loader
Հանրապետականների մետաստազները

Հանրապետականների մետաստազները

Ավարտին է մոտենում  Երևանի ավագանու և   քաղաքապետի ընտրությունների քարոզարշավը: Հանրության կողմից մերժված հանրապետականները չեն մասնակցում ընտրություններին, բայց իրենց մետաստազները անզիջում պայքար են մղում  «Իմ քայլը»  դաշինքի կողմից  առաջադրված քաղաքապետի  թեկնածու Հայկ Մարությանի դեմ և հնարավոր ու անհնար բոլոր միջոցներով վարկաբեկում:

Վարկաբեկել հեղափոխության առաջնորդին և իրենց կողմից առաջադրված քաղաքապետի թեկնածուին  նշանակում է՝ դեմ լինել հեղափոխությանը, իսկ քաղաքապետի ընտրությունը հեղափոխության առաջին լուրջ քննությունն է, որը ճանապարհ է հարթելու դեպի ԱԺ արտահերթ ընտրություններ:

Հակահեղափոխականները, քարոզարշավին իրենց ծրագրերը թողած, մեկնաբանում էին Հայկ Մարությանի և Նիկոլ Փաշինյանի  արտահայտությունները:  Իհարկե՝ նենգափոխելով:  Հիմնականում շահարկում են Հայկ Մարությանի սևն ու սպիտակը: Բազմիցս թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ Հայկ Մարությանը  պարզաբանել են, թե ովքեր են սևերը, ովքեր՝ սպիտակները:  Հայկ Մարությանի մրցակիցները և նրանց կողմնակիցները  հրաշալի գիտեն, որ Հայկ Մարությանը քաղաքացիներին սևի ու սպիտակի չի բաժանում, բայց ընտրել են ամենանողկալի ճանապարհը ու ասում են, որ Հայկ Մարությանը  քաղաքացիներին սևի ու սպիտակի է բաժանում: Ամենայն հավանականությամբ, հակառակորդները երբ շահարկում են  սևն  ու սպիտակը, մտածում են, որ քաղաքացուն հեղափոխության  դեմ տրամադրելու ամենակարճ ճանապարհն է, որ Հայկ Մարությանը  իրենց սև է ասում: Աբսուրդ:

Այո, Հայկ Մարությանը  և հասարակության ճնշող մեծամասնությունը պայքարում են սևերի դեմ: Իհարկե, քաղաքացիներին թալանողները, իրականությունը խեղաթյուրողները, երկրի ներքին խնդիրները եվրոպական կառույցներին հասցնողները  սևեր են:

Իսկ ինչ վերաբերվում է Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքի ժամանակ հուզական ֆոնին արտահայտած «ասֆալտին փռել», «պատին ծեփել» արված արտահայտությունները  նույնպես շահարկում են և դրանով վարկաբեկում են հեղափոխության առաջնորդին: Քարոզարշավ է՝ ամեն ինչ էլ ասում են:  էդ արտահայտություններն էլ այդքան մեծ ուշադրության արժանացնելն էլ իր պատճառներն ունի:

Հիմա տեսնենք, թե ինչու հեղափոխության կողմնակիցները միանգամից հակահեղափոխության կողմնակից դարձան և վարկաբեկում են հեղափոխությունը: Անկեղծ ասած, դժվար թե քարոզարշավի  այս կարճ ժամանակահատվածում  նրանք դարձան հակահեղափոխականներ: Պատճառները պետք է այլ տեղ փնտրել: Քաղաքական դաշտի լարվածությունը շատ ավելի վաղ էր սկսվել, երբ Նիկոլ Փաշինյանը անզիջում պայքար սկսեց կոռուպցիայի դեմ, և մարտի  մեկի բացահայտումը դարձավ օրակարգի հարց: Նկատենք, որ ֆեյք օգտատերերն էլ մեծ թափ հավաքեցին մարտի մեկի բացահայտումից հետո, և եթե հավելենք երկու իրավապահ մարմինների ղեկավարների խոսակցությունների գաղտնալսումը, ապա պատկերն ամբողջական է դառնում:

Թե չէ սև ու սպիտակ, ասֆալտին պառկեցնել, պատերին ծեփել արտահայտությունները այդքան մեծ ուշադրության արժանացնելու ու նենգափոխելու կարիք չէր լինի, պարզապես  իրենց համար նյութ ունեցան:

Հանրապետականները ազատ են ընտրության հարցում և դեմ են քվարկելու միայն «Իմ քայլը»  դաշինքին: Ենթադրվում է, որ մնացած  քաղաքական (իհարկե, մեծ վերապահումով պետք է սրանց քաղաքական համարել) ուժերը ռևանշին չեն կարող խանգարել: Ակնհայտ է, որ նրանք ռևանշի մեծ ախորժակ ունեն: Իսկ ռևանշը կործանարար կլինի թե՛ երկրի, թե՛ ժողովրդի համար, ինչպես եղել է քսան տարի:

Որպեսզի  ԱԺ-ում չհայտնվեն  օլիգարխներն ու իրենց մանկլավիկները, դատաիրավական համակարգում բացառվի պատվեր կատարելը և վերանա բեսպրետելը, պիտի քվեարկենք հեղափախության օգտին, այսինքն՝ Հայկ Մարությանի:

23-ի քվեարկության արդյունքները մեկընդմիշտ վերջ կդնեն ռևանշին, և ԱԺ արտահերթ ընտրություններն իրականություն կդառնան, կունենանք մինչև այժմ երազանք թվացող վստահելի  դատաիրավական համակարգ և դրանով կազդարարենք հեղափոխության ավարտը:

Պատկերացնու՞մ եք, ընտրության ենք գնալու և մեր ձայնը որոշիչ է լինելու, ու թաղի խուժանի դերը՝ զրոյական: Գնահատենք հեղափոխության ամենախոշոր ձեռքբերումը: Քվեարկենք «Իմ քայլը»  դաշինքի օգտին, այսինքն՝ ՀՀ քաղաքացու:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս