loader
Եկամուտի  աղբյուրից  զրկվելը դաժան  բան  է

Եկամուտի  աղբյուրից  զրկվելը դաժան  բան  է

Մարդիկ դատապարտում
են անարդարությունը ոչ այն
պատճառով,որ ատում են այն, 
այլ վախենում են թե կվնասի 
իրենց շահերին:
Լառոշֆուկո

ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները» նախագծի շնորհանդեսից հետո լրագրողների հետ զրույցում անդրադարձել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակելու միջնորդությանը միացած ՀՅԴ-ական պատգամավորների և Դաշնակցության հասցեին հնչող մեղադրանքներին։ Ընկեր Հրանտը զարմացել է, որ իրենց քննադատում են: Իրենք պարզապես մտահոգություն են հայտնում, որ Նիկոլ Փաշինյանը հաջողի, եթե չթողնեն իրենց տեսակետ հայտնելու, որ իրենք ասեն Նիկոլ Փաշինյանին ինչ ճանապարհով գնա, ինչից խուսափի, ապա ուշ, թե շուտ գլուխը կկպնի քարին:

Ընկեր Մարգարյանը` մտահոգ նոր Հայաստանի ճակատագրով, նկատել է, որ  իրենց  միտքը  տեռորի է ենթարկվում և իրենք  թույլ չեն տալու: Այնուհետև, պարզաբանել է. «Տեռորը, տեռոր է, ուզում ես կրակի մարդկանց վրա, ուզում ես՝ միտքն արգելակի»:

ՀՅԴ-ն Քոչարյանին համարում է քաղաքական հալածյալ և ասում է, որ Հայաստանում արդարադատությունը սելեկտիվ է: Իհարկե, ոչ ոք չի կասկածում, որ դաշնակները հրաշալի կարող են ներկայացնել տեռորի տեսակները: Հարց է առաջանում, չէ՞, եթե իշխանությունները մարդուն, այն էլ նախկին նախագահի նկատմամբ քաղաքական հետապնդումներ են իրականացնում, իրենց՝ դաշնակներին էլ մտքի տեռորի են ենթարկում, արդարադատությունն էլ ընտրողական է, ապա բյուրեղյա կենսագրականով դաշնակները ո՞նց են համագործակցում նման իշխանությունների հետ՝ ունենալով նախարարական պորտֆելներ: Պատասխանը միանշանակ է:

Արժանապատվության պահանջ է, որ պարզապես հեռանան, բայց դե կյանքը ցույց տվեց, որ դաշնակները նման բան չեն անի: Հրանտ Մարգարյանը մտքի տեռոր է համարում, եթե իրենք չկարողանան ասել Նիկոլ Փաշինյանին, թե ինչ ճանապարհով գնա, ինչից խուսափի:  Որևէ մեկը պատկերացնո՞ւմ է, որ եթե Նիկոլ Փաշինյանը գնա դաշնակների ճանապարհով ինչ կկատարվի Հայաստանի հետ: Դաշնակների անցած ճանապարհը շատերին է հայտնի, թե ինչպես կործանեցին առաջին Հանրապետությունը: Իսկ ոչ վաղ անցյալում Քոչարյանի ղեկավարման տարիներին հայտարարում էին, թե հարևան  4 պետություններից  3-ի հետ ոչ թե սահման ունենք՝ այլ ճակատ:

Հուսանք, որ Նիկոլ Փաշինյանը չի գնա դաշնակցականների ճանապարհով: Դասականը կասեր` տառապանքս փորձ ունի:

Ընկեր Հրանտը հպարտորեն հայտարարում է, որ իրենք թույլ չեն տա, որ իրենց միտքը տեռորի ենթարկեն: Արդար լինելու համար արձանագրենք, որ դաշնակները տեռորից լավ են հասկանում: Վերհիշենք:  Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարման տարիներին դաշնակների գործունեությունն իրենց «Դրո» ահաբեկչական կառույցով և նույն անվամբ՝ գործ, «30+1»: Ի դեպ, Հրանտ Մարգարյանը նույնպես դատապարտվել է «Դրո» գործի շրջանակներում: Երբ 1998թ պետական հեղաշրջումից հետո իշխանությունը զավթեց Քոչարյանը և առաջին «դրական» քայլը` դաշնակներին ազատ արձակելն էր՝ իրավիճակի փոփոխման պատճառով և առանց արդարացման դատավճիռների: Իսկ ահա այս գործով անցնող մյուս հիմնական մեղադրյալները՝ Արսեն Արծրունին և Արմենակ Մնջոյանը, որ դատապարտվել են ցմահ ազատազրկման, շարունակում են կրել իրենց պատիժը:

Դաշնակները դարձան Քոչարյանի հենարանը:  Ինչպես տեսնում ենք, դաշնակները լուրջ պատճառ ունեն Քոչարյանին քաղաքական  հալածյալ ներկայացնելու: Արդեն իսկ դաշնակները ընտրել են միանգամայն այլ ճանապարհ և մարտի 1-ի բացահայտումը ակնհայտ խեղաթյուրում են: Համապատասխան մարմինների կողմից Քոչարյանին առաջադրված է ծանրագույն մեղադրանք, որտեղ բացակայում է քաղաքական բաղադրիչը:

Անցնենք առաջ: Հիմա տեսնենք, թե  դաշնակներն ի՞նչ են հասկանում սելեկտիվ արդարադատություն ասելով: Քոչարյանը դրանց  ճանապարհին կանաչ լույս էր վառել, բնականաբար մտքի տեռոր էլ չկար,  բա ինչու՞ արդար դատավարություն չպահանջեցին իրենց կուսակցական ընկեր Պողոս Պողոսյանին ծեծելով սպանողների՝ Քոչարյանի կուկուների համար: Իսկ գլխավոր Կուկուն ոչ մի օր համապատասխան վայրում չգտնվեց, իրենց կուսակցական ընկերը խոշտանկվեց ու կյանքից հեռացավ միայն այն բանի համար, որ «սխալ» էր բարևել Քոչարյանին:

Դաշնակցական «սկզբունքայնության» մեկ այլ դրսևորում: Մի պահ մեզ նեղություն տանք և ետ գնանք հեռավոր 2001թ, երբ թուրք հայտնի լրագրող Մեհմեդ Ալի Բիրանդիին տված հարցազրույցում Քոչարյանն ասում էր, որ ցեղասպանության ճանաչման դեպքում Հայաստանը հողային պահանջ չի ունենա: Հայ դատի սեփականատեր դաշնակները լռեցին, իսկ իրենց մամուլը  հայտարարեց, թե լրագրողը «կորզել է»: Եզրակացությունը թողնում ենք ընթերցողին:

Իսկ հիմա են արդարադատությունը սելեկտիվ համարում: Քոչարյանը կասեր՝ ում կովը, որ բառաչի Ձերը պիտի լռի: Իսկ եթե հավելենք ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հայտարարությունը  «Առաջին լրատվական»-ի եթերում, որ Հրանտ Մարգարյանը եղել է իրանցի բիզնեսմենների «տանիքը», պատկերն ամբողջական է դառնում:

Իհարկե, երկրում ստեղծված իրավիճակը Հրանտ Մարգարյանի համար «տեռոր» կլինի... Համաձայնեք, եկամուտի աղբյուրից զրկվելը դաժան բան է: Հակահեղափոխականները ունեն «հիմնավոր» պատճառներ, բայց  դե անցյալին վերադարձ չկա: Կոռուպցիոն համակարգը ճաքեր է տալիս,  կնքահայրը մեղադրյալի աթոռին է... Ֆանտաստիկա:

Հ.Գ.

Տեռոր - Քաղաքական զանազան կազմակերպությունների՝ կուսակցությունների կողմից իրենց քաղաքական հակառակորդներին ֆիզիկապես ոչնչացնելը, քաղաքական հակառակորդների նկատմամբ բռնի ուժ գործադրելը, ահաբեկում (Էդուարդ Աղայան հատոր 2 էջ 1434):

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս