loader
Նոր Հայաստանում մարտի մեկերը գարուն են ավետելու

Նոր Հայաստանում մարտի մեկերը գարուն են ավետելու

Այսօր մարտի մեկն է: Նորագույն պատմության ամենաողբերգական էջերից մեկը: Նորագույն պատմությունն ունի նաև հոկտեմբերի 27: Հոկտեմբերի 27-ին գլխատեցին պետությունը: Ոճրագործներն անարգել մտան ԱԺ և գնդակահարեցին ԱԺ նախագահին, վարչապետին, պատգամավորների: Տասնամյակներով հետ տարան երկիրը: Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը կատարողներն ամենասկզբից էլ հայտնի էին, բայց մինչև այսօր կազմակերպիչները բացահայտված չեն:

Կարող ենք արձանագրել, որ հոկտեմբերի 27-ը բացահայտված չէ: Որոշ վերլուծաբանների կարծիքով, եթե բացահայտված լիներ հոկտեմբերի 27-ի կազմակերպիչները, չէր լինի նաև մարտի մեկը:

Մարտի մեկի ոճրագործությունից անցել է 11 տարի բայց դեռ բացահայտված չէ, ոճրագործները պիտի պատասխանատվության ենթարկվեն: Մարտի մեկի ոճրագործությունից հետո ոճրագործների փոխարեն շինծու մեղադրանքներով բանտերում էին հայտնվել խաղաղ հանրահավաքի կազմակերպիչները և պարզապես ՀՀ քաղաքացիներ, ովքեր երջանիկ պատահականությամբ կենդանի էին մնացել:

Հեղափոխությունից հետո նոր իշխանությունները ձեռնամուխ են եղել մարտի մեկի բացահայտմանը: Հակահեղափոխականներն ալեկոծված են: ՀՀԿ խոսնակ Շարմազանովն ասում է. «Հերի՛ք է սև ու սպիտակի բաժանեք մեր ժողովրդին… Հիմա էլ մարտի 1-ի երթ»:

Շարմազանովը լռում էր, երբ մարտի մեկին սևերը կրակում էին սպիտակների վրա: Հիմա նոր սևերի և սպիտակների բաժանումից է խոսում: Քսան տարի է ժողովուդը բաժանված սևերի և սպիտակների: Քսան տարի ժողովրդին նվաստացնելուց հետո ասում են մեր ժողովուրդ: Իհարկե, Շարմազանովին դուր չի գալիս,որ ոճրագործությունից 11 տարի անց առաջին անգամ պետական մակարդակով կազմակերպվում է երթ և զոհերի հոգեհանգստի արարողություն: 10 տարի շարունակ ՀԱԿ-ը մարտի մեկին երթ էր կազմակերպում, իսկ իշխանությունների կողմից խոչընդոտների պակաս չէր լինում, երթին չէին կարող մասնակցել նրանք, ովքեր շինծու մեղադրանքներով բանտերում էին:

Մեկ այլ հանապետական՝ Արմեն Աշոտյանն էլ բաց նամակ է գրում Լևոն Տեր-Պետրոսյանին և իր խելքով դասեր է տալիս առաջին նախագահին, միայն նամակի վերջում է ասում հիմնական նպատակի մասին. «Պարոն նախագահ, ... դուրս հանեք Փաշինյանին «Մարտի 1-ի» քաղաքական պարադիգմայից: ...Կոչ արեք ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին (168.am, 25.02.2019)»:

Քոչարյանի ջեմեռանդ պաշտպան «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանն էլ հարց է տալիս, թե ինչպե՞ս դուրս գալ «Մարտի 1»-երի անեծքից ու գերությունից:  Ինքն էլ պատասխանում է, որ հարցի պատասխանը պետությունն ու քաղաքացիները պետք է գտնեն, հրաժարվենք ընտրովիությունից, քաղաքական վենդետտաներից, կոնյունկտուրայից, պատմության հատվածական մեկնաբանությունից ու ժամանակակից պետություն կառուցենք, որ փակի հնի հետ հաշիվները առաջ նայելով, այլ ոչ թե անցյալի գերին դառնալով: Մեզ իրապես նոր Հայաստան է պետք:

Չենք առարկում: Մեզ պետք է նոր Հայաստան և մենք արդեն նոր Հայաստանում ենք, Անդրանիկ Թևանյանը համառորեն չի ուզում տեսնել, որ Հայաստանը արդեն առաջ է նայում, էդ հին Հայաստանում էր, որ ոճրագործությունը 10 տարի չբացահայտվեց: Պարոն Թևանյանը պիտի իմանա, որ առանց մարտի մեկի ոճրագործության բացահայտման անհնար է պետության առաջընթացը, պիտի սրբագրի անցյալը և հնի հետ միայն այդ դեպքում կկարողանա հաշիվները փակել: Հայաստանում կատարվել է աննախադեպ ոճիր՝ իշխանությունները կրակել են սեփական ժողովրդի վրա արդյունքում 10 զոհ, տասնյակներով վիրավորներ, շինծու մեղադրանքներով քաղբանտարկյալներ: Այս պարագայում, խոսել քաղաքական վենդետտայից, պատմության հատվածական մեկնաբանությունից, ընտրովիությունից և կոնյունկտուրայից առանց ոճրագործության կազմակերպիչներին և կատարողներին պատասխանատվության ենթարկելու պարզապես բարոյական չէ: Այո, այս հարցի լուծումը հասարակական պահանջ է և պետությունն էլ ոնց-որ թե պատասխանը գտնում է:

Պարոն Անդրանիկը մարտի մեկի մասին էդքան էլ ճիշտ պատկերացում չունի, մարտի մեկը գերություն չէ, մարտի մեկը ազգային արժանապատվության խնդիր է, քաղաքական խնդիր է, ՀՀ քաղաքացու անվտանգության ապահովման խնդիրն է, ոճրագործության բացահայտվելուց հետո այլևս կրկնություն չի ունենա և ՀՀ քաղաքացին կհասկանա, որ այլևս երբեք խաղաղ հանրահավաքի ժամանակ կրակող չի լինի: Ինչը անհնար է առանց ոճրագործության լիակատար բացահայտման, և պիտի պատասխան տան բոլոր կազմակերպիչները, կատարողները:

Վերջին օրերին անհնար է չնկատել վերլուծաբաների, քաղաքագետների, ոչմիթիզականների անիմաստ ակտիվությունները: Ինչ-որ վերլուծություններ են անում, հարցազրույցներ են տալիս, իհարկե, «մտահոգված» երկրի ու ՀՀ քաղաքացու ճակատագրով, որ իրենց անչափ մտահոգում է ղարաբաղյան կոնֆլիկտի լուծումը, դասեր են տալիս Նիկոլ Փաշինյանին, թե ինչ անի, որ արտաքին քաղաքական բնագավառում հաջողություն գրանցի: 20 տարի էս մարդկանց նման բաներ չէր հետաքրքրել: Նույնիսկ սակավաթիվ մասնակիցներով ոչմիթիզականները հանրահավաք կազմակերպեցին, պայքարում էին վիրտուալ հող տվողների դեմ: Վերջում պարզ է դառնում, որ վերլուծաբանների, քաղաքագետննների և պարզապես Քոչարյանի սակավաթիվ համակիրների ուզածը ընդամենը էն է, որ Քոչարյանը խուսափի արդարադատությունից: Իսկ Քոչարյանին առաջադրված է ծանրագույն մեղադրանք: Ոճրագործությունը աննախադեպ է, իշխանությունները կրակել են սեփական ժողովրդի վրա նրանք, ովքեր մասնակցություն են ունեցել ոճրին պիտի արդարադատության առջև պատասխան տան: Արդեն 76 հատորը դատարանում է և Քոչարյանը հնարավորություն ունի անմեղությունն ապացուցել դատարանում:

Հուսանք, որ նոր Հայաստանում մարտի մեկերը մեզ իսկապես գարուն են ավետելու:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս