loader
ՀՀԿ-ն դերի մեջ է մտել

ՀՀԿ-ն դերի մեջ է մտել

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը հայտնել է, որ իր և պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանի, Գևորգ Կոստանյանի, Անդրանիկ Հարությունյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացվել է «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է  շարժական տեխնիկական միջոցներով ճանապարհային երթևեկության խախտումների արձանագրման փաստի հետ կապված մտահոգություններին:

«Նախագծի հիմքում ընկած են բազմիցս բարձրաձայնված մտահոգություններ առ այն, որ կա խնդիր Սահմանադրությամբ ամրագրված անձնական կյանքի անձեռնմխելիության, անձնական տվյալների պաշտպանության պահանջների հետ, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանապարհային ոստիկանության ծառայողը չի ապահովում պատշաճ ծանուցումը։ Այլ կերպ ասած, այս կարգավորումը ավելի շատ հարցեր էր առաջացնում, քան պատասխաններ տալիս», նշել է Արփինե Հովհաննիսյանը:

Շարժական արագաչափերի ներդրման օրենքը հենց ՀՀԿ-ն է ընդունել, ու ինչքան էլ ասում էին, որ դա սխալ է, որ դա՝ նաև ՀՀ Սահմանադրության նորմերի խախտում է, մեկ է՝ կոճակներ սեղմելով ընդունեցին:

Բայց այն ժամանակ ՀՀԿ-ն ԱԺ-ի տեր ու տիրակալն էր, ինչ ուզեր, դա էլ կաներ, ցանկացած օրենք կընդուներ:

Հիմա արդեն այլ ժամանակներ են. ՀՀԿ-ն իրեն հայտարարել էր ընդդիմություն: Իսկ ի՞նչ պիտի անի ընդդիմությունը: Պիտի լավ օրենքներ ընդունի: Իսկ ի՞նչ պետք է անել լավ օրենքներ ընդունելու համար: Պետք է վատ օրենքները վերացնել, կամ՝ սրբագրել: Իսկ ո՞վ է մինչև հիմա ընդունել վատ օրենքները՝ ՀՀԿ-ն:

Եվ ի՞նչ է ստացվում. ընդդիմադիր ՀՀԿ-ն որոշել է նոր, դրական իմիջ ցույց տալ, որի համար ցանկանում է փոխել իշխանություն ունեցող ՀՀԿ-ի ընդունած բազմաթիվ խայտառակ օրենքները: Լավ ձև է, չէ՞: Մի հատ էլ խորհրդարանում ելույթներ են ունենալու, թե մենք ահա մտածում ենք ժողովրդի մասին, մենք դեմ ենք շարժական արագաչափերին, որոնք կյանքի է կոչել իշխանական ՀՀԿ-ն, որի հետ ընդդիմադիր ՀՀԿ-ն որևէ կապ չունի: Նման էժանագին հնարքները որևէ ազդեցություն չեն թողնելու ՀՀԿ-ի զրոյական վարկանիշի վրա: Իզուր մի չարչարվեք:

Կարեն Վանյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս