loader
Աշոտյանը մոռացել է, թե վատ բեմադրություններն ինչով են ավարտվում

Աշոտյանը մոռացել է, թե վատ բեմադրություններն ինչով են ավարտվում

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հայտարարել է, որ պատրաստ է առաջադրել Սերժ Սարգսյանի թեկնածությունը: «Ես հայտնում եմ բացառապես իմ անձնական տեսակետները: Բայց մի հետաքրքիր դիտարկում անեմ՝ երբ որ այս հարցը լսում եմ մեր լրատվամիջոցներից, հիշում եմ հետևյալ հանգամանք. կարծում եմ կհամաձայնեք ինձ հետ, շատ դասականների ստեղծագործություններ կան՝ գրքեր, որոնք հետո բեմադրվում են, կամ ֆիլմ են նկարահանվում, բոլորս գիտենք ավարտն ինչպիսին է լինելու դասական գործերի, բայց բոլորս մինչև վերջ այդ ֆիլմերը նայում ենք, կարծում եմ, որ սա այդ դեպքերից է»։

Իզուր է Աշոտյանը օրինակ բերում դասականների գրքերից կամ ֆիլմերից: Իհարկե, բոլորս էլ հասկանում ենք, որ սահմանադրական փոփոխությունները, Արմեն Սարգսյանին բերելը, կառավարությունը Բաղրամյան 26 տանելը, կառավարության հետագա նիստերը լրագրողների աչքից հեռու անցկացնելը. այս ամենը բեմադրություն է, որի վերջում Սերժ Սարգսյանը պետք է շարունակի ղեկավարել Հայաստանը: Ավելի շուտ այն, ինչ մնացել է Հայաստանից ու հայ ժողովրդից:

Միայն թե, դա ոչ մի կապ չունի դասականների գրքի հետ: Ավելի ճիշտ կլինի հիշեցնել դասական բռնապետությունների կայացման բեմադրությունը: Սերժ Սարգսյանն այդ առումով առաջինը չէ, որ տարատեսակ բեմադրություններով երկրում բռնապետություն է հաստատում:

Ստալինն էլ է սահմանադրական փոփոխություններ արել, Չաուշեսկուն էլ, Սադամ Հուսեյնն էլ, Ֆիդել Կաստրոն, Թուրքմենբաշին, Հոսնի Մուբարաքը: Սիրուն, թատերական ժեստերով, գեղեցիկ խոսքերով, ժողովրդավարության և ժողովրդի անունը տալով ամբողջ իշխանությունը իրենց ձեռքում են կենտրոնացրել՝ ծայրահեղ թշվառության հասցնելով երկիրը, միլիոնավոր մարդկանց կործանելով:

Դրա համար Աշոտյանը պետք է մի փոքր բան էլ հիշի. թե երբեմն ինչով են ավարտվում նման բեմադրությունները. թող դասական բռնապետների կենսագրությունը կարդա, վերջում  լավ բան չի ստացվում:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս