loader
Սա  բնական  ատելություն է

Սա բնական ատելություն է

Տևական ժամանակ գաղտնի էին պահում այն պատգամավորների անունները, ովքեր ստորագրել էին Քոչարյանի խափանման միջոցը փոխելու համար: Շատ ուշ հրապարակեցին: Հրապարակելուց ժամեր անց  ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը «քաջաբար» հայտարարեց, որ ինքն էլ է ստորագրել, ինչն իր օրինական իրավունքն է: Ոչ մեկը չի կարող իրեն զրկել իր ազատությունից ու իրավունքից: Պատգամավորը  անընդունելի է համարել ատելության, անհանդուրժողականության արհեստական քարոզչությունը և հայտարարում է, որ ժողովրդավարությունն էլ դժվար ժամանակներ է ապրում: Զավեշտը ամենավերջին նախադասությունն է. «Նման պահվածքը գնահատում եմ նաև երկրում առկա բազմաթիվ խնդիրներից ուշադրություն շեղելու չհաջողված փորձ»։

Իհարկե, դժվար է առարկել պարոն Աշոտյանին, երկրում բազմաթիվ խնդիրներ կան: Այո, այդ բազմաթիվ խնդիրներն իրենց նվերն է նոր  իշխանություններին: Երկրի հիմնական խնդիրը Արցախի հարցի չլուծված լինելն է, որ Քոչարյան-Սերժ Սարգսյան զույգը փակուղի է  մտցրել, և ոչ պակաս խնդիր է նաև կոռումպացված համակարգը, որ ջարդել է տնտեսության ողնաշարը, չմոռանանք նաև անասելի չափերի հասնող արտաքին պարտքը: Իսկ նման հարցերը լուծելու համար երեք ամիսը ակնթարթ է: Այնպես, որ պարոն Աշոտյանը այդքան էլ հաջող փորձ չի անում իրենց ստեղծած խնդիրները վերագրել նոր իշխանություններին:

Ի՞նչ արհեստական ատելության ու անհանդուրժողականության մասին է խոսքը. սա բնական ատելություն է, որը հանրությունն ամրագրեց մերժելով իշխողներին: Մարտի 1-ից անցել է տասը տարի, բա ինչու՞ չի բացահայտվել, դասականը կասեր՝ ուչաստկովիի գործ է: Հիշու՞մ եք, իրենց իշխանության  օրոք ինչպես էր փորձ արվել մարտի 1-ի գործի նախաքննությունը տանել այն ուղղությամբ, որ ողջ մեղքը բարդվի ընդդիմադիրների վրա: Դրա արդյունքում էլ հարյուրավոր ընդդիմադիրներ հայտնվեցին կալանավայրերում:

Արմեն Աշոտյանը իզուր է նեղսրտում: Դատական համակարգում առայժմ  նախկին կադրերն են: Նոր իշխանությունները փորձում են  ապահովել քաղաքացու ազատ ապրելու իրավունքը, այդ թվում նաև հանրապետականների: Ասել, թե ժողովրդավարությունը դժվար ժամանակներ է ապրում, այդքան էլ իրականությանը չի համապատասխանում: Այնպես, որ հակահեղափոխականները տարատեսակ  միջնորդություններով կարող են հանդես գալ իրեց շեֆին ազատության մեջ տեսնելու համար: Իսկ Քոչարյանը ազատություն կունենա, թե՝ ոչ, որոշելու են համապատասխան մարմինները:

Հա, եթե այդքան լավ բան էիք արել, և Քոչարյանի խափանման միջոցը փոխելը  արդարության պահանջ էր, բա ինչու՞ էիք գաղտնի պահում:

Հակահեղափոխականներին վերադարձ չկա: Հասարակությունը թույլ չի տա:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս