loader
«Ելքը» ժամկետից շուտ է «պալիտ» լինում

«Ելքը» ժամկետից շուտ է «պալիտ» լինում

ԱԺ «Ելք» խմբակցության Գևորգ Գորգիսյանը՝ անդրադառնալով նախօրեին «Հանուն Հայաստան պետության» ճակատի հրավիրած համահայկական հանրահավաքին, ասել է. «Ազատության հրապարակում հնչեցին կոմունիստական հայտարարություններ: Ազատության հրապարակում տեղի ունեցածը ատելության քարոզ էր»:

Տեսնում ե՞ք, թե ինչ լավ, ինստիտուցիոնալ, կառուցողական ընդդիմություն ունենք՝ հանձինս «Ելքի»: Ո՞վ էր ասում, թե այդ դաշինքը իշխանական պրոյեկտ է, կամ՝ տակից թաքուն սպասարկում է Սերժ Սարգսյանի շահերը: Չկա նման բան, ամոթ նման բան մտածողներին:

Գևորգ Գորգիսյանը քննադատել է «Հանուն Հայաստան պետության» ճակատի կազմակերպած հանրահավաքը: Ճիշտ է արել, որովհետև այդ ճակատը ամեն ինչից զատ, պահանջել է արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այն դեպքում, երբ «Ելքը» հազիվ-հազիվ տեղավորվել է խորհրդարանի տաքուկ աթոռներին: Ու հիմա ուզում են հարամել այդ հաճույքը: Շատ կասկածելի մրցակից է հայտնվել «Ելքին», կարող են իրենց հացին վայիս լինել: Իրենք էին, չէ՞, հայտարարում, թե միակն ու անկրկնելի ընդդիմությունն են:

Ու երիցս ճիշտ է «Ելքի» պատգամավորը, թե հանրահավաքում կոմունիստական հայտարարություններ են հնչել, ատելության քարոզ է եղել:

Ներկայացնենք այդ կոմունիստական ու «Ելքի» համար անընդունելի հայտարարություններից մի քանի դրվագ:

Օրինակ, Արմեն Մարտիրոսյանը հայտարարել է, որ եթե Սերժ Սարգսյանի միանձնյա իշխանությունը շարունակվի, արտագաղթը շարունակվելու է, տարեկան ևս մի քանի տասնյակ հազար մարդ արտագաղթելու է: Ահավոր կոմունիստական հայտարարություն է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը խոսել է Հայաստանում քաղբանտարկյալների առկայության մասին, որ Հայաստանի քաղցկեղը կոռուպցիան է, որը դրսևորվում է նաև ընտրություններում, երբ բաժանվում է 10 000 դրամ ընտրակաշառք։ Ատելության ինչպիսի՜ քարոզ:

«Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը հայտարարել է, որ Սերժ Սարգսյանը «իշխանությունը պահելու աճպարարությունն սկսել է 2014-ին», երբ նախաձեռնեց սահմանադրական փոփոխությունների գործընթացը։ Իսկ այժմ, նրա խոսքով, երբ ոչնչացված է քաղաքական դաշտը, անցում է կատարվում խորհրդարանական կառավարման։ Սա էլ երևի դավաճանական հայտարարություն է՝ ըստ Գորգիսյանի:

Մենք գիտենք, որ «Ելքի» ներսում այժմ լուրջ հակասություններ կան, կանխատեսելի գզվռտոցը սկսվել է, բայց, որ այսքան շուտ «պալիտ» կլինեին, չէինք սպասում: Դրա համար անհրաժեշտ էր ընդամենը մեկ հանրահավաք և իշխանափոխության մասին կոչեր:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս