loader

Չէ, տիկին Ժաննա, Հայաստանում ճիշտ հակառակն է

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ երեկ միջնորդություն-խնդրանք են ներկայացրել Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազին՝ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար: Արցախի հերոս, Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը համոզմունք ունի, որ Արցախի առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պետք է լինի ազատության մեջ: «Քոչարյանը հո փախչողը չէ։ Մենք չենք ասում, որ պետք չէ քննություն տանել, բայց նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը փոխելու անհրաժեշտություն ենք տեսնում։ Գիտեք՝ տպավորությունն այնպիսին է, որ Ռոբերտ Քոչարյանը, որ նստած է, բոլորս էլ նրա հետ նստած ենք, չէ՞ որ մեր նախագահն է եղել։ Մի վայրկյան չեմ հապաղել, երբ հայտարարվեց, որ նման բան են նախաձեռնում, շտապեցի միանալ դրան»- Factor.am-ի հետ զրույցում նկատել է Ժաննա Գալստյանը:

Իսկ ավելի վաղ «Իրավունքի» հետ զրույցում, անդրադառնալով Քոչարյանի ձերբակալությանը, ասել էր, որ ինքը չի հասկանում, թե ինչ գործելաոճ է որդեգրել ՀՀ ղեկավարարությունը: Շարունակելով միտքը` Արցախի հերոսը ասել է. «Ամեն ինչ ակնհայտ տգեղ է ու բոշայավարի»:

Սկսենք վերջից:

Տիկին Ժաննա, ի՞նչ կա չհասկանալու: ՀՀ ղեկավարությունը ընդամենը ուզում է մարտի 1-ի սպանդը  բացահայտել, կրակել են խաղաղ ցուցարարների վրա, ադյունքում 10 անմեղ զոհ: Բա զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատաին չհարցնե՞ն, թե ով է հրաման տվել: ՀՀ իշխանությունները  ընդամենը արդարադատություն են իրականացնում:

Հաջորդը:

Բա իհարկե, բոշայավարի ու տգեղ է համարում, քսան տարի երկիրը հասցրել էին աղքատության, մարդիկ գաղթի ճամփան բռնեցին: Մամուլի տեղեկությունների համաձայն Քոչարյանը ղեկավարման տարիներին  կուտակեց անասելի չափերի հասնող հարստություն և սույն տիկնոջը  թվում է, թե  փաշա էր դարձել, որ նրան ձերբակալում են բոշայավարի ու տգեղ: Իսկ մենք  միամտաբար  կարծում ենք, որ թալանչիությունն է բոշայություն, թալանչիությունն է տգեղ:

Վերջապես, ազնվաբարո պաշտոնյա տիկինը երբեք իրեն թույլ չէր տա հարևան երկրի ներքին գործերին միջամտեր, այն էլ նման բառապաշարով: ՀՀ իշխանության արածն ընդամենը երկրում օրինականության հաստատումն է, իսկ Ժաննա Գալստյանը Արցախում ղեկավարում է Ազգային ժողովի պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովը, գոնե հարգեր պաշտոնը: Դարձյալ միջամտելով հարևան երկրի ներքին գործերին, համոզմունք է հայտնում,որ Քոչարյանը պիտի ազատության մեջ լինի, պատճառաբանելով, որ չի փախչի:

Ժաննա Գալստյանը  իրեն էլ Քոչարյանի հետ  նստած է համարում, միայն նրա համար, որ Քոչարյանը  եղել է Արցախի նախագահը: Համոզիչ չէ: Քոչարյանը ընդամենը երկու տարի է ղեկավարել Արցախի հանրապետությունը, իսկ Հայաստանը երկար ու ձիգ տասը տարի: Եթե շարժվենք տիկին Ժաննայի տրամաբանությամբ, ապա մենք էլ պիտի մեզ կալանավորված համարենք: Չէ, տիկին Ժաննա, Հայաստանում ճիշտ հակառակն է, Հայաստանի քաղաքացին իրեն ավելի վստահ  ու ազատ է զգում:  Հայասանում քսան տարվա խաթարված արդարադատության վերականգնումն է: Իսկ Քոչարյանը մեղադրվում է ծանր հանցագործության մեջ , և նրա` ազատության մեջ գտնվելը միայն համապատասխան մարմիններն են որոշելու:Նախաքննությունն իրականացնող  ՀՔԾ ղեկավարը հայտարարել է, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխությունը կարող է էապես խոչընդոտել հանցագործության բացահայտմանը։  Իսկ Հայաստանի քաղաքացին ուզում է, որ ո՛չ  Արցախի,  ո՛չ  Հայաստանի պատգամավորները չմիջամտեն  արդարադատության իրականացմանը, բացահայտվի սեփական ժողովրդի դեմ գործած աննախադեպ ոճիրը, Հայաստանի քաղաքացին  ուզում է, որ ապրի իրավական երկրում:

Հայաստանում էլ հակահեղափոխականները քչություն չեն անում:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս