loader
Սերժ Սարգսյանը կմնա պատերին

Սերժ Սարգսյանը կմնա պատերին

ՀՀ նախկին գլխավոր դատախազ, ԱԺ պետաիրավական և մարդու իրավունքների մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը «ՀԺ»-ի հետ զրույցում ասել է, որ Սերժ Սարգսյանի նկարը պետական գերատեսչությունների աշխատասենյակներում, դպրոցներում, բուհերում ՀՀ պետական խորհրդանիշերի՝ դրոշի, զինանշանի կողքին կախելու օրենսդրական պահանջ չկա: «Օրենսդրական պահանջ չկա: Աշխատասենյակներում օրենքը կարգավորում է միայն դրոշի և զինանշանի փակցնելու պայմանները, կարգը և հիմքերը: Նախագահի նկարի փակցման իրավական պահանջ չկա»,- ասել է Կոստանյանը, իսկ հաջորդ հարցին, թե ինչո՞ւ է այսքան ժամանակ նկարը փակցվել, եթե օրենքի պահանջ չի եղել, պատասխանել է. «Ես կարծում եմ, որ սա սովորույթի բնույթ է՝ մեկ և երկրորդ, նաև շատ անձնական վերաբերմունք՝ նախագահի անձի նկատմամբ»:

Այսինքն, վերջին տաս տարում երկրում չի գտնվել գեթ մեկ պետական կառույց, գերատեսչություն, բուհ, դպրոց, նույնիսկ՝ մանկապարտեզ, որտեղ Սերժ Սարգսյանին չպաշտեին: Այնքան են սիրել, նրա համար 35 հազար դրամ ստացող դայակների ուշքն այնպես է գնացել, որ չեն զլացել, փող են ծախսել, գնել են Սերժ Սարգսյանի մեծադիր նկարներն ու փակցրել հազարավոր պատերի:

Հասկանալի է, չէ՞, որ Սերժ Սարգսյանի նկարները պատերին փակցնելը պարտադրված է եղել: Մինչև հիմա դա հիմնավորում էին նրանով, թե Սերժ Սարգսյանը պետության խորհրդանիշներից մեկն է, ինչպես՝ գերբը, հիմնը, իսկ խորհրդանիշերը այսպես են հարգում: Անձը կապ չունի, Սերժ Սարգսյանի փոխարեն ուրիշը լինի, նրա նկարը կփակցվի պատերին, բա դա պետականության ինստիտուտներից մեկն է:

Բայց բավական է, որ նախագահի պաշտոնը տան Արմեն Սարգսյանին, հանկարծ ու հիշեցին, թե բա՝ գիտե՞ք, հեչ էլ պարտադիր չէ, որ նախագահի նկարները պատերին ամրացնեք: Օրենքի պահանջ չկա: Բայց եթե շարունակում եք պաշտել Սերժ Սարգսյանին, հարց չկա, կարող եք նրա նկարները թողնել պատերին, օրը չորս անգամ համբուրել նկարը, դեմը մոմ վառել: Օրենքը չի պահանջում դա, բայց դուք դա կարող եք:

Սեմ Քեռյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս