loader
Հանրային խորհուրդն անհայտ է հանրությանը

Հանրային խորհուրդն անհայտ է հանրությանը

Երեկ գործադիրի որոշմամբ՝ Վազգեն Մանուկյանը նշանակվել է Հանրային խորհրդի նախագահ: Հանրությանն անհայտ միայն իշխանություններին հայտնի այս ամուլ կառույցն արդեն տասը տարի է գոյություն ունի մեծ թվով աշխատակիցներով: Երբ ծանոթանում ես Հանրային խորհրդի կազմին, բացառությամբ մի քանիսի, բոլորը թոշակառուներ են և նախկին իշխանությունների կարկառուն ներկայացուցիչներ, բացառությամբ Հրանտ Տեր-Աբրահամյանի:

Ընդհանրապես Նիկոլ Փաշինյանի կադրային քաաքականությունը հեչ էլ հեղափոխության շահերից չի բխում, և դժվար թե նման կադրերով հեղափոխությունը հաջողություն արձանագրի, ինչը շատ ցավոտ կլինի թե՝ պետության, թե՝ հասարակության համար: Նրանք, ովքեր պայքարել են նախկինների դեմ և պրոֆեսիոնալ են, պաշտոն չեն ստանում, պաշտոն են ստանում նախկիններն ու նրանց համակիրները:

Վարչապետ Փաշինյանն առայժմ չի մտածում սահմանադրության փոփոխությունների մասին: Եթե լիներ սահմանադրության փոփոխություններ, բազմաթիվ կարևոր փոփոխությունների հետ միասին պիտի վերանայվեր նաև սույն ամուլ կառույցի անհրաժեշտության հարցը: Սահմանադրության փոփոխությունները հեղափոխության պահանջ էր, իսկ Հանրային խորհրդի նման ամուլ կառույցը չի կարող լինել հեղափոխության պահանջ: Մեկնումեկը կարո՞ղ է հիշել, որ սույն կառույցը իր գոյության ընթացքում մի հանրօգուտ աշխատանք արած լինի:

Իսկ հիմա վերհիշենք վարչապետի մեկ այլ հաճոյախոսություն առ Վազգեն Մանուկյան: Չնայած վերհիշելու բան էլ չկա, ընդամենը մեկ ամիս է անցել, բոլորս էլ լավ հիշում ենք, թե ինչպես Նիկոլ Փաշինյանը մարտի 1-ին ոչ ավել, ոչ պակաս ներողություն խնդրեց Վազգեն Մանուկյանից 1996թ դեպքերի համար: Այն դեպքում, երբ Վազգեն Մանուկյանը ո՜չ 1996 թ էր բողոքարկել սահմանադրական դատարանում և ոչ էլ հիմա է պատրաստվում բողոքարկել:

«Ժողովուրդ» օրաթերթին Հանրային խորհրդի խոսնակ Անի Գասպարյանն ասել է. «Մանուկյանը 1996թ. ընտրությունների վերաբերյալ չի պատրաստվում դիմել ՀՔԾ, չունի նման մտադրություն» («Ժողովուրդ», 27.03. 2019թ): Լրագրողի հարցին՝ ինչո՞ւ, խոսնակն ասել է, թե Մանուկյանը չի ցանկանում որեւէ բան մեկնաբանել։ Է՜, Վազգեն Մանուկյանը ո՞նց մեկնաբանի, երբ 1996թ-ին ինքն է խախտել սահմանադրական կարգը, այս մասին մենք արդեն բարձրաձայնել ենք մեր 08.03. 2019թ հոդվածում:

Պարզապես տարօրինակ և անհասկանալի է Նիկոլ Փաշինյանի վերաբերմունքը առ Վազգեն Մանուկյան: Մինչ Նիկոլ Փաշինյանը փորձում է հաճոյանալ Վազգեն Մանուկյանին, Մանուկյանը չհրաժարվելով իր որդեգրած մեթոդներց, ստեղծում է նոր հարթակ, որտեղ փակ քննարկումներ կկազմակերպվեն: «Հրապարակ»-ը տղեկացնում է. «Ակումբում ներգրավվելու հրավեր են ստացել քաղաքագետներ Երվանդ Բոզոյանն ու Անդրանիկ Թևանյանը, Ստեփան Դանիելյանն ու Դավիթ Շահնազարյանը, Աղվան Վարդանյանն ու Էլինար Վարդանյանը, Վահե Հովհաննիսյանը և ուրիշներ» («Հրապարակ», 02.04.2019թ)։ Ինքներդ էլ տեսնում եք, որ սույն գործիչները հեղափոխության կողմնակիցներ չեն:

Վարչապետը մտածելու բան ունի: Ժամանակը ցույց կտա, թե Վազգեն Մանուկյանն իր փակ հարթակով, փակ քննարկումներով և հակահեղափոխական քոչարյանական գործիչներով ինչպես է երախտագիտություն հայտնելու Նիկոլ Փաշինյանին:

Ժամանակը հրաշք բան է: Սպասենք զարգացումներին:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս