loader
Ընթերցողը քաջատեղյակ է նորագույն պատմությանը

Ընթերցողը քաջատեղյակ է նորագույն պատմությանը

Օրեր առաջ մեղադրյալ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանը հայտարարություն էր տարածել, թե ԱԱԾ-ն իրեն մեղադրանք է առաջադրել: Շատ չանցած ԱԱԾ-ն մանրամասներ է ներկայացրել Սեդրակ Քոչարյանի դեմ հարուցված քրեական գործի վերաբերյալ:

Իհարկե, այս ամենը չէր կարող չանհանգստացնել մեղադրյալ Քոչարյանին: Առանձնապես ուղերձների սիրահար չէր Քոչարյանը ո՜չ ղեկավարման տարիներին և ո՜չ էլ դրանից հետո, հանկարծ մեկուսարանից Արցախի վերածննդի օրը, ղարաբաղյան շարժման հերթական տարեդարձի առթիվ շնորհավորական ուղերձ է հղում: Եվ ինչպես ինքն է ասում, որ միայն շնորհավորելու համար չի դիմում իր հայրենակիցներին, այլ, որ իշխանության եկած մարդիկ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին (իրեն նույնացնում է պետության հետ), ազգային միասնությունն են խարխլում, արժեզրկում են պատմությունն ու հերոսներին, և թուլացնում հաղթանակած բանակի ոգին։

Շարունակելով միտքը մեղադրյալ Քոչարյանը ասում է. «...Ատելության քարոզը, ազգային արժեքների փաստացի վերանայումը, պետական համակարգի քայքայումը, ինչպես նաև միակողմանի «խաղաղասեր» արտաքին քաղաքականությունը կործանարար են մեզ համար: Մի քանի դիլետանտների կողմից երկիրը փորձադաշտի վերածելու ծանրագույն հետևանքների հաղթահարման հնարավորություն կարող է և չունենանք»:

Փորձենք հասկանալ մեղադրյալ Քոչարյանին: Չնայած այդքան էլ հասկանալու բան չկա: Քոչարյանը անհանգստանում է որդու համար, կուտակած անասելի չաաափերի հասնող հարստության համար: Մեկուսարանից ի՞նչ կարող էր անել: Ուղերձ հղել: Անկեղծ ասած մեղադրյալ Քոչարյանի ուղերձը կարդալուց թվում է, թե գրված է իր ղեկավարման տարիների մասին: Լավ էս մարդը, որ նման բաներ է գրել, կամ ինչ-որ մեկը գրել է չի՞ մտածել, որ ընթերցողն անտեղյակ չէ նորագույն պատմությանը: Մեղադրանքներ է ներկայացնում նոր իշխանություներին, որի իրավունքը պարզապես չունի: Օրինակ՝ նոր իշխանություններին մեղադրում է դիլետանտության մեջ, բայց մոռանում է իր ղեկավարման տարիները, թե ոնց իր դիլետանտությունը Արցախը դուրս մղեց բանակցային գործընթացից և կոնֆլիկտի լուծումը տարավ փակուղի: Պարկեշտության պահանջ է, որ ինքը ղարաբաղյան կոնֆլիկտի մասին լռի, բայց ինքը չի լռում և ուրիշներին է մեղադրում: Մոռացել է էն բառապաշարը, որով ներկայանում էր հանրությանը: Մոռացել է, որ իր ղեկավարման տարիներին նույնիսկ սխալ բարևելու համար մարդը կյանքով է հատուցել:

Ոչ մի իշխանություն էլ սխալից ապահովագրված չէ: Երբ բարձրաձայնում են նոր իշխանությունների սխալների մասին, նրանք բացատրություն են տալիս:

Իսկ հիմա շատ կարևորի մասին: Մեղադրյալ Քոչարյանը բողոքում է ատելության քարոզից: Սա արդեն դեմագոգիայի դրսևորում է և զզվելիության է հասնում: Այ ինքը կասեր՝ ում կովը որ բառաչի՝ քոնը պիտի լռի: Մեղադրյալ Քոչարյանը երբ 1998թ զբաղեցրեց նախագահի աթոռը մի բան հրաշալի ստացվեց՝ ատելության քարոզը, այն էր արժեզրկել ղարաբաղյան պատերազմի փառավոր հաղթանակը, հաղթանակի տարիները որակել ցրտի ու մթի և մինչև օրս իրենց ահռելի ռեսուրսները օգտագործում են ատելության քարոզի համար, իսկ Լևոն Տեր-Պետրոսյանի վարած արտաքին փայլուն քաղաքականությունը հռչակել պարտվողական, թե իր ղեկավարման տարիներին որ բնագավառում հաղթանակ արձանագրեց բոլորին է հայտնի:

Հաջողություն գրանցեց ընտանեկան բիզնեսը, զրոյից միլիոնատեր: Լրատվական դաշտը և սոցցանցերը ապականված են ֆեյք կայքերով և ֆեյք օգտատերերով, ունենալով մեկ նպատակ վարկաբեկել հեղափոխությունը և առանցքում պահել Լևոն Տեր-Պետրոսյանին: Նոր իշխանություներին մեղադրում է, որ ուժգին հարվածներ են հասցնում Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին: Զարմանալի է, չէ՞, որ նման բան մեղադրյալ Քոչարյանն է ասում, երբ Հայաստանի ռազմավարական նշանակության օբյեկտները հանձնեց օտարին, իսկ պետության հիմքերը ամուր են, երբ ունի զարգացած տնտեսություն, միայն տնտեսապես հզոր Հայաստանը կարող է Արցախի պետականության հիմքերը ամուր պահել:

Եթե իսկապես անհանգստանում է Արցախի պետականության համար բա ինչու՞ եկավ Հայաստան, մնար ու ամրացներ պետականության հիմքերը: Եվ եթե չլիներ 1998թ պալատական հեղաշրջումը մենք էլ կապրեինք միանգամայն այլ Հայաստանում: Ու էս մարդը ոչ ավել, ոչ պակաս պետականության հիմքերի մասին է խոսում: Անշուշտ, ընթերցողը քաջատեղյակ է, թե ով է հարված հասցրել Հայաստանի և Արցախի պետականության հիմքերին:

Այնուհետև դարձյալ մեղադրում է նոր իշխանություններին, որ արժեզրկում են պատմությունն ու հերոսներին և թուլացնում հաղթանակած բանակի ոգին։ Էս դեպքում հարց է առաջանում: Ի՞նչով են թուլացնում բանակի ոգին: Երբ Փաշինյանի որդին սահման է պաշտպանում, իսկ մեղադրյալ Քոչարյանի երկու զավակներից ոչ մեկը սահմանում չի եղել, սահմանից զոհերի թիվը անհամեմատ ցածր է, իսկ ինչ վերաբերվում է հերոսներին ու պատմությունն արժեզրկելուն, ապա պատմության ամենափառահեղ արժեզրկումը պատմության կեղծումն է, ինչը իր ղեկավարման տարիներին հրաշալի է իրականացվել, իսկ եթե մարդիկ պատերազմի դաշտում ռազմական հաջողություն են գրանցել և հերոսի կոչում են ստացել, դա չի նշանակում, որ իրենք օրենքից դուրս են և իրենք իրենց արարքների համար օրենքի առջև պատասխանատու չեն:

Հանցագործ հերոսին ոչ ոք չի կարող արժեզրկել անպես, ինչպես ինքն է իրեն արժեզրկում: Նոր Հայաստանում օրենքի առջև բոլորը հավասար են լինելու: Անկախ նրանից ազգային հերոս է, թե շարքային քաղաքացի՝ գործած արարքի համար պիտի պատասխան տա: Մենք չենք խախտում անմեղության կանխավարկածը և սպասում ենք, որ հայր և որդի քոչարյանները դատարանում ապացուցեն իրենց անմեղությունը:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս