loader
«Հաղթողականները»  զբաղված  են  դեմագոգիայով

«Հաղթողականները»  զբաղված  են  դեմագոգիայով

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը  հեղափոխությունից հետո գրեթե ամեն օր հայտարարություն է անում կամ հարցազրույց տալիս: Իհարկե, Շարմազանովի համար  հիմնականում քննադատության առարկա է Նիկոլ Փաշինյանի վարած արտաքին քաղաքականությունը, այս անգամ նույնպես «քարը քարին չի թողել»:

Անզեն աչքով էլ նկատելի է, որ Նիկոլ Փաշինյանն արտաքին քաղաքական վեկտորը չի փոխել: Շարմազանովը չէր կարող լինել «հաղթողական» իշխանությունների վառ ներկայացուցիչն, եթե ԱԺ ընտրություններին ընդառաջ քննադատության մեծ չափաբաժինը չուղղեր ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն  Տեր-Պետրոսյանին:

Շարմազանովին շատ է անհանգստացրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի այն հայտարարությունը, որ Հայաստանը պետք է հրաժարվի «պատմական կաղապարներից»: Ահա այսպես, Շարմազանովն ասել է. «Այն ժամանակ Ադրբեջանն էլ էր ասում՝ տարածքներ տվեք, չկրակենք ձեր վրա։ 1998թ. երբ Վազգեն Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան եռյակը ճանապարհեց Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականությունը, մենք 20 տարի հետո վերադառնում ենք այդ քաղաքականությա՞նը։ Նիկոլ Փաշինյանը Լևոն Տեր-Պետրոսյանի թեզի շարունակո՞ղն է։ Կուզեմ այս հարցի շուրջ լսել Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արամ Սարգսյանի կարծիքը։ Այսօր Բոլթոնի ասածը հենց դա է՝ տարածքներ՝ հանուն խաղաղության։ Մենք պետք է լուծենք ոչ թե հետևանքները, այլ՝ պատճառները» (Armenia Daily 30.10.2018թ)։

Մի փոքր մեզ նեղություն տանք և վերհիշենք 1998թ պալատական հեղաշրջումը: Լավ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջարկած  Արցախի հարցի լուծման փոխզիջումային տարբերակը ներկայացնում էին պարտվողական: Նախագահի աթոռը զբաղեցրեց Քոչարյանը և հայտարարեցին, որ  հարևաններից երեքի հետ ճակատ ունենք և շրջափակման պայմաններում հարյուր տարի էլ կզարգանանք: Պատկերացնու՞մ եք, արտաքին աշխարհում էլ երկիր ներկայացնողը Քոչարյանն էր:

Քոչարյանը 1999թ նոյեմբերի 13-ին Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որին 1996թ. Լիսաբոնում վետո էր դրել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ այդ խարտիան ստորագրելով Քոչարյանն ըստ էության համաձայնվել էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։ Ընդ որում, Քոչարյանն այդ փաստաթուղթը ստորագրել էր առանց վերապահումների:

Էս փաստից հետո խոսել Լևոն Տեր-Պետրոսյանի պարտվողական քաղաքականության մասին, նշանակում է՝ զբաղվել դեմագոգայով:

Լևոն Տեր- Պետրոսյանի վարած արտաքին փայլուն քաղաքականության շհորհիվ Արցախի  հակամարտությունը դիտարկվում էր բացառապես քաղաքական հարթության մեջ՝ հակամարտություն Ղարաբաղի և Ադրբեջանի միջև, որի շրջանակներում Ղարաբաղի ժողովուրդը պայքարում էր իր ինքնորոշման համար, Ղարաբաղը բանակցային կողմ էր: Քոչարյանը Ղարաբաղը դուրս մղեց բանակցային գործընթացից, Ղարաբաղը դիտարկվում է տարածքային վեճ Հայաստանի և Ադրբեջանի միջև: Երբ Ղարաբաղը բանակցային կողմ էր,  քաղաքական բառապաշարում չկար օկուպացված տարածք հասկացողությունը: Ազատագրված տարածքներ էին: Սույնով արձանագրենք Քոչարյանի արտաքին քաղաքականության պարտությունը, բայց «հաղթողականները» դաշնակներն ու նժդեհականները լռում էին և լռում են:

Իսկ հիմա Սերժ Սարգսյանի ղեկավարած տասնամյակը: Շարմազանովի շեֆը եթե բանակցությունների էր մասնակցում ի՞նչ փաստաթուղթ էր դրված սեղանին: Շարմազանովը լռում էր: Ապրիլյան քառօրյայում  անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ տարածքների կորուստ ունեցանք և հարյուրից ավել անմեղ զոհեր: Իրենց հռչակած տարածաշրջանի ամենամարտունակ բանակը կռվում էր 80-ակաների զենքերով:  

Երբ Սերժ Սարգսյանը հայտարարում էր, որ Աղդամը մեր հայրենիքը չէ, Շարմազանովը դարձյալ  լուռ էր: 20 տարի որտե՞ղ և ու՞մ հաղթեցին այդ մասին Շարմազանովը նույնպես  լռում է:

1998թ պալատական հեղաշրջումից 20 տարի անց թե՝ արտաքին, թե՝ ներքին քաղաքական բնագավառներում չեն արձանագրել դրական տեղաշարժ և Լևոն Տեր-Պետրոսյանի  առաջարկած ԼՂ հակամարտության լուծման փոխզիջումային տարբերակը միայն և միայն իրենց իշխանությունը պահելու համար համարել են պարտվողական:

Այո, Ղարաբաղի հարցի լուծումը առանց փոխզիջումների անհնար է: Իրանցի հայտնի քաղաքագետ Կայհան Բարզեգարի խոսքով, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է հարևանությունում ունենալ կայուն գործընկերություն: Եվ իրանցի քաղաքագետը նկատել է. «...Իրանը լուրջ քաղաքական կամք ունի զարգացնել իր հարաբերությունները նաև Հայաստանի Հանրապետության հետ, որը մեկուսացած է տարածաշրջանային ծրագրերից ԼՂ հակամարտության պատճառով: Սա Իրանի համար բացասական հանգամանք է: Հիշում եք, թե ինչ ծրագրեր էր առաջարկում Հասան Ռուհանին Պարսից ծոց-Սև ծով, որի մեկնարկը խորը համագործակցություն էր ակնկալում Հայաստանի, Վրաստանի և Իրանի միջև: ԻԻՀ-ն կողմ է այս ձևաչափերին, սակայն երկկողմ մակարդակում դեռ Հայաստանի հետ բազում չիրագործված և կիսատ ծրագրեր կան, որոնք առաջ մղել է հարկավոր, և հասկանալի չէ, թե ինչու են դրանք մնում սեղանին: Սպասում ենք, որ ՀՀ վարչապետի Իրան կատարելիք առաջիկա այցի ընթացքում որոշակիություն կմտնի» (Հայաստան 24  01.11. 2018թ):

Պալատական հեղաշրջումից անցել է 20 տարի  երկիրը հետ են տարել մի քանի տասնամյակներով, դարձյալ զբաղված են նույն դեմագոգիայով: Նույնիսկ օտարներն են հասկանում, որ ԼՂ հակամարտության չլուծված լինելը  խոչընդոտ է տնտեսության զարգացմանը, երկիրը մեկուսացված է տարածաշրջանային ծրագրերից, արտաքին մարտահրավերներին դիմակայելու համար հարկավոր է  հարևանությունում ունենալ կայուն գործընկերություն: Հարևանների հետ ճակատ չի կարելի ունենալ: Շրջափակման պայմաններում երկիրը չի կարող զարգանալ:

Իսկ «հաղթողականները»  իրենց իշխանությունը պահպանելու համար զբաղված էին ամբոխավարությամբ, հիմա էլ իշխանությունը կորցնելուց հետո դարձյալ նույնն են անում: Այլ տարբերակ չի կարող լինել, ԼՂ հակամարտությունը պիտի լուծվի փոխզիջումներով: Մնացյալը ամբոխավարություն է և իշխանությունը պահպանելու միջոց:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս