loader
Ազնվությունը կոնյունկտուրային  չի  լինում

Ազնվությունը կոնյունկտուրային  չի  լինում

Հաշված օրեր են մնացել ԱԺ արտահերթ ընտրություններին: Սևերը մերժեցին ԸՕ-ի փոփոխությունները, իհարկե, մեղքի բաժին ուներ նաև Նիկոլ Փաշինյանը: Եթե  Փաշինյանն ԸՕ-ի փոփոխությունների օրը դիմեր ժողովրդին, ինչպես դիմեց հոկտեմբերի 2-ին, ԸՕ-ի փոփոխություններն ընդունված կլիներ և սևերի համար երազանք կմնար ԱԺ արտահերթի մասնակցությունը, իսկ որոշ վերլուծաբանների կարծիքով հոկտեմբերի 2-ի բանակցությունների ժամանակ համաձայնություն է ձեռք բերվել ռեյտինգայինի հարցում:

Առայժմ դժվար է ասել, թե կունենանք իսկապես քաղաքական մարմին, թե դարձյալ ապաքաղաքական տարրերը պիտի ԱԺ-ում հայտնվեն: Սևերը  ավագանու ընտրություններին չմասնակցեցին, էդ ի՞նչ փոխվեց մեկ ամսում, որ հանկարծ որոշեցին ԱԺ ընտրություններին մասնակցել: Պատասխանը միանշանակ է՝ ռեյտինգայինը:

Պատկերացնու՞մ եք, քվեաթերթիկում  անուն ազգանուններ չկան, միայն կուսակցությունների և դաշինքների անվանումներն են և ընտրողը կարդում է ՀՀԿ, թե ինչ զգացողություն կունենա դժվար չէ կռահել, իհարկե, սևերը իրենք էլ գիտեն, այդ պատճառով տապալեցին ԸՕ-ի փոփոխությունները: Ինչևէ: Ունենք այն, ինչ որ ունենք:

Արդեն ոգևորված ռեյտինգայինի փաստից կարկառուն հանրապետականները հարցազրույցներ են տալիս, հայտարարություններ անում, իրենց սխալներից խոսում, ապաշխարել են ուզում, ժողովրդի հետ ազնիվ լինել են ուզում, քաղաքական դաշտի միակ ընդդիմադիրն են ուզում լինել: Հիմա տեսնենք, թե ո՞նց են ապաշխարելու:

Ապաշխարել նշանակում է գործած մեղքերը քավել: Վիգեն Սարգսյանը 15 տարի բարձր պաշտոններ է զբաղեցրել և պաշտոնազուրկ լինելուց հետո  հիշել է ապաշխարության մասին: Մինչդեռ, սույն պարոնը մի «փոքր»  ուշացել է ապաշխարությունից, ընդամենը 10 տարի, նա հրաշալի հնարավորություն ուներ և կարող էր ապաշխարել 2008-ի մարտի մեկից հետո, ներողություն խնդրեր, որ մաս է կազմել ժողովրդի վրա կրակող իշխանությանն, ինչը  հանրության համար հասկանալի կլիներ: Արյունոտ մարտի 1-ից հետո շարունակեց մաս կազմել կոռումպացված համակարգին, իսկ հիմա 15 տարի վայելել է իշխանական բարիքներն և հայտարարում է ապաշխարության մասին, անկեղծ ասած՝ անիմաստ է:

Իսկ օրինակ Մարգարիտ Եսայանն էլ կարծում է, որ եթե իրենք անկեղծ լինեն մարդկանց հետ, առանց կեղծավորության իրենց շանսերը վատ չեն լինի, և եթե յուրաքանչյուր թեկնածուի ընտանիքն ու հարազատները ձայն տան, կունենան բավականին ծանրակշիռ ներկայություն։ Այնուամենայնիվ տիկնոջ հույսն  իրենց ընտանիքի անդամների և հարազատների ձայներն են: Հա, մեկ էլ տիկին պատգամավորը ասում է, որ 6 տարի պատգամավոր է եղել, և նյութական ու ֆինանսական իմաստով իր կյանքում փոփոխություն չի եղել: Սա արդեն դավիթաշենցիների մոտ ժպիտ է առաջացնում:

Մարգարիտ Եսայանն իր պատգամավորության 4 տարին դեռ չբոլորած Դավիթաշեն համայնքի 4-րդ թաղամասի բազմաբնակարան շենքերից մեկի 8-րդ հարկից սահուն տեղափոխվեց շքեղ առանձնատուն նույն համայնքում: Հիմա եկել է, ասում է, որ իր կյանքում նյութական ու ֆինանսական փոփոխություն տեղի չի ունեցել: Սա՞ է ազնվությունը: Գրեթե անհասկանալի է տիկնոջ անկեղծության ձգտումը:

Ո՞նց կարող է մարդ իշխանություն ունենալու ժամանակ անկեղծ չլինել, իսկ ահա ընդդիմություն լինել անկեղծ: Մարդը անկեղծ լինում է, կամ չի լինում: Ազնվությունը կոնյունկտուրային չի կարող լինել: Եթե անկեղծ են ուզում  լինել նշանակում է, պիտի է ասեն, որ երկիրը հասցրել են աղքատության, իսկ իրենք  ապրում են շքեղ առանձնատներում և Հյուսիսային պողոտայի բնակարաններում, ատրագաղթն այն աստիճանի է հասել, որ վտանգում է երկրի անվտանգությանը, ԼՂ կարգավորումը փակուղում է, բանակ են պահել 1000 դրամներով, պատերազմական իրավիճակում ենք, բայց մեր զինվորները կռվում են 80-ականների զենքերով, որ իրենց շեֆի իշխանությունը հավերժացնելու համար երկրի կառավարման համակարգն են փոխել, որ օրենքի առջև բոլորը հավասար չեն եղել: Դժվար է ասել, թե էդ քաջությունը կունենան: Միայն ասելով ազնիվ չեն լինում:

Հաջորդը: Շատ են ուզում ընդդիմություն լինել և հույս են կապում հասարակության այն հատվածի հետ, որ դժգոհ է ներկա իշխանություններից: Մի բան պիտի լավ հասկանան, որ հասարակությունը ինչքան էլ դժգոհ լինի ներկա իշխանություններից իրենց ձայն չի տա: Այ, անհնար է չհամաձայնել Մարգարիտ Եսայանի հետ, որ իրենց ձայն կտան իրենց ընտանիքի անդամներն ու հարազատները: ԹԵ չէ ժողովրդի դժգոհ մասը ինչքան էլ դժգոհ լինի նոր իշխանություններից, իրենց ձայն չի տա: Սա արդեն սևերի էյֆորիան է: Էդ իրենց թողած հետագծով ո՞նց են լինելու ընդդիմություն:

Ներկա իշխանություններին ընդդիմություն կարող է լինել այն քաղաքական ուժը, որ ունի մաքուր  անցյալ և իշխանություններին քննադատելու իրավունք կունենա: Տնաքանդներ, վերջին վեց ամսվա մամուլը թերթելուց կոռուպցիոն բացահայտումներից բացի այլ բան հնարավոր չի լինում տեսնել: Ընդդիմադիր լինել նշանակում է ձգտել իշխանության, իսկ առանց ժողովրդի վստահության անհնար է: Ժողովուրդը ոչ միայն չի վստահում իրենց, այլև ատում է:

Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ ընդդիմություն պետք է թե՛ իշխանություններին, թե՛ ժողովրդին   և դա կլինի միայլ ուժ, բայց ոչ երբեք հանրապետականը: Իսկ հանրապետականները ազնիվ լինելու և ապաշխարելու մի ճանապարհ ունեն, այն է՝ հեռու մնալ քաղաքական դաշտից:  

Քսան տարիի երկիրը ավերելուց հետո մտածել, թե ՀՀ քաղաքացին կարող է իրենց ձայն տալ, նշանակում է հեռու լինել իրականությունից: 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս