loader
Մերժվածների կանանց գվարդիան ակտիվացել է

Մերժվածների կանանց գվարդիան ակտիվացել է

Վերջին օրերին անասելի ակտիվացել են մերժվածները: Նոր իշխանություններին վարկաբեկելու ծանր լուծը իրենց վտիտ ուսերին էին վերցրել ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ՀՀԿ խոսնակ Շարմազանովը, իսկ հիմա առավել ակտիվ է մերժվածների կանանց գվարդիան: Ակտիվ հարցազրույցներ են տալիս և խոսում են բաներից, որ, անկեղծ ասած, ժպիտ է առաջացնում:

ԱԺ նախկին պատգամավոր Կարինե Աճեմյանը թերթերից մեկին ասել է, որ քաղաքական գործչի կերպարի նշաձողն այն աստիճանի է իջեցվել, որ ինքը նույնիսկ չի ուզում մեկնաբանել: Այնուհետև շարունակելով միտքը նախկին պատգամավորը նկատել է. «Ցավոք սրտի, մենք այդպես էլ կայացած քաղաքացիական հասարակություն չունեցանք, մենք ունեցանք ֆեյք քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք պարզապես իրենց անձնական շահադիտական մղումներից ելնելով՝ այս  ճանապարհով մանիպուլյացիայի ենթարկեցին հասարակությանը: Հրապարակ 26.03.2019թ »:

Անշուշտ, ընթերցողը կզարմանա և կժպտա, որ նման բան կարող է ասել մի քաղաքական ուժի (քաղաքականը մեծ վերապահումով է) ներկայացուցիչ, որ քսան տարի շարունակ քաղաքական գործչի կերպարի նշաձողը իրենք են իջեցրել, երբ պատգամավորական մանդատ են տվել շմայսներին ու լֆիկներին (ցանկը կարելի է շարունակել), և էլ ավելի շատ իջեցրին, երբ իրենց թեթև ձեռքով ընտրական համակարգում տեղ գտավ տխրահչակ ռեյտինգայինը, որը ընտրական գործընթացից վերացրեց քաղաքական բաղադրիչը:

Տիկին Կարինեն սրտի ցավով է արձանագրում, որ կայացած քաղաքացիական հասարակություն չունեցանք և ունենք ֆեյք քաղաքական-հասարակական գործիչներ, որոնք պարզապես իրենց անձնական շահադիտական մղումներից ելնելով՝ այս ճանապարհով մանիպուլյացիայի ենթարկեցին հասարակությանը: Նախկին պատգամավորը պիտի հասկանա, որ ընտրական գործընթացներում ինչքան ուզեն էնքան խփելու պայմաններում անիմաստ է բարձրաձայնելը քաղաքացիական հասարակության մասին, երբ քաղաքացին չէր կարող ձևավորել սեփական իշխանությունը: Ի՞նչ քաղաքացիական հասարակության մասին է խոսում տիկինը, երբ քաղաքացին վաճառում էր իր ձայնը: Նախադպրոցական և դպրոցական հաստատություններից մինչև բուհական համակարգ կուսակցականացվելու պայմաններում խոսել կայացած քաղաքացիական հասարակության մասին նույնպես անիմաստ է: Հասարակությունը վկա է եղել այն ամենին, ինչը որ կատարվել է երկրում, էլ ի՞նչ կարիք կար մանիպուլյացիայի, իսկ ինչ վերաբերվում է նոր իշխանությունների խոստումներին, ապա ժամանակը ցույց կտա, դեռ վաղ է մանիպուլյացիայի մասին խոսելը:

Հեղափոխության ամենամեծ ձեռքբերումը, որ համառորեն չեն նկատում մերժվածները դա այն էր, որ քաղաքացին ձևավորեց իշխանությունը, ինչը հիմք է հանդիսանալու քաղաքացիական հասարակության:

Անցնենք առաջ: Իսկ օրինակ մերժվածներից մեկ այլ նախկին պատգամավոր՝ Մարգարիտ Եսայանն էլ անհանգստանալով Մեղրու զորամասում կատարվածից, որ զինվորները դուրս էին եկել փողոց և հրաժարվել էին սափրվել, նկատել է. «...Վարչապետին, խնդրում եմ, պահանջում եմ, հորդորում եմ, ուշքի արի, սթափվիր, լրջացիր, չես կարող՝ հեռացիր, որովհետեւ մնացած ամեն ինչ քեզ կներվի, իսկ բանակի եւ երկրի անվտանգության տապալումը քեզ ոչ ոք չի ների, ոչ այսօր, ոչ հարյուր տարի հետո»։ 

Այն ինչ-որ տեղի է ունեցել Մեղրու զորամասում ցավալի է, և պատկան մարմինները պիտի զբաղվեն: Տիկին Մարգարիտայի անհանգստությունը բանակի հարցում այդքան էլ անկեղծ չէ: Շատ պարզ պատճառով: Եթե նախկին պատգամավորը այդքան շատ էր անհանգստանում բանակի հզորացմամբ և իրեն թվում է թե ինքը երկրի պաշտպանությամբ ու անվտանգությամբ ավելի շատ է անհանգստացած քան երկրի վարչապետը կամ էլ պարզապես շարքային քաղաքացիները, ապա տիկին Մարգարիտան սխալվում է: Եվ եթե այդքան անհանգստացող էր բանակի համար թող իրենց իշխանության ժամանակ անհանգստանար և բարձրաձայներ բանակի թշվառ վիճակի մասին, երբ ապրիլյան քառօրյային բանակը կռվում էր 80-ականների զենքով, երբ ինչ-որ մեկը բանակի համար լվացքի մեքենայի փող էր հավաքում, երբ խրամատների համար տուֆ քարի փող էին հավաքում, իսկ Մեղրու զորամասում տեղի ունեցած ցավալի դեպքը կուսումնասիրեն պատկան մարմինները:

Եվ վերջապես, եթե այդքան սթափ էիք, լուրջ էիք, ուշքի եկած էիք բա ինչու՞ մեր կյանքի բոլոր բնագավառներում հետընթաց էիք արձանագրում, և ահագնացող արտագաղթ էր, որը սպառնում էր երկրի անվտանգությանը:

Իսկ վարչապետին հեռանալու կոչ կարող է անել միայն ժողովուրդը, որը տվել է բարձր լեգիտիմություն: Իսկ լրագրողի այն հարցին, թե արագ փոփոխություններ ակնկալում է, տիկին Մարգարիտան ուշագրավ պատասխան է տվել. «Քավ լիցի, ինքս երբեք այն մարդկանց թվին չեմ եղել եւ չեմ, որոնք ակնկալում էին, թե նոր իշխանությունը եկած-չեկած պիտի արմատապես փոխեր ամեն ինչ եւ ստեղծեր մեր /իրենց/, բոլորիս երազած Հայաստանը, ես Փաշինյանի չափ միամիտ չեմ, որ հավատամ կախարդական փայտիկներին, բայց եւ ակնկալում էի, որ համաժողովրդական այս սպասումը, լավի, դրականի ակնկալիքը փուլ-առ փուլ, քայլ առ քայլ կարվեր եւ կլինեին համեմատաբար տեսանելի, շոշափելի փոփոխություններ։ Չեղավ եւ չի լինի, որովհետեւ չկա կամքը, կան՝ կոչեր, հոխորտանք, սպառնալիք։ «Օլիգարխներ այլեւս չկան» ասելով, օլիգարխները չվերացան, «կոռուպցիա չկա» ասելով, կոռուպցիան չվերացավ, «մենաշնորհ չկա» ասելով, մենաշնորհը չվերացավ, կարմիր գծերը կան, բայց մերն են ասելով, այդ գծերը չվերացան, աշխատատեղեր չկան, տնտեսությունը թույլ շնչառություն ունի… Aravot.am 26.03.2019թ»:

Անկեղծ ասած, նույնիսկ մեկնաբանելու կարիք չկա, երբ ինքն է ասում, որ կոռուպցիա է եղել, մենաշնորհ է եղել, օլիգարխներ են եղել, և համաժողովրդական լավի սպասում է եղել: Կարող ենք արձանագրել, որ նախկին պատգամավորը հաստատում է, որ իրենց ժամանակ վատ է եղել, նույնիսկ շատ վատ է եղել: Նոր իշխանություններին մեղադրել, թե այս կարճ ժամանակահատվածում քաղաքական կամք չեն ունեցել շոշափելի արդյունքների հասնելու համար, տիկին Մարգարիտայի մեղադրանքները այդքան էլ տեղին չէ: Համաձայնեք, քսան տարվա կառուցված կոռուպցիոն համակարգը արմատախիլ անելն այդքան էլ հեշտ գործ չէ, նույնիսկ կախարդական փայտիկը չի օգնի: Իսկ չարորակ գոյացության մետաստազներին երբեմն քիմիան էլ չի օգնում:

Այսուհանդերձ հուսանք, որ նոր իշխանությունները ճանապարհ կգտնեն և համաժողովրդական լավի սպասումն իրականություն կդարձնեն: Ինչքան էլ ակտիվանան մերժվածները, մի բան հաստատ է՝ իրենց այլևս վերադարձ չկա: Այս պահին իրենց ակտիվացումը հետհեղափոխական էյֆորիա է: 

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս