ Փաշինյանին: Բայց անկեղծության պահանջ է, որ Փաշինյանը հիշեր ոչ հեռավոր 2017թ ընտրությունները: Ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանը չի հիշում: Վերհիշենք: 2017թ ընտրությունների ժամանակ Լևոն Տեր-Պետրոսյանը մանրամասն ներկայացրեց Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման իր ղեկավարած ՀԱԿ-ի մոտեցումը և հայտարարեց, որ «Ղարաբաղի հարցը հայ ժողովրդի գերագույն խնդիրն է»: Այն ժամանակ ընտրարշավին մասնակից քաղաքական ուժերը, այդ թվում նաև ԵԼՔ դաշինքը Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման մասին չէին խոսում և նախընտրական ծրագրերում առանցքային դրույթ չէին դարձնում: Եթե անկեղծ լինեին, պիտի ասեին, որ Ղարաբաղի խնդրի լուծման խաղաղ ճանապարհը փոխզիջումային տարբերակն է: Մնացյալը դատարկ խոսակցություններ են: Է ո՞նց ասեին, պոպուլիզմը թույլ չէր տալիս:

Այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ընդդիմադիր էր և լռում էր, իսկ հիմա իշխանություն է, բայց առաջարկում է այն, ինչ որ առաջարկում էր 2017թ Լևոն Տեր-Պետրոսյանը: Այսինքն՝ բաց խոսել, չստել և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը:

1998 թ Լևոն Տեր-Պետրոսյանի հրաժարականից հետո Ղարաբաղի հարցը շահարկելով նախագահի աթոռը զբաղեցրեց «հաղթողական» Քոչարյանը, այնուհետև արյունոտ մարտի մեկով իշխանության եկավ Սերժ Սարգսյանը, Ղարաբաղի խնդիրն իրենց համար լավագույն միջոց էր իշխանությունը երկարաձգելու համար: Քսան տարի երկուսն էլ բանակցել են փաստաթղթերի շուրջ, որոնց հիմքում եղել է փոխզիջումային տարբերակը, բայց իրենք հանրությանը հաշվետու չեն եղել, հանրությունից թաքցրել են ճշմարտությունը: Իսկ մինչև այսօր էլ շարունակում են հակաքարզչությունը Լևոն Տեր-Պետրոսյանի և իր ղեկավարած ՀԱԿ-ի դեմ: ՀԱԿ-ը միակ քաղաքական ուժն է, որ հանրությանը մատուցել է այն, ինչը որ իրականությունն է:

Իսկ հիմա Նիկոլ Փաշինյանը խոսում է խաղաղությունից, վարչապետի տիկինը նույնպես, ինչը ողջունելի է: Հետաքրքիր է, առանց փոխզիջումների ո՞նց են պատկերացնում խաղաղության հասնելը: Նիկոլ Փաշինյանն առանց սեթևեթելու, առանց պոպուլիզմի քաջություն պիտի ունենա և ասի այն, ինչն իրականն է: Թե չէ Ղարաբաղի հարցը ոչ մի նախագահ, ոչ մի վարչապետ չի լուծելու, լուծողը հայ ժողովուրդն է այնքան էլ անկեղծ չէ:

Հայ ժողովուրդը վստահության քվե է տվել, ունեք բարձր լեգիտիմություն և հանգիստ կարող եք ցանկացած որոշում ընդունել: Ոնց-որ թե արդեն ուրվագծվում է, որ Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման խաղաղ ճանապարհը փոխզիջումն է, և, եթե Նիկոլ Փաշինյանն հայտարարում է, որ հայ ժողովուրդը պիտի լուծի Ղարաբաղի կոնֆլիկտը, ենթադրվում է, որ Փաշինյանը բավարար համարձակություն չունի ճշմարտությունն ասելու:

Դավադրություների տեսությունը հուշում է, որ մերժվածներից պետք է զգույշ լինել: Քսան տարի քարոզեցին, որ փոխզիջումը Ղարաբաղը ծախել է, փոխզիջումը հող հանձնել է և երկարաձգեցին իրենց իշխանությունը:

Իսկ ինչ վերաբերվում է կասկածի մթնոլորտին, ապա դա քսան տարվա դեզինֆորմացիայի արդյունքն է, որով երկարաձգեցին իրենց իշխանությունը և Լևոն Տեր-Պետրոսյանին համարեցին Ղարաբաղը ծախող,հող հանձնող: Քոչարյանը Ղարաբաղը դուրս է մղել բանակցային գործընթացից, 800 հեկտարը հանձնել է Սերժ Սարգսյանը, անամոթաբար Լևոն Տեր-Պետրոսյանին են ասում հող հանձնող: Անբարոյականությունը պոզով- պոչով է լինում: Պատմությունն է սրբագրողը:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս