loader
Կարինե Աճեմյանի հույսը սարսափելի տեմպերով աճող գնաճն  է

Կարինե Աճեմյանի հույսը սարսափելի տեմպերով աճող գնաճն  է

Հանրության կողմից մերժված ուժի ներկայացուցիչները ոչ մի կերպ չեն ուզում հաշտվել իրականության հետ, որ իրենք մերժված են և կառչած են իրենց բարեկեցությունն ապահովող մանդատներից: Հիմա էլ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Կարինե Աճեմյանն է պայքարում սեփական մանդատի համար և ԱԺ արտահերթ ընտրությունները համարում է Նիկոլ Փաշինյանի ցանկություն և հակասահմանադրական, իրենք էլ այնքան օրինապաշտ են, որ օրենք խախտել չեն ուզում: 

Չհաշտվելով այն մտքի հետ, որ ժողովուրդը իսկապես կողմ է Նիկոլ Փաշինյանի իրականացրած քաղաքականությանը, թերթերից մեկին հարցազրույց է տվել և ասել է. «...Հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել այս ընտրություններին՝ հայտնելով իրենց անհամաձայնությունը իրականացվող քաղաքականությանը։ Մեր բազմաթիվ համախոհներ, որևէ այլընտրանք չտեսնելով, ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր և չեն քվեարկել որևէ ուժի օգտին»։ Այնուհետև հարգարժան տիկինը, խիստ անհանգստացած ներդրողների ճակատագրով, նկատել է. «Ինչո՞ւ է շտապում. եթե վախենալու ոչինչ չունի՝ հանգիստ իր գործը պիտի անի։ Բայց վախենալու շատ բան կա. գնաճը սարսափելի տեմպերով աճում է, ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում՝ ոչ միայն չեն ուզում նոր ներդրումներ անել, այլև հեռանում են երկրից, խնդիրները, մտահոգություններն օր օրի կուտակվում և խորանում են»։ 

Սկսենք նրանից, որ մինչև պատգամավոր դառնալը տիկին Կարինեն աշխատանքային գործունեության դժվար ճանապարհ է անցել, աշխատանքային գործունեություն է ծավալել մեր կյանքի տարբեր բնագավառներում (ընթերցողի ժամանակը խնայելով` չենք թվարկում): Աշխատանքային գործունեություն է սկսել ծավալել 1982-ից, միայն 2009-ին է բախտը ժպտացել և համամասնական ընտրակարգով պատգամավոր է դարձել և մինչև այս պահը վայելում է պատգամավորական մանդատն ու մանդատի ստեղծած բարեկեցիկ կյանքը:

Համաձայնեք, տիկնոջ անհանգստությունը արդարացի է և վախենալու բան ինքը իսկապես ունի՝ կորցնել մանդատը, ինքներդ էլ հասկանում եք Նիկոլ Փաշինյանը վախենալու բան չունի. վայելում է հասարակության լիակատար աջակցությունը: Ապացայցը ավագանու ընտրություններն էին: Հիշու՞մ եք, մեղադրյալ Քոչարյանի հույսն էլ ժողովրդի դատարկ սառնարաններն էին, Շարմազաովի հույսն էլ էն է, որ ժողովրդի պահածոներն են վերջանալու, իսկ տիկին Կարինեի հույսն էլ սարսափելի տեմպերով աճող գնաճն է:

Փաստորեն, սևերի միակ հույսը ժողովրդի կենսամակարդակի անկումն է: Իսկական էյֆորիա: Քսան տարվա մղձավանջից հետո ժողովուրդը կարող է նույնիսկ առանց սառնարան ու պահածո ապրել, գնաճին էլ կդիմանա, հույսով ու հավատով, որ երկրում կազմաքանդվում է Լևոն Տեր-Պետրոսյանը կասեր՝ ավազակապետական համակարգը: Վերհիշենք, պատերազմի տարիներին մարդիկ ինչ սիրով ու հավատով էին տանում զրկանքները, հիմա էլ նույնը:

Տիկին Կարինեն սիրում է խոսել տնտեսությունից, ներդրումներից, իբրև թե ներդրողներն իրենց պաշտպանված չեն զգում: Լավ, իրենց իշխանության ժամանակ, որ ներդրողների համար բարենպաստ է եղել, տնտեսություն են զարգացրել, բա ինչու՞ երկրում աղքատության աճ է գրանցվել, և արտաքին պարտքն էլ եռապատկվել է, իրենք էլ հասարակության մերժմանն են արժանացել: Սրանք աքսիոմատիկ բաներ են:

Նիկոլ Փաշինյանը պայքարում է կոռուպցիայի դեմ, և եթե հաջողությամբ պսակվի,ապա ներդրողների համար գրավիչ երկիր կլինենք: ԱԺ-ն ցրելուց հետո, ազատ ու արդար ընտրություններով ձևավորվի ժողովրդի կամքն արտահայտող ԱԺ, ինչպես եղավ քաղաքապետի ընտրության ժամանակ, հաջորդ քայլը կլինի դատաիրավական համակարգի լիակատար բարեփոխում, որ կոռուպցիայի դեմ պայքարն էլ իմաստ ունենա, քրեական հանցագործներն էլ գրավի դիմաց ազատություն չեն վայելի: Իսկապես ներդրողների համար էլ գրավիչ երկիր կունենանք: Իհարկե, եթե ԱԺ-ում մեծամասնություն լինեն հակահեղափոխականները, դատաիրավական համակարգում բարեփոխում չլինի, դժվար թե երկրի զարգացումը բնականոն լինի:

Սույն տիկինը շահարկում է այն, որ հարյուր հազարավոր մարդիկ չեն մասնակցել ընտրություններին, իսկ իրենց համախոհները պարզապես այլընտրանք չունենալով ուղղակի չեն գնացել ընտրատեղամասեր: Գաղտնիք չէ, որ ընտրացուցակներն ուռճացված են: Ինչքան մարդ կա, որ ցուցակներում են, բայց ապրում են արտերկրում և, բնական է, որ ընտրություններին մասնակցել չէին կարող, շատ հարգելի պատճառով հանգուցյալներն էլ չեն կարողացել մասնակցել: Եթե ընտրության մասնակիցների թվին հավելենք հանգուցյալների ու արտերկրում ապրողների թիվը, պատկերն ամբողջական է դառնում:

Իսկ ինչ վերաբերվում է իրենց համախոհներին, եթե իսկապես այդպիսիք կան, ապա նրանք քվեարկել են իրենց կոալիցիոն գործընկերների օգտին: Հարց է առաջանում, եթե հազարավոր համախոհներ ունեիք, ապա ինչու՞ որպես քաղաքական ուժ չմասնակցեցիք ընտրություններին, թե վախեցաք Ձեր զրոյական վարկանիշից: Այո, ավագանու ընտրությունները հակահեղափոխականների ջախջախիչ պարտությունն էր, և ճանապարհ հարթեց ԱԺ արտահերթ ընտրություններ, որը ազդարարելու է հեղափոխության վերջնական հաղթանակը: Այսինքն՝ ՀՀ քաղաքացու հաղթանակը անշջելի է:

Հ.Գ. ԱԺ արտահերթ ընտրություններն ինչքանով են սահմանադրական նորմերին համապատասխան՝ մենք արդեն անդրադարձել ենք նախորդ հոդվածում:

Ջավահիր Այազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս