loader
Քոչարյանի բառապաշարում հայտնվել է խիղճ բառը...

Քոչարյանի բառապաշարում հայտնվել է խիղճ բառը...

ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակելուց ժամեր անց  մեղադրյալ Քոչարյանի գրասենյակը  ծավալուն հայտարարություն տարածեց: Հայտարարության նպատակն  է  Քոչարյանին ներկայացնել քաղաքական հայածյալ, որն ուղղորդվում է Նիկոլ Փաշինյանի կողմից: Եվ ձայնագրությունից էլ եզրակացրել է, որ ի սկզբանե խնդիր է դրված եղել, որ  ոչ թե բացահայտել  «Մարտի 1-ի» գործը և գտնել մեղավորներին, այլ  պարզապես կալանավորել  Քոչարյանին,  ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է, դատարանների վրա «բիրտ ճնշումներ» են եղել:

Այնուհետև հարցազրույց տվեց  մեղադրյալ Քոչարյանը, որը նույնպես վերաբերվում էր ԱԱԾ տնօրենի ու ՀՔԾ պետի գաղտնալսված հեռախոսազրույցին:  Քոչարյանը անցնելով երկու պաշտոնյաների  զրույցի բովանդակային «վերլուծությանը» ոչ ավել, ոչ պակաս համարում է, որ նրանք հանցագործություն են կատարել և իր դեմ քաղաքական հետապնդում իրականացրել, որը կապ չունի մարտի մեկի բացահայտման հետ, և յուրաքանչյուր պետությունում, ոչ միայն զարգացած ժողովրդավարական պետություններում, նման սկանդալից հետո այդ մարդիկ պետք է տային հրաժարական, ներողություն խնդրեին հասարակությունից իրենց արարքի, հանցանքի համար, ներողություն խնդրեին նաև իրենից:

Մեղադրյալը իրենց գործը բարեխիղճ կատարող մարդկանց մեղադրում է նաև, որ խիղճ չունեն և պադոշոտ դեմքերով փոխանակ փորձեն արդարանալ իրենց արած հանցանքից, փորձում են հարձակվել և նոր մեղադրանքներ ուղղել իր հասցեին: Այսքանով չի ավարտվում մեղադրյալ Քոչարյանի «վերլուծությանը», ավելի հետաքրքիր բան էլ է ասել, որ իշխանությունները  երբ ասելիք չեն ունենում, կոռուպցիայից են խոսում և Հայաստանի ժողովրդին շնորհավորում է, որ նոր բռնապետ ունի: 

Փորձենք հասկանալ: Ինչպես կոմունիստները կասեին՝ թե ու՞մ էր ձեռնտու գաղտնալսումը: Գաղտնալսումը ձեռնտու էր նրանց, ովքեր ուզում են ստվեր նետել մարտի մեկի բացահայտման գործընթացի վրա և ապացուցեն, որ նոր իշխանություններն  ինչքան թույլ են, որ նույնիսկ ԱԱԾ պետին են գաղտնալսում և հասարակությունը կարող է նոր իշխանությունների հետ հույսեր չկապել: Իզուր: Գաղտնալսված հեռախոսազրույցի հրապարակայնացումն ունեցավ ճիշտ և ճիշտ հակառակ էֆեկտը  և հասարակությունն իր զորակցությունն է հայտնում ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարներին և վստահ է, որ վերջապես մարտի մեկը բացահայտվելու է ամբողջ ծավալով  և  ոճրագործները ստանալու են արժանի պատիժ:

Հիշու՞մ եք, երբ Սերժ Սերժ Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին դաս էր տալիս մարտի մեկով, հասարակությունը ոնց համախմբվեց, և Սերժ Սարգսյանի հրաժարականն այլևս անխուսափելի էր: Իսկ ինչ վերաբերվում է գաղտնալսմանը, ապա խոսել  են  քրեական բացահայտումներով զբաղվող երկու գերատեսչությունների  ղեկավարներ, մենք չենք անդրադառնա խոսակցության բովանդակությանը: Մասնագետներն իրենց կարծիքներն  ասել են, որ եղել է կոռեկտության սահմաններում:  Ինչևէ:  

Իսկ հիմա Քոչարյանի այսպես կոչված մեկնաբանությունների  մասին: Արթուր Վանեցյան և Սասուն Խաչատրյան զույգը իրականացնում է մարտի մեկի ոճրագործության  բացահայտումն, որը հանրային պահանջ է, թե ի՞նչ հանցագործություն են գործում նշված պաշտոնյաները, մեղադրյալը չի մանրամասնում, և որն է էդ սահմռկեցուցիչ ոճրագործության բացահայտման քաղաքական պատվերի բաղադրիչը՝  դարձյալ  չի մանրամասնում:  

Ինքներդ էլ հասկանում եք, որ հանցագործությունը բացահայտողները հանցագործ լինել չեն կարող և քաղաքական պատվերի մասին խոսք լինել չի կարող, մայրաքաղաքի սրտում գնդակահարվել են խաղաղ ցուցարարներ՝ 10 զոհ և պիտի մեղավորները պատասխանատվության ենթարկվեն: Արդարության պահանջ:  

Այնուհետև, Քոչարյանը  հղում անելով զարգացած ժողովրդավարական երկրներին հայտարարում է, որ նման սկանդալից հետո այդ մարդիկ (Արթուր Վանեցյանը և Սասուն Խաչատրյանը) պետք է հրաժարական տային, և հասարակությունից ու իրենից ներողություն խնդրեին: Անկեղծ ասած, եթե Քոչարյանը ԱԱԾ-ի և ՀՔԾ պետի հրաժարականն է ուզում, նշանակում է  էդ մարդիկ իրենց գործը փայլուն են իրականացնում, և ամենևին էլ հանրությունից ներողություն խնդրելու խնդիր չունեն , վայելում են հանրության լիակատար վստահությունը: Իսկ ինչ վերաբերվում է իրենից ներողություն խնդրելուն, ապա դա այդպես էլ Քոչարյանի համար կմնա երազանքի ոլորտում:

Պատկերացնու՞մ եք, Քոչարյանի բառապաշարում խիղճ բառն էլ կա, պադոշ դեմք եզրույթն էլ կա: Հետաքրքիր է, երբ Հյուսիսային պողոտա էր կառուցում իր յուրայիններով և մարդկանց դուրս էր նետում սեփական բնակարաններից, այդ ժամանակ խիղճ բառի մասին մոռացել էր և ի՞նչ դեմքով էր գնում էլիտար շենքի կարմիր ժապավենը կտրում:

Չեք զարմանու՞մ,  երբ  Քոչարյանը դատավորների վրա ճնշում գործադրելուց է խոսում:  Իսկ ահա Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ դատավոր աշխատած Պարգև Օհանյանն ասել է.  «Դատավորներին պատվերները սկսվել են հենց Քոչարյանի ժամանակ: Բավական է հիշենք, հենց Հյուսիսային պողոտայի հետ կապված պատվերները: Նախագահականից կամ զանգում էին՝ օգնականը կամ աշխատակազմի ղեկավարը, կամ կանչում էին նախագահական: Զանգել են դատարանի նախագահին, դատարանի նախագահն էլ կանչել է դատավորներին, ասել է՝ Հյուսիսային պողոտայի հետ կապված գործերը պիտի լուծվեն հօգուտ իրացնողների: Սա նորություն չի» ( ՀԱՅ  ՄԵԴԻԱ 13.09. 2018թ.):

Հեռու չգնանք, մարտի մեկի արյունահեղությունից հետո հարյուրավոր ընդդիմադիրներ շինծու գործերով հայտնվել էին  բանտերում, իհարկե, դա եղել էր բացառապես դատավորների որոշումները, Քոչարյանի նման դեմոկրատը ո՞նց կարող էր դատավորի վրա ճնշում գործադրել: Ու էս մարդը հիմա  եկել է արդարադատությունից է խոսում, դատավորների վրա ճնշում գործադրելուց է խոսում: Քոչարյանի համար կոռուպցիայի դեմ պայքարն էլ ասելիք չունենալ է նշանակում: Վերջին ամիսներին մամուլի հրապարակումների ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բացահայտումներն են և վերջապես երկիրը աղքատության է հասցրել կոռուպցիան:

Մոռանալով իր բռնապետության 10 տարիները Նիկոլ Փաշինյանին նոր բռնապետ է համարում: Մոռացել է,որ ցանկացած բողոքի ակցիայից, միտինգներից, ընտրություններից  հետո, (իսկ բողոքի ակցիայի առիթները շատ էին) բանտերը  լցվում էին իրեն ընդդիմացողներով, իսկ լրագրողների ծեծը ապահովված էր: Մոռացել է, որ մի մտերմիկ բարևը Պողոս Պողոսյանը կյանքով հատուցեց, իսկ հանցագործները չպատժվեցին: Ավելին, խոշոր «դեմոկրատը» հայտարարեց, թե եթե հանգուցյալը կենդանի լիներ, ինքն էլ բան կունենար ասելու: Փաստորեն, հանգուցյալի բախտը բերել էր,որ կենդանի չէր:

Իհարկե, թե՛ մեղադրյալի գրասենյակի հայտարարությունը, թե՛ իր հարցազրույցները մեկ բան են նշանակում, այն է, որ մեղադրյալը  ինչ-որ մի ձևով քաղաքական հալածյալի կարգավիճակ ունենա:  Այս պարագայում, երբ կրակել են սեփական ժողովրդի վրա, արյուն է հեղվել, 10 անմեղ զոհ, մեղադրյալ Քոչարյանն էլ զորքերի գլխավոր հրամանատարն է եղել և պետք է պատասխան տա արդարադատության առջև, իսկ  եթե հավելենք ԱԱԾ ղեկավար Արթուր Վանեցյանի այն հայտարարությունը, որ հարուցվել է նոր քրեական գործ՝ փողերի լվացման հատկանիշներով, ապա պատկերն ամբողջական է դառնում:

Ի՞նչ քաղաքական հետապնդման մասին  է խոսքը կամ  քաղաքական վենդետայի: Քաղաքական հետապնդում, քաղաքական վենդետա արտահայտությունները մեղադրյալ Քոչարյանից կիլոմետրերով հեռու են: Մարտի մեկին կատարվել է զազրելի ոճիր... Պատիժն անխուսափելի է: Հատուցման ժամն է:

Հանրությունը սպասում է... 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս