loader
Խորհրդական Սրբուհու տվայտանքներն իզուր են

Խորհրդական Սրբուհու տվայտանքներն իզուր են

ԽՍՀՄ-ի փլուզումից հետո կովկասյան երեք հանրապետություններում իշխանության եկան դեմոկրատական ուժերը: Հայաստանում Լևոն Տեր-Պետրոսյանը, Վրաստանում Զվիադ Գամսախուրդիան, Ադրբեջանում Աբուլֆազ Էլչիբեյը:

Ծանր ժառանգություն ստացավ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ ղարաբայան պատերազմ, փախստականներ, աղետալի երկրաշարժից տուժած անօթևաններ, քայքայված տնտեսություն: Կարճ ժամանակում Հայաստանը տարածաշրջանում ունեցավ ժողովրդավարության կղզյակի համարում, ղարաբաղյան պատերազմում փառավոր հաղթանակ տարավ և հաղթական զինադադար կնքեց: Բայց գտնվեցին մարդիկ, որ հաղթանակի ու պատերազմի տարիները որակեցին «ցրտի ու մթի»: Հիմա էլ սրանք:

«Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը վիրավորական արտահայտություն էր թույլ տվել ՀԱԿ ներկայացուցիչների հասցեին, մասնավորապես ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանի հասցեին և նենգափոխել էր խոսքը, մենք մեր նախորդ հոդվածում անդրադարձել ենք: Հաջորդ օրը վարչապետի խորհրդական Սրբուհի Ղազարյանն, իր ասելով՝ որպես Սոֆյա Հովսեփյանի խոսքի տրամաբանական շարունակություն (նույնիսկ մեծ ցանկության դեպքում Սոֆյայի խոսքում տրամաբանություն գտնելն անհնար էր), ՀՀ հիմնադիր նախագահին հարցեր է ուղղում, որպես իր վաղ պատանեկությունը գողացողի, և հարցնում է, թե Ղարաբաղ կոմիտեի անդամներին ազատ արձակելու դիմաց ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ, թե ի՞նչ պայմանավորվածություն է ձեռք բերվել լույսի անջատման դիմաց: Իհարկե, առանց փաստերի:

Սույն տիկինը պետք տեղյակ լիներ, որ էներգետիկ չարաշահումներով տևական ժամանակ զբաղվել է Արշակ Սադոյանը և եթե հարցը ուղղեր Սադոյանին, կստանար սպառիչ պատասխան: «Լափած մազութի » մասնագետը Սադոյանն է: Շատ իզուր է Լևոն Տեր-Պետրոսյանին ուղղում: Հաջորդը՝ Լևոն Տեր-Պետրոսյանը ի՞նչ պայմանավորվածություն կարող էր ունենալ ԽՍՀՄ ԿԳԲ-ի հետ, երբ ինքն էլ Ղարաբաղ կոմիտեի անդամ էր և մնացած անդամների հետ ձերբակալված էր, երկրի նախագահ էլ չէր: Անհեթեթություն: Իսկ ինչ վերաբերվում է վարչապետի խորհրդականի վաղ պատանեկությանը, որ անցել է պատերազմի և հաղթանակի տարիներին, և ինքը դա համարում գողացած, դա նշանակում է, որ ինքը չի զգացել, որ պատերազմ է: Այդ տարիները բոլորիս համար հպարտության տարիներ են եղել: Դժվարությունը բոլորիս համար է եղել:

Երբ Ազատության հրապարակից գրեթե ամեն օր զոհվածների հուղարկավորությունն էր լինում, ո՞նց կարող էր մարդ մտածեր, թե բնակարանը չի ջեռուցվում, հացը կտրոնով է, հոսանքը ժամերով է, և չմասնակցեր Ազատության հրապարակում զոհված հերոսների հրաժեշտին և Ղարաբաղից ստացվող վերջին լուրերից անտեղյակ մնար:

Նշանակում էր մարդկային ոչինչ չունենալ և մտածել ստամոքսով: Թե՞ խորհրդական Սրբուհին մտածում էր, որ պատերազմի ժամանակ գաթա էր ուտելու: Եվ եթե գաթա չեն ուտում, պատերազմը հաղթանակած երկրի նախագահին իրավունք կունենան մեղադրելու մանկություն գողանալու մեջ: Կարկամում ես:

Գիտե՞ք ինչի է պատազմի տարիները գողացած համարում, որովհետև չի հասկացել, թե ինչ է պատերազմը, ենթադրում ենք, որ հիմա էլ չի հասկանում: Աստված մի արասցե եթե պարտություն կրած լինեինք, թուրքը կարող էր սահմանից էլ այս կողմ հասնել, այդ դեպքում ի՞նչ էր անելու և ասելու Սրբուհի Ղազարյանը: Թյուրիմացություն է, որ մարդը սեփական բարեկեցությունից մի քայլ այնկողմ չի տեսնում և հայտնվում է պետական կառավարման համակարգում:

Իհարկե, գրառումից ժամեր անց վարչապետի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը հայտարարեց, թե այդ կապակցությամբ վարչապետը պարզաբանումներ է պահանջել խորհրդականից: «Վարչապետի դիրքորոշումն այն է, որ գործադիր մարմնի բոլոր պաշտոնյաները իրենց հրապարակային ելույթներում եւ խոսքում պետք է հետեւեն կառավարության դիրքորոշումներին եւ մնան իրենց պարտականությունների շրջանակում։ Սույն հանձնարարականը խախտողների նկատմամբ կկիրառվեն խստագույն կարգապահական միջոցներ»,- հավելել էր վարչապետի խոսնակը:  

Նույնիսկ վարչապետի մամուլի ծառայության ղեկավարի հայտարարությունից հետո խորհրդական Սրբուհին ասում է, թե ինքը վարչապետին չի տեսել և վարչապետն իրեն ոչինչ չի ասել: Պատկերացնու՞մ եք, վարչապետի խորհրդականին թվում է, թե կառավարության մամուլի ծառայության ղեկավարը կարող էր առանց վարչապետի տեղյակ լինելու նման հայտարարություն անել: Այն էլ Վլադիմիր Կարապետյանի նման պրոֆեսիոնալը: Անկախ նրանից, թե Սրբուհի Ղազարյանը որ ոլորտում է վարչապետին խորհուրդ տալիս, պիտի իմանար, որ կառավարության մամուլի ծառայության ղեկավարը առանց վարչապետի տեղյակ լինելու նման հայտարարություն չէր անի:

Գիտե՞ք ինչն է անհասկանալի և անտրամաբանական, որ Վլադիմիր Կարապետյանի հայտարարությունից հետո հարցազրույցներ է տալիս և դարձյալ պնդում ու ասում է, որ իր հարցերի պատախանին է սպասում մի ամբողջ ժողովուրդ, որն ապրել է 90-ականներին։ Իսկ տիկին Սրբուհու ասած 90-ակաների ամբողջ ժողովուրդը հարցերի պատախանը շատ վաղուց ստացել էր և 2008թ նախագահական ընտրություններին իր վստահության քվեն տվեց Լևոն Տեր-Պետրոսյանին:

Խորհրդական Սրբուհու տվայտանքներն իզուր են: Քիչ չէ էդ ինտելեկտով խորհուրդ է տալիս մի ամբողջ երկրի վարչապետի, հետո էլ համարձակվում է առանց փաստերի մեղադրանքներ ներկայացնել պատերազմում հաղթանակած երկրի նախագահին: Այ քեզ բան: Ոնց կարո՞ղ է մարդ նման բան մտածել: Դժվար է:

Իսկ հիմա դառնանք մեր հարևաններին: Գամսախուրդիայի արկածախնդրության պատճառով Վրաստանը չխուսափեց քաղաքացիական պատերազմից, մայրաքաղաքի սրտում՝ Ռուսթավելու պողոտայում շուրջ երկու շաբաթ ընթանում էին ակտիվ ռազմական գործողություններ, արյուն հեղվեց: Էլչիբեյի անհավասարակշիռ քաղաքականության արդյունքում Ադրբեջանը անմասն չմնաց քաղաքացիական պատերազմից: Պարտություն կրեց Ղարաբաղյան պատերազմում: Լևոն Տեր-Պետրոսյանի վարած թե՝ արտաքին, թե՝ ներքին քաղաքականության շնորհիվ ղարբաղյան պատերազմում հաղթանակ ունեցանք և խուսափեցինք քաղաքացիական պատերազմից, իսկ քաղաքացիական պատերազմի նախադրյալներ կային:

Վատ չէր լինի պետական կառավարման համակարգում պատահական հայտնվածները խոսելուց առաջ մտածեին և հասկանային, թե ում ինչ են հարցնում: Թե չէ անհարմար բան է ստացվում:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս