loader
Նիկոլ Փաշինյանը պիտի օգտագործի իր լեգիտիմության ռեսուրսը

Նիկոլ Փաշինյանը պիտի օգտագործի իր լեգիտիմության ռեսուրսը

Մերժվածներն օգտվելով նոր իշխանությունների անխուսափելի սայթաքումներից, չունենալով հանրային աջակցության ռեսուրս հրապարակ են նետել իրենց ողջ ռեսուրսները և պայքարում են նոր իշխանությունների դեմ, ինչը հաջողությամբ է իրականացվում մեդիատիրույթում: Իրենց դեզինֆորմացիաներով ուզում են հիաթափություն առաջացնել և միակ հույսը հանրության հիասթափությունն է նոր իշխանություններից: Իրենք այդ փորձն ունեն դեռ 90-ականներից: Իզուր:

Ի տարբերություն իրենց, նոր իշխանություներն ունեն հանրության աջակցության մեծ ռեսուրս: Իրենց հին ու նոր լրատվամիջոցներով և ֆեյք օգտատերերով մամուլը ողողում են կեղծ լուրերով, նույնիսկ չեն խորշում Ղարաբաղի կոնֆլիկտի շահարկումից: Ինչը շատ վտանգավոր է: Նման ստոր ճանապարհով ուզում են ազդել հանրային տրամադրության վրա: Հաջողություն չեն կարող գրանցել: Հանրության ատելությունը շատ մեծ է:

Իսկ ի՞նչ են անում նոր իշխանությունները վտանգի դեմն առնելու համար: Գրեթե ոչինչ: Նախ և առաջ Նիկոլ Փաշինյանը պիտի կատարի այն փոփոխությունները, որոնք պետության և ՀՀ քաղաքացու շահն են պահանջում: Իսկ Փաշինյանը չի շտապում: Փաշինյանը փորձում է այնպես անել, որ բոլորին դուր գա, բայց այդպես չի լինում: Իշխանություններն ունեն հանրային վստահության մեծ ռեսուրս, պիտի օգտագործեն իրենց լեգիտիմությունը: Վայելում են հանրության 70 տոկոսի աջակցությունը, ինչը թույլ է տալիս Նիկոլ Փաշինյանին գնալ ռադիկալ փոփոխությունների, և ՀՀ քաղաքացու կյանքում դրական փոփոխություն արձանագրել և հեռու մնալ պոպուլիզմից:

ՀՀ քաղաքացին առայժմ փոփոխություն չի տեսնում, ինչը կարող է հիասթափության պատճառ դառնալ: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տնտեսական հեղափոխության մասին, բայց ձեռնպահ է մնում համակարգային փոփոխություններից: Սահմանադրության փոփոխությունների մասին դարձյալ չի խոսում: Առանց համակարգային փոփոխությունների տնտեսական հեղափոխություն անհնար է իրականացնել: Իհարկե, մենք հասկանում ենք, որ երկիրը քսան տարի քարուքանդ են արել և մեկ տարում դրական տեղաշարժեր արձանագրել գրեթե անհնար է, այսուհանդերձ գոնե պիտի արդեն սկսած լինեին համակարգային փոփոխություններն ու սահմանադրության փոփոխությունները, որ քաղաքացին հույս ունենար և մերժվածների քարոզին ուշադրություն չդարձներ:

Հակահեղափոխականների հիմնական նպատակն է վարկաբեկել հեղափոխությունը և հասնել ռևանշի: Հակահեղափոխականները միշտ էլ պայքարել են Լևոն Տեր-Պետրոսյանի դեմ, իսկ հիմա ավելի են սաստկացրել և քոչարյանական մամուլը ջանք ու եռանդ չի խնայում 1996 թ դեպքերի և 2008 թ մարտի մեկի դեպքերի մեջ հավասարման նշան դնելու: Մինչդեռ դրանք տարբեր հարթություններում են: 1996թ այն ժամանակվա ընդդիմության հիմնական թեկնածու Վազգեն Մանուկյանն իր կողմնակիցներին տարել էր ԳԽ շենքի մոտ և ասել էր, որ գնում է բանակցելու, եթե ինքը 20 րոպից չգա, հավաքվածները պիտի իր հետևից գնան: Ինչը և հավաքվածները իրականացրել էին՝ նեխուժել և դաժան ծեծի էին ենթարկել ու առևանգել էին ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին և ԱԺ փոխնախագահ Արա Սահակյանին: Նրանք, ովքեր ծանոթ են նորագույն պատմությանը, չեն կարող չհիշել 1996-ի դեպքերը:

Արձանագրենք, որ 1996թ սահմանադրական կարգը խախտել էր ընդդիմության թեկնածու Վազգեն Մանուկյանը և անցնենք առաջ: Իսկ 2008 թվականի մարտի մեկին սահմանադրական կարգը խախտել են իշխանությունները և կրակել խաղաղ ցուցարարների վրա, արդյունքում 10 զոհ, բազմաթիվ վիրավորներ և այնուհետև շինծու մեղադրանքներով քաղբանտարկյալներ: Առաջին անգամ իշխանությունները կրակել են սեփական ժողովրդի վրա: Պարզ է, չէ՞, որ 1996-ը և 2008թ մարտի մեկը համեմատության եզր չունեն: Իսկ մարտի 1-ին Նիկոլ Փաշինյանը ոչ ավել, ոչ պակաս ներողություն է խնդրում Վազգեն Մանուկյանից 1996թ դեպքերի համար:

Բարձր գնահատելով վարչապետ Փաշինյանի հեղափոխական տաղանդը, բայց չենք կարող չնկատել, որ էդ ներողությունը պոպուլիզմի տարրեր է պարունակում և եթե չասենք ամբողջությամբ պոպուլիզմ է: Պոպուլիզմով դժվար կլինի երկիր ղեկավարելը: Եթե Նիկոլ Փաշինյանին թվում է, թե դրանով գոհացնում է համաշխարհային ազգի առաջնորդին և կոնսոլիդացնում է քաղաքական ուժերը, ապա Փաշինյանի հաշվարկները այնքան էլ ճշգրիտ չեն: Անցյալի դառը փորձն է հուշում: Անշուշտ, Նիկոլ Փաշինյանը սխալվում է համաշխարհային ազգի առաջնորդի հարցում: Վերհիշենք: 2008թ հայտնի դեպքերից հետո Սերժ Սարգսյանը մի ամբողջ հանրային խորհուրդ նվիրեց, և ինչպես հանրային խորհրդի անդամ Արշակ Սադոյանը մամուլին ասել էր, որ իրենք հանրային խորհրդով տարին երկու անգամ Սերժ Սարգսյանի հետ խաշ ուտելու են գնում, բայց դա խոչընդոտ չեղավ, որ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո առաջին բաժակը բարձրացներ Վազգեն Մանուկյանը:

Իսկ Նիկոլ Փաշինյանի ներողությունից հետո մերժվածների լրատվամիջոցներն ավելի մեծ թափով սկսեցին դեզինֆորմացիա տարածել և շահարկել 1996թ: Իրենց տերերը 20 տարի Ղարաբաղի կոնֆլիկտի լուծումը տարել են փակուղի, հիմա անամոթաբար շահարկում են Ղարաբաղի հարցը, նրանք ռևանշն ապահովելու համար ամեն ինչի պատրաստ են: Առջևում էլ մեղադրյալ Քոչարյանի դատավարությունն է, նրանք ամեն ինչ ուզում են անել, որ մեղադրյալը խուսափի արդարադատությունից:

Նիկոլ Փաշինյանը իր լեգիտիմության մեծ պաշար պիտի օգտագործի և ռադիկալ փոփոխություններ կատարի պետական կառավարման համակարգում, ինչը պետության ու քաղաքացու շահն է պահանջում, այլապես հետո ուշ կլինի, երբ մսխված կլինի լեգիտիմության հզոր պաշարը: Պետական շահը պոպուլիզմ չի սիրում: Պոպուլիզմով համակարգային փոփոխություն անհնար է կատարել: Անհնար է և բոլորին դուր գալ և բարեփոխումներ անել: Մենք հեղափոխության ջերմեռանդ պաշտպանն ենք և չենք ուզում, որ Նիկոլ Փաշինյանը ձախողի:

Իսկ մերժվածների վերադարձը կործանարար է թե՝ պետության, թե՝ հասարակության համար:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս