loader
Սևերի  ներկայությունը նաև բանակում

Սևերի ներկայությունը նաև բանակում

Երևանի ավագանու ընտրություններին «Իմ քայլը» դաշինքից Երևանի քաղաքապետի թեկնածու առաջադրված Հայկ Մարությանը, ընտրությունների ֆինանսավորումն ապահովելու համար կազմակերպված դրամահավաք-երեկոյի ընթացքում ելույթ էր ունեցել ու նշել, որ իրենց թիմի դեմ խաղ չկա ու իրենք սպիտակ ուժերն են, իսկ ովքեր իրենց դեմ են՝ սև ուժեր են: Հայկ Մարությանի ելույթից հետո,  ովքեր իսկապես դեմ էին հեղափոխությանը մեկնաբանեցին այնպես, ինչպես իրենց էր հարմար, բնականաբար նպատակ ունենալով վարկաբեկել երկրում տեղի ունեցող դրական փոփոխություններն: Իսկ ահա ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ասել է. «Այ գավառական ծաղրածու, Դու ո՞վ դարձար, որ մեր հասարակությունը սևերի և սպիտակների կիսես...»:

Փորձենք հասկանալ, թե  ինչու՞ է այդքան նեղսրտել ՀՀ պաշտպանության նախկին նախարարը Հայկ Մարությանի ասած պարզագույն ճշմարտություններից: Հասարակությանը Հայկ Մարությանը չէ, որ կիսել է սևերի և սպիտակների: Հասարակությունը 20 տարի է կիսված է սևերի և սպիտակների՝ թալանողների և թալանվողների:

Ուզում ենք հարցնել Վիգեն Սարգսյանին, ովքեր,որ երկիրը դատարկել են, որոնց պատճառով դպրոցներ են փակվել, անասելի չափերի  է հասել արտագաղթը, որն երկրի անվտանգությանն է սպառնում, սև են, թե՞ սպիտակ, ընտրակեղծարարները սև են, թե՞ սպիտակ, բանակը թալանողները սև են, թե՞ սպիտակ:

Իհարկե, ցանկը կարելի է անվերջ շարունակել:  

Մեր կյանքի բոլոր բնագավառներն ապականված են: Վերջին ամիսներին լրատվամիջոցների  համար հիմնական թեմա է դարձել անասելի չափերի հասնող տարատեսակ կոռուպցիոն բացահայտումների լուսաբանումը: Ապրիլյան քառօրյան եկավ ապացուցեց սևերի ներկայությունը նաև  բանակում, երբ մեր երեխաները, մինչև ատամները զինված հակառակորդի դեմ կռվում էին բահերով և 80-ականների զենքերով, իսկ վերջին խայտառակությունն, որ գեներալը կալանավորնած է, ամբողջացրեց պատկերը: Բանակն այն աստիճանի էր հասել, որ Շուշան Պետրոսյանը խրամատների համար տուֆ քարի փող էր հավաքում, ինչ-որ մեկն էլ լվացքի մեքենայի փող էր հավաքում, բա նվաստացուցիչ հազար դրամների հավաքելը, զինվորների ներքնազգեստներն իրենց ծնողներն էին ապահովում:

Մի կուսակցության ներկայացուցիչ,  ով հանդուրժել է ԱԺ-ում  Շմայսին, Լֆիկին, Թոխմախի Մհերին, Սեյրան Սարոյանին  ու Մանվել Գրիգորյանին եկել է, ու պատշաճ կրթություն ստացած և իր բացառիկ տաղանդի շնորհիվ դերասանական արվեստի տիրապետող մարդուն գավառական ծաղրածու է համարում: Կամ էլ իրենց շեֆի արտահայտությունները՝ իյա իրո՞ք,  թարս բուսնած խիյարը և այլն:

Եվ վերջապես, հասարակությանը սևերի և սպիտակների  կիսելու մասին խոսում է  մի քաղաքական ուժի ներկայացուցիչ, որ իրենց  ղեկավարման տարիներին հասարակությունն  արդեն կիսված էր: Կարծում ենք, նախկին նախարարն այդ իրավունքը չի վաստակել:

Հայտնի բան է, չէ՞, երբ սեփական գերանը թողած ուրիշի աչքի փուշն են տեսնում:  Այո, Հայկ Մարությանը չի կեղծել, չի ստել և ասել է այն ինչ կա: Կարելի էր այլ  ձևակերպում տալ, բայց դրանից բովանդակությունը չէր փոխվի:

Կարծում ենք, Հայկ Մարությանն այնքան էլ չի սխալվել երբ ասել է մեր դեմ խաղ չկա: Պատճառը պարզ է: Օգոստոսի 17-ի հանրահավաքը ապացուցեց, որ ժողովուրդը ՔՊ կուսակցության կողքին է: Ոչ վաղ անցյալ էր, չէ՞, երբ Սերժ Սարգսյանը  հրաժարական տվեց, որին հասել է բացառապես ժողովուրդը, և այդ փաստը  բոլոր պատեհ առիթներով արձանագրում է  նաև Նիկոլ Փաշինյանը: Ի՞նչ է պատահել:  Այո, ժողովրդի դեմը խաղ չկա: Իսկ  եթե  ժողովուրդը չէ խաղի կանոններ թելադրողը , բա ինչու՞ եք սպասում, որ հեղափոխական էյֆորիան անցնի և Ձեր ռևանշն իրականացնեք:

Հայկ Մարությանն ընդամենը փաստն է արձանագրել: Իհարկե, կան մարդիկ, որ  հասկանում են այնպես, ինչպես իրենց է պետք: Մարդկային տեսակ է, որ հայաստանյան քաղաքական  դաշտում երբևէ  քչություն  չի  արել: Թե հիմա ով  է ինքն իրեն սև համարում,  ոչ Հայկ Մարությանի խնդիրն է, և  ոչ էլ հասարակության:  Հասարակությունը հիմա մի խնդիր ունի լուծելու, բոլոր հնարավոր միջոցներով թույլ չտալ նախկինների ռևանշը, որն ավելի այլանդակ դրսևորումներ կունենա:

Եթե նույնիսկ նոր իշխանությունը ձախողի, միևնույն է նախկիններին վերադարձ չկա: Ժողովուրդը թույլ չի տա:

Ջավահիր Այվազյան
 

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս