loader
Երեխաների երազանքների դաշտը մենաշնորհի տակ է

Երեխաների երազանքների դաշտը մենաշնորհի տակ է

Բաղրամյան 26-ում Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ մեկնարկել են երեխաների համար կազմակերպված տոնական միջոցառումները, որին կմասնակցեն շուրջ 1000 երեխաներ մայրաքաղաքից, հանրապետության մարզերից և Արցախից: Այսօր Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ Սերժ Սարգսյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է սահմանամերձ մի շարք համայնքների երեխաների, որի ժամանակ ունեցած ելույթում նշել է. «Այստեղ երեխաների մի մասը, հավանաբար, իր երազանքների մեջ շատ մեծ բաներ է ուզում: Հավատացեք, եթե 2018 թվականին այդ երազանքները չիրականանան, դրանք իրականանալու են 2019 թվականին, 2020 թվականին. միշտ պետք է երազել: Եվ որպեսզի, երբ դուք դառնաք, օրինակ, Ձմեռ պապիկի տարիքի չափ, կարողանաք հիշել, ասել՝ ահա, ես այսքան երազանքներ եմ ունեցել, և այսքանը իրականացել է»:

Իհարկե, տարօրինակ է, որ Սերժ Սարգսյանը երեխաների երազանքների համար վերջնաժամկետ չի նշել 2040 թվականը, քանի որ հենց մինչև այդ ժամանակն է որոշել Հայաստանի բնակչության թիվը հասցնել 4 միլիոնի:

Միգուցե սա ակնարկ էր, որ 2020 թվականին Սերժ Սարգսյանը վայր է դնելու երկրի ղեկավարի իր լծակները: Իսկ ընդհանրապես, մեր երեխաների երազանքներն առայժմ՝ ցավոք սրտի, չեն կարող իրականանալ: Ոչ հաջորդ տարի, ոչ՝ 2 տարի անց: Երազանքների համար հնարավորություններ են անհրաժեշտ, իսկ մեր երեխաներն այդ հնարավորություններից զրկված են, ինչպես՝ ժողովրդի մեծ մասը: Աղքատ երեխաները երազում են լավ աշխատանք, իսկ մեր մոտ գործազրկություն է, երազում են լավ կրթություն, իսկ մեր մոտ «ազգ-բանակ» է, երազում են բիզնես ունենալ, իսկ մեր մոտ մենաշնորհներ են:

 

Մհեր Ղալեչյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

Լրահոս