loader
Մեղադրյալ Քոչարյանի պարագայում քաղբանտարկյալ եզրույթը ժպիտ է առաջացնում

Մեղադրյալ Քոչարյանի պարագայում քաղբանտարկյալ եզրույթը ժպիտ է առաջացնում

Մարտի 1-ի գործով գլխավոր մեղադրյալ Քոչարյանին ազատ արձակելու դեմ «Պրիվե՛տ, Ռոբ» բողոքի ակցիայի մասնակիցները  «Ցմահ՝ մարդասպանին», «Ռոբերտ, մարդասպան» վանկարկումներով մտան «Էրեբունի պլազա» հյուրանոցի ասուլիսի սրահ՝ տապալելով դրա կազմակերպումը: Այդ կերպ ակտիվիստներն արտահայտեցին իրենց բողոքը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ:

Ավելի ուշ Վիկտոր Սողոմոնյանը հայտարարեց` իշխանությունները վախենում են, որ Քոչարյանը խոսի, դրա համար էլ նման բան են կազմակերպել: Մեղադրյալ Քոչարյանի  հանրության հետ շփման անհագ ծարավը թույլ չտվեց, որ ձեռքերը ծալած նստի և հարցազրույց տվեց Երկիր Մեդիային: Այս մասին մի փոքր ավելի ուշ:

Սկսենք նրանից, թե ասուլիս հրավիրել էր, որ ի՞նչ աներ: Ասուլիսն ենթադրում է, որ մեղադրյալ Քոչարյանը բան էր ասելու և բան էր լսելու լրագրողներից: Մարդ, որի ղեկավարման տարիներին  փակվել են հեռուստաընկերություններ՝ Ա1+ և ՆՏ, իսկ  լրագրողների ծեծը գոնե համապետական ընտրությունից ընտրություն ապահովված էր: Հավելենք նաև 2003-ի իր երդման արարողության ժամանակ, երբ ձեռքը դրած Սահմանադրության վրա  երդվում էր, դրսում թաղի խուժանը հարձակվում էր լրագրողների վրա: Դեպքեր ինչքան ուզեք: Չթվարկենք:

Ի՞նչ ուներ ասելու մեղադրյալ Քոչարյանը լրագրողներին, որ նրանք էլ հայտնեին հասարակությանը: Իհարկե, ոչինչ: Ինքն արդեն իր ասելիքը  ասել էր ղեկավարման տասը տարիներին: Հանրությունը այդ մասին հրաշալի գիտի: Նախագահական պալատին հրաժեշտ էր տվել մարտի 1-ի տասը անմեղ զոհերի արյունով և ենթադրվում էր, որ այլև նա ասելիք չի ունենա:

Ասուլիս հրավիրելուց առաջ բա չէր մտածու՞մ, որ լրագրողները կարող էին հարցնել 0038 հույժ գաղտնի հրամանի և լիքը ուրիշ բաների մասին: Ասուլիսի տապալումը մեղադրյալ Քոչարյանին  մեկ անգամ ևս ապացուցեց, որ հանրությունն իրեն չի ընդունում, ինչպես չի ընդունել 1998 և 2003 թվականներին, բայց ազատեց անցանկալի հարցերից:

Իսկ ի՞նչ ասաց դաշնակների եթերից: Առանձնապես ոչինչ: Խոսում էր խոսքի ազատությունից, որը ժողովրդավարության հիմնական բաղադրիչներից է, ինչի իրավունքը պարզապես չուներ: Տնտեսությունից էր խոսում, երբ ինքն էր տխրահռչակ Գույք պարտքի  դիմաց ծրագրի շրջանակներում ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնել օտարին, և տնտեսական աճ էր գրանցում միայն երկրի ընդերքը քարուքանդ անելով, մարդկանց սեփական բնակարաններից զրկելով, յուրայինները Հյուսիսային պողոտա էին կառուցում:

Նոր իշխանություններին մեղադրում է փորձի պակասի մեջ:  Գոնե  էդ երիտասարդները պատշաճ կրթություն են ստացել, մոռացել է իր հեռակա կրթության մասին: Մինչև հիմա երկրի պետական լեզվին չի տիրապետում:

Նիկոլ Փաշինյանի խոսքը Արցախի հարցի վերաբերյալ  նենգափոխեց, երբ ինքը սակավ մտավոր կարողություններով Արցախի հարցի լուծումը փակուղի տարավ և Արցախը դուրս թողեց բանակցային գործընթացից:

Մոռացել է, որ 1999թ Ստամբուլում ստորագրեց այն խարտիան, որին 1996թ. Լիսաբոնում վետո էր դրել Լևոն Տեր-Պետրոսյանը: Իսկ այդ խարտիան ստորագրելով Քոչարյանն ըստ էության համաձայնվել էր ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և ԼՂ հակամարտությունը՝ որպես Ադրբեջանի ներքին գործ։

Երկու ժամկետ զբաղեցրել է նախագահի աթոռը և իրեն թվացել է, թե քաղաքականությամբ է զբաղվել: Աբսուրդ:  Էդ ո՞ր մի կուսակցության ծրագիրն էր իրականացնում, հիմա էլ քաղաքականություն վերադարձից է խոսում, ախր ինքը ոչ մի կուսակցության շարքային անդամ էլ չէ: Կարող է նոր է ուզում քաղաքականությամբ զբաղվել, դա ուրիշ բան է, բայց ոչ երբեք վերադարձ:

Քաղաքականություն վերադարձն էլ պայմանավորում է նրանով, որ նոր կառավարությունը չի հասկանում՝ ինչ է կատարվում, չի հասկանում, որ չի կարելի վարկաբեկել բանակը: Բանակը նոր իշխանությունները չեն վարկաբեկում, ընդամենը փորձում են կոռուպցիան վերացնեն: Ի գիտություն  մեղադրյալ Քոչարյանի բանակը վարկաբեկվեց ապրիլյան քառօրյայի ժամանակ, երբ  մեր զինվորները կռվում էին բահերով ու 80-ականների զենքերով, իսկ հիմա բանակը նոր է փորձում է  վերականգնել տարածաշրջանի ամենամարտունակի երբեմնի իմիջը:

Կրակել սեփական ժողովրդի վրա, 10 անմեղ զոհ ... Նման ծանր մեղադրանք առաջադրված լինի և մարդը մտածի քաղբանտարկյալ լինելու մասին: Անհասկանալի է:

Մեղադրյալ Քոչարյանը չմանրամասնեց, թե որն է մեղադրանքի  քաղաքական բաղադրիչը,  որ ինքն էլ քաղբանտարկյալ է: Այս պարագայում քաղբանտարկյալ եզրույթը ժպիտ է առաջացնում:

Այնուամենայնիվ հարցազրույցը դրական կողմ էլ ուներ, որ մեղադրյալ Քոչարյանի շատ լավ է պատկերացնում իր մեղադրանքի ծանրությունը և չի բացառում վերադարձը կալանավայր և իրենք մինչև եվրոպական դատարան բողոքելու են: Թե Վիկտոր Սողոմոնյանն ինչ կասի, ինչպես հայտնի ֆիլմում են ասում՝ ըտիկ կարևոր չէ: Կարևորը այն է, որ բացահայտվելու է մարտի մեկի զազրելի ոճիրը: Հանցագործները պատժվելու են դասականը կասեր՝ օրենքի տառին համապատասխան: Իսկ մեղադրյալ Քոչարյանինը անհաջող փորձ էր «միակ տղամարդու»  իմիջը պահպանելու:

Իզուր տվայտանքներ:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս