loader
Հեղափոխության ավարտ տխուր վերջաբանով

Հեղափոխության ավարտ տխուր վերջաբանով

Արդեն հայտնի է 11 քաղաքական ուժ՝ 2 դաշինք, 9-ը կուսակցություն, որ դեկտեմբերի 9-ի ԱԺ արտահերթ ընտրություններում  պայքարելու է մանդատի համար: Հանրությունը քննարկում է կուսակցությունների և դաշինքների ցուցակները և առանձին թեկնածուների անցած ճանապարհը, թե նրանցից ով որքանով է իր մասնագիտական և մտավոր կարողություններով համապատասխանում օրենսդիր մարմնում գործունեություն ծավալելուն: Անկեղծ ասած՝ արդյունքներն այդքան էլ ոգևորող չեն. բացակայում են քաղաքական դեմքերը, բնականաբար ընտրապայքարում բացակայելու է քաղաքական բաղադրիչը:

Իհարկե, պատկերը միանգամայն այլ կլիներ, երբ ԸՕ-ը փոփոխված լիներ և ռեյտինգային ընտրակարգը չլիներ: Իսկ ռեյտինգային ընտրակարգի պարագայում պայքարը ապաքաղաքական է լինում: Ձայներ կարող են ստանալ գրանցված թեկնածոււներ, ովքեր քաղաքականության հետ աղերս չունեն, ինչպես եղավ նախորդ ընտրություններում։ Կունենայինք իսկապես քաղաքական մարմին, եթե նոր իշխանությունները ժամանակին զբաղվեին ԸՕ-ի փոփոխություններով:

Տասը տարի անըդմեջ ՀԱԿ-ը, ՀԺԿ-ն և Ժառանգությունը պայքարել են  կոռումպացված համակարգի դեմ և այսօր չեն մասնակցում ԱԺ արտահերթ ընտրություններին: Ենթադրվում է, որ ռեյտինգային ընտրակարգի պահպանումն էր պատճառը: Ապացույցը՝  ՀԱԿ-ի երեկ տարածած հայտարարությունն է, որտեղ մասնավորապես ասում է. «Ռեյտինգային ընտրակարգի պահպանումն իր հերթին լուրջ հարված էր թե՛ քաղաքական համակարգին՝ խոչընդոտելով դրա առողջացմանն ու զարգացմանը, թե՛ ընտրությունների դեմոկրատական բնույթին: Որպես հետևանք, անխուսափելիորեն խնդիրներ են առաջանալու ողջ պետական համակարգի վերակառուցման և առողջացման առումով»:  

Անհնար է առարկել ՀԱԿ-ին, որ ռեյտինգային ընտրակարգը խոչընդոտելու է քաղաքական համակարգի առողջացմանը, իսկ քվեացուցակների ուսումնասիրությունները եկան և ապացուցեցին, որ նման կադրերով ձևավորվող խորհրդարանը դժվար թե իսկապես քաղաքական մարմին լինի, որը դարձյալ ապացուցում է ՀԱԿ-ի կանխատեսումները: Իսկ եթե  ՀԱԿ, ՀԺԿ, Ժառանգություն  կուսակցությունները մասնակցեին ընտրություններին  անշուշտ, ընտրապայքարին հաղորդելու էին քաղաքական երանգ: Ափսոս:

Շատ կարևոր է նաև խորհրդարնում ունենալ ժողովրդավարական ճանապարհով ընտրված ընդդիմություն: Առայժմ ներկայացված ուժերից ոչ մեկն էլ չի կարող հավակնել ընդդիմության դերին: Հանրապետականները հայտարարում են,  թե իրենք լինելու են ընդդիմություն, որը միայն ժպիտ է առաջացնում: Առաջին և հիմնական՝ նրանք շատ մեծ խնդիր ունեն ժողովրդից մանդատ ստանալու: Ենթադրենք կատարվել է չարիքների փոքրագույնը և իրենք մանդատ են ստացել, ինչպես Մարգարիտ Եսայանն է ասում՝ իրենց ընտանիքի անդամների և հարազատների տված ձայներով՝ դարձյալ չեն կարող լինել ընդդիմադիր. պարզապես իրենց թողած հետագիծը թույլ չի տալիս:

Իսկ  ինչ վերաբերվում է բոլոր ժամանակներում իշխանություններին մշտական կոալիցիոն գործընկեր ԲՀԿ-ին և  ՀՅԴ-ին, ընդդիմություն պատկերացնել գրեթե անհնար է: Ընտրապայքարը լինելու է նախկինի պես, միայն դերակատարներն են փոխվելու:

Իսկ  գրեթե նոր ձևավորված մնացյալ քաղաքական ուժերը, նրանց ցուցակներում  նույնպես ոգևորող բան չունեն: Ի՞նչ ծրագիր, ի՞նչ բան: Ծրագրերին ոչ մեկն էլ ուշադրություն չի դարձնելու: Այս պարագայում քաղաքական պայքար սպասելն անիմաստ է: Եզրակացությունը տխուր է՝ ձևավորվելու է անձնակենտրոն խորհրդարան: Մեծամասնություն է լինելու «Իմ քայլը» դաշինքը պայմանավորված  բացառապես Նիկոլ Փաշինյանի խարիզմայով, թե մնացած քաղաքական ուժերից ով քանի մանդատ կունենա այդքան էլ կարևոր չէ: Կունենանք հեղափոխության ավարտ տխուր վերջաբանով:

Այնուամենայնիվ  բացառելով  գիշատիչների վերադարձը:

Ջավահիր Այվազյան 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս