loader
Քաղաքացու օր հռչակելուց առաջ քաղաքացու կյանքում փոփոխություն պիտի արձանագրեն

Քաղաքացու օր հռչակելուց առաջ քաղաքացու կյանքում փոփոխություն պիտի արձանագրեն

Երեկ կառավարությունը հավանություն է տվել օրենքի նախագծին, որով առաջարկվում է ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես Քաղաքացու օր՝ ի նշանավորումն 2018 թվականի ապրիլ-մայիսին Հայաստանում տեղի ունեցած Ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխության հաղթանակի: Իսկ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքի էջում գրել է, որ դա ոչ թե նոր կառավարության, այլ ժողովրդի ու ժողովրդավարության հաղթանակի օրը պիտի լինի և պիտի դառնա իրոք ժողովրդական տոն, այնպիսի տոն, ինչպիսին է՛ր բուն հեղափոխությունը:

Հիմա տեսնենք, թե ՀՀ քաղաքացին իսկապե՞ս զգում է, որ տոն է: Անկեղծ ասած, կառավարությունը ոնց-որ թե շտապաղականություն է ցուցաբերում:

Մինչև Քաղաքացու օր հռչակելը կառավարությունը քաղաքացու կյանքում փոփոխություն պիտի արձանագրի, բարեկեցություն ապահովի:

Դժվար է ասել, աղքատ երկրում այդ օրը իսկապե՞ս տոն կլինի քաղաքացու համար: Սահմանադրություն չեն փոխել, Նիկոլ Փաշինյանն էլ ասուլիսում նշեց, որ մոտ ապագայում նման մտադրություն չունեն: Կառավարման համակարգում փոփոխություններ չեն արել: Առաջին և հիմնական՝ դատաիրավական համակարգում բարեփոխումներ չեն արել, ինչը հեղափոխության հիմնական պահանջներից է և քաղաքացու կյանքում փոփոխություններն այդ ոլորտից են սկսվում:

Հայտարարված տնտեսական հեղափոխությունը կյանքի կոչել անհնար է առանց դատաիրավական բարեփոխումների: Ներդրումներ կարող են լինել միայն իրավական երկրում, առայժմ մենք իրավական երկրում չենք ապրում, միայն վարչապետի հայտարարությունը, թե դատավորին զանգ չի լինում՝ դա իրավական երկիր լինելու բավարար պայման չէ: ՀՀ քաղաքացին, որ դուրս էր եկել փողոց՝ հիմնական պահանջն էր, որ ապրի իրավական երկրում, առայժմ քաղաքացին չի տեսնում այդ ոլորտում տեղի ունեցող փոփոխությունները, ինչը վարկաբեկում է հեղափոխությանը: Հեղափոխությունն ունի իր կանոնները և հապաղել չի սիրում:

Հակահեղափոխականներն իրենց ահռելի ռեսուրսներով զբաղված են սև քարոզչությունով, ինչը վտանգավոր է: Քաղաքացին տեսնում է, որ առանցքային պաշտոններ են զբաղեցնում նախկիններից շատերը: Կառավարության հաջողությունը հիմնականում պայմանավորված է կադրերով և կառավարության կազմում պիտի լինեն մարդիկ, ովքեր քսան տարի շարունակ պայքարել են նախկինների դեմ և արատավոր անցյալ չունեն և թաթախված չեն կոռուպցիայի մեջ: Կոռուպցիայի դեմ պայքարը երկչոտ է, ոչ մի կոռուպցիոներ չի ենթարկվել պատասխանատվության և քաղաքացին դա տեսնում է, ի՞նչ է նշանակում բռնել-բաց թողնել, երբ պետությանը հասցրած վնասը մեծ չափերի է հասնում: Իսկ ՀՀ քաղաքացին առայժմ իր կյանքի պայմանների բարելավում չի նկատում, բայց իշխանություններները հղում անելով նախկինների ստեղծած օրենքներին բարձր, աշխատավարձներին հավելում են նաև պարգևավճարները:

Իհարկե, քաղաքացու համար շատ կարևոր է սոցիալականը, բայց նաև հասկանալի, որ սոցիալական հարցերը քարքուքանդ եղած երկրում այդքան հեշտ չէ լուծել, դեռ տարին չլրացած նոր իշխանություններից շատ բան սպասելը այդքան էլ իրական չէ, բայց դա իշխանություններին էլ պիտի վերաբերվի և իրենց թույլ չտան նախկինների ճոխությունները:

2015թ երբ Խորվաթիայի նախագահի պաշտոնը ստանձնեց քաղաքական գործիչ և դիվանագետ Կոլինդա Գրաբարը և տարվա ոչ մի օրն էլ չհռչակեց Քաղաքացու օր, բայց քաղաքացու համար ստեղծեց արժանապատիվ և բարեկեցիկ կյանք: Կոլիդա Քլունին կիսով չափ կրճատել էր իր և նախարարների աշխատավարձը, իսկ դեսպանների և հյուպատոսներինը՝ 60%։ Նվազագույն աշխատավարձը հասցրել է մինչև 450$-ի։ Սա իմիջիայլոց:

Դժվար է ասել, թե 50 հազար դրամ ստացող ուսուցիչը կամ 30 հազար դրամ ստացող թոշակառուն կարո՞ղ է այդ օրը տոն համարել: Նախկինների ժամանակ խաղաղ պայմաններում զոհված զինծառայողների սևազգեստ մայրերը դարձյալ պայքարում են օրինականության համար, նրանք արդարադատություն են պահանջում: Դարձյալ դժվար է ասել, որդեկորույս, սևազգեստ մայրը, երբ տասներկու տարվա պայքարից հետո չի հասել արդարության և կանգնած է նույն խնդրի առաջև, նրա համար կարո՞ղ է այդ օրը տոն համարվել: Գուցե նոր խշխանությունները մի փոքր համբերեն, կատարեն հեղափոխության պահանջները, քաղաքացու կյանքում դրական փոփոխություններ արձանագրեն և բարեկեցություն ապահովեն, դատաիրավական համակարգում բարեփոխում իրականացնեն նոր մտածեն քաղաքացուն օր նվիրելու մասին:

Իհարկե, անուրանալի է, հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը, որ վերջին քսան տարում ազատ արդար ընտրություններով ձևավորել ենք լեգիտիմ իշխանություն: Իսկ իշխանությունը իր լեգետիմությունը պիտի օգտագործի և ռադիկալ փոփոխություններ իրականացնի դատաիրավական համակարգում: Հակառակ պարագայում, կործանարար կլինի բոլորիս համար:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս