loader
Մի ամբողջ փաստաբանական պալատ չի կարողանա օգնել

Մի ամբողջ փաստաբանական պալատ չի կարողանա օգնել

Լավ կլիներ, եթե անմեղությունը 
նույնքան հովանավորություն 
գտներ, որքան հանցանքը:

Լառոշֆուկո

Հակահեղափոխականների ճամբարում վիճակը վատ է: Ոչ թե վատ է, այլ ծայրահեղ վատ է: Այնքան վատ է, որ օգտագործում են պահուստային  ֆոնդերը՝ հասարակության մեջ վարկանիշ չունեցող գործիչների՝ Վազգեն Մանուկյան, Ազգային համաձայնության մարդ կուսակցության ղեկավար Արամ Հարությունյան, Արթուր Բաղդասարյան  և, վերջապես, Արտաշես Գեղամյան:

Արտաշես Մամիկոնովիչը, որպես ռուսական կողմնորոշում ունեցող գործիչ՝ «մտահոգ» հայ-ռուսական հարաբերություններով, վարկաբեկում  է վարչապետ Փաշինյանին և թավշյա  հեղափոխությանը՝ այն անվանելով պետական հեղաշրջում ու «քարուքանդ» անում Փաշինյանի վարած  արտաքին քաղաքականությունը, մասնավորապես հայ-ռուսական հարաբերություններում: Մինչդեռ, վարչապետի վարած թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականությունը հրապարակային է և հանրությունն ականատես է լինում: Դժվար, թե Արտաշես Մամիկոնովիչից բացի կգտնվի մեկը, որ ասի, թե  Փաշինյանը փոխել է արտաքին քաղաքական վեկտորը:  

Թվում էր, թե  Մամիկոնովիչը այլևս հրապարակային խոսքի կարիք չուներ, 2008-ի ընտրություններից հետո իշխանությունները արժանին մատուցեցին, զավակները պաշտոններ ստացան, ինքն էլ ԱԺ-ում՝ մանդատ: Իսկ վերը նշված գործիչները ջանք ու եռանդ չեն խնայում Լևոն Տեր-Պետրոսյանին վարկաբեկելու համար, որը Վազգեն Մանուկյանի կյանքի նպատակն ու ամենասիրած գործն է: Հրաշալի դերաբաշխում է, չէ՞:  Սովորաբար սրանց օգտագործվում էին ընտրությունից ընտրություն: Բայց, ինչպես տեսնում ենք՝  շաբաթը ուրբաթից շուտ եկավ:

Քոչարյանը  կալանավորվեց: Քոչարյանին  մարտի 1-ի արյունոտ դեպքերի բացահայտման համար պատասխանատվության ենթարկելը  հունից հանել է հակահեղափոխականներին: ՀՔԾ ղեկավարի կողմից 0038 գաղտնի հրամանի մասնակի գաղտնազերծումը Վիկտոր Սողոմոնյանին այն աստիճանի է հունից հանել, որ կորցրել է իրականության զգացողությունը և ասել է. «Բա գործի մյուս մասնակիցները ինչի՞ նստած չեն, կալանավորված չեն, էդ ներքաշողները, ովքեր ներքաշում էին բանակը քաղաքականության մեջ, որոնց անունները հայտնի են, տեսագրություններ էլ կան, և նրանցից մեկը առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է: Էդ ինքը շրջապատ չունի՞, որ ազդի իր շրջապատի վրա, ի՞նչ ընտրողականություն է»։ Սույն երիտասարդը մինչև հիմա չի հասկացել, որ Լևոն Տեր-Պետրոսյանը շատ վաղուց՝ 1998թ զինված ուժերի գլխավոր հրամանատար չէ, հետևաբար, բանակը ոչ միայն քաղաքականության մեջ, այլև ոչ մի տեղ չէր կարող ներքաշել:

Թե՛ վերը նշված գործիչները, թե՛ Քոչարյանի խոսնակը հրաշալի են հասկանում, որ իրենց նախագահին առաջադրված մեղադրանքները հիմնավոր են և իրավական  տեսանկյունից՝ անհերքելի: Դեռ պիտի ամբողջությամբ գաղտնազերծվի 0038 հրամանը, իսկ իրենք փաստաբանների թիվն են ավելացնում: Փաստաբանների թիվը ավելացնում են, որ ի՞նչ անեն: Հանցագործությունը ծանր է: Սեփական ժողովրդի՝ խաղաղ ցուցարարների վրա են կրակել, տասը զոհ: Զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարը պիտի պատասխան տա, մեծ դասականը կասեր՝ օրենքի տառին համապատասխան: Նույնիսկ մի ամբողջ փաստաբանական պալատ չի կարողանա օգնել:

Իսկ հակահեղափոխականները հասարակությանն են ապակողմնորոշում, որ Մարտի 1-ի սպանդի համար հավասարապես պատասխանատու են թե՛ Լևոն Տեր-Պետրոսյանը, թե՛ Քոչարյանը: Աբսուրդ: Չի ստացվի: Արյունահեղությունից անցել է տասը տարի, հասարակությունը հրաշալի գիտի թե ով ինչ դերակատարություն է ունեցել մարտի 1-ին: Լավ, որ Լևոն Տեր-Պետրոսյանը պատասխանատու էր, բա ինչպե՞ս եղավ, որ մարտի 1-ի գործով շինծու մեղադրանքներով, որ կալանավորվեցին առաջին նախագահի մի քանի տասնյակ կողմնակիցներ և ոչ մեկի վրա չհաստատվեց, որ կապ ունեն զոհերից որևէ մեկի սպանության հետ:

Զարմանալի մարդիկ են էս հակահեղափոխականները, իշխանություն չունեցող Լևոն Տեր- Պետրոսյանին պատասխանատու համարում են մարտի 1-ի արյունահեղության համար , իսկ ովքեր ի պաշտոնե պատասխանատու են նրանց մասին ոչինչ չեն խոսում:

Մարտի 1-ի բացահայտումը պիտի լինի մեր երազած իրավական պետության անկյունաքարը: Անցյալին վերադարձ չկա: Հակահեղափոխականները մտածելու բան  ունեն: Իսկ ՀՔԾ-ի ղեկավարը խոստանում  է բաց դատավարություն...

Ջավահիր  Այվազյան
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս