loader
Նոր Հայաստանում մերժվածների ավանդույթներն անընդունելի են

Նոր Հայաստանում մերժվածների ավանդույթներն անընդունելի են

Պետական համակարգում պարգևավճարների տրամադրման մասին Facebook-ի ուղիղ եթերի ժամանակ վարչապետ Փաշինյանն ասել է. «Ընդհանուր առմամբ, պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց դրանց համար, ու մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են: Երբ ստանձնել եմ վարչապետի կարգավիճակը, եղել է ավանդույթ, որ ամեն եռամսյակը մեկ այդ աշխատողները կամ նրանց մի մասը ստացել են պարգևավճարներ…»:

Այնուհետև վարչապետը պարզաբանել է. «Եթե այդ պարգևավճարները բաժանում ենք, ամսական գալիս է 50 հազար դրամի աշխատավարձի հավելում: Դա մեծ պրոբլե՞մ է: Եթե որոշել ենք, որ պետական համակարգի աշխատողներին աշխատավարձ չենք տալիս, եկեք չտանք»:

Իհարկե, ոչ ոք չի առարկում, որ նախկինում նման ավանդույթ եղել է, նախկինում շատ ավելի վատ ավանդույթներ էլ են եղել և վատ ավանդույթներն էին պատճառը, որ հասարակությունը փողոց դուրս եկավ և մերժեց նախկիններին: Հասարակական պահանջ էր, որ վերջ պիտի լինի նախկին վատ ավանդույթներին, որոնք տեղ չեն ունենալու նոր Հայաստանում: Նոր Հայաստանում պիտի լինեն նոր ավանդույթներ: Հասարակական պահանջն էր նաև փոխել պետական կառավարման համակարգը, եթե պիտի թողնեք մերժվածների կառավարման համակարգը ապա հեղափոխությունը նպատակին չի ծառայի:

Վարչապետն ասում է, որ պարգևավճարներն ու աշխատավարձերը վճարվում են բյուջեով նախատեսված այն միջոցներից, որոնք նախատեսված են հենց դրանց համար, ու մեր պետական կառավարման համակարգում պարգևավճարները աշխատավարձի մաս են: Վարչապետը պիտի նաև ասի, որ նույն բյուջեից են վճարում ուսուցչին 50-70 հազար դրամ և կենսաթոշակառուն նույն բյուջեից ստանում է 30 հազար դրամ: Բյուջեն գոյանում է հարկատուներիս հաշվին և միայն իշխանության պարգևավճարի համար չէ, կենսաթոշակառուի և ուսուցչի համար էլ է:

Վատ ժառանգություն եք ստացել դատարկ գանձարան և անասելի չափերի է հասնում արտաքին պարտքը: Դատարկ բյուջեից ինչ պարգևավճարի մասին է խոսքը: ՀՀ քաղաքացին ըմբռնումով է մոտենում և զրկանքներ է կրում, իսկ զրկանքները պիտի լինեն նաև իշխանությունների համար: Եթե պաշտոն էին ստանձնում չգիտեի՞ն, որ երկիրը աղքատ է զրկանքներ պիտի կրեն նաև իրենք և նախկին իշխանությունների ճոխություններից չեն օգտվելու: Հեղափոխությունն է նրանց պարգևել պաշտոններ: Իսկ եթե հեղափոխությունը չլիներ իրենք իրենց պարգևատրող մարզպետները երազում էլ չէին տեսնի նման պաշտոն:

Այո, նախկինները ստեղծել են ուռճացած պետական ապարատ բարձր աշխատավարձերով և հավելավճարներով իրենց յուրայինների համար և հիմնականում այդ մարդիկ էին ընտրություններին տարատեսակ ծառայություններ մատուցում իշխանության վերարտադրության համար:

Անհասկանալի է, որ աղքատ երկրում վարչապետը 50 հազար դրամի հավելումը պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձին պրոբլեմ չի համարում:

Իհարկե, երբ շուրջբոլորը աղքատություն ու գործազրկություն է, երբ քիմիական արդյունաբերությունն է վերացել երկրի երեսից և հազարավոր բարձր որակավորում ունեցող ինժեներներ գործազուրկ են մնացել, երբ ուսուցիչը ամսական ստանում է ընդամենը 50-70 հազար դրամ աշխատավարձ, երբ կենսաթոշակառուներից քչերն են ամսական 50 հազար դրամ թոշակ ստանում պետական համակարգի աշխատակիցների աշխատավարձին 50 հազար դրամի հավելումը պրոբլեմ է:

Պարոն վարչապետ, երբ Ձեր հայտարարած տնտեսական հեղափոխությունը իրականություն կդառնա, երբ կունենանք զարգացած տնտեսություն, երկրում չի լինի այս աստիճանի աղքատություն և ՀՀ քաղաքացին կհասկանա, որ ապրում է նոր Հայաստանում, իհարկե, 50 հազար դրամ իշխանավորի ամսական աշխատավարձին հավելավճարը պրոբլեմ չի լինի: Իսկ առայժմ երկիրը աղքատության ճիրաններում է, ՀՀ քաղաքացու կենսամակարդակը նույնն է ինչ-որ հին Հայաստանում էր. այս պարագայում 50 հազար դրամ հավելավճարը իշխանավորի ամսական աշխատավարձին խիստ պրոբլեմ է:

Իսկ նոր Հայաստանում մերժվածների ավանդույթներն անընդունելի են:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս