loader
Ժողովուրդը դաշնակներին արդեն տուն է ուղարկել

Ժողովուրդը դաշնակներին արդեն տուն է ուղարկել

ՀՅԴ 33-րդ ընդհանուր ժողովն այս անգամ տեղի է ունենում Արցախում: Քսան տարի նախկին իշխանություններին մաս կազմող կուսակցության՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանն ասել է. « ...Գարնանը տեղի ունեցած իրադարձությունները մենք համարում ենք համաժողովրդական զարթոնք, որը եկավ թոթափելու երկրում երկար տարիներ ծանրացած անարդարությունները։ Այն եկավ վճռական և վերջնական «ոչ» ասելու երկրում առկա խտրական քաղաքականությանը, սոցիալական անարդարությանը, կաշառակերությանը, անգործությանն ու աղքատությանը։ Սակայն ինչ-որ ուժեր լավագույնս օգտագործեցին ժողովրդի արդարացի դժգոհություններն ու պոռթկումը, հետապնդեցին նպատակներ, որոնք ոչ մի առնչություն չունեին ժողովրդի դժգոհությունների, ցանկությունների, պահանջների հետ»։

Ավելի հետաքրքիր բան էլ է ասել ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչը, որ Հայաստանի նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը: Այլ ելք չունենալով ընկեր Մարգարյանը հայտարարել է. «Հաջորդ ընտրություններին տուն ենք ուղարկելու այս իշխանություններին և ստանձնելու ենք երկրի ամբողջական ղեկավարման գործը»։

Մի փոքր կանգառ, որ կարողանանք հասկանալ, թե ընդհանրապես դաշնակները և մասնավորապես ընկեր Հրանտը ի՞նչ են ուզում: Որևէ մեկը կարո՞ղ է պատկերացնել, թե երկրում ինչ տեղի կունենա եթե դաշնակները ստանձնեն երկրի ամբողջական ղեկավարման գործը... Դաշնակ Մարգարյանն այնպես է ասում հաջորդ ընտրություններին նոր իշխանություններին տուն ուղարկենք, կարելի է մտածել, որ իրենք ժողովրդի կողմից լիակատար աջակցություն ունեն, այն դեպքում, երբ ԱԺ ընտրություններին նույնիսկ անցողիկ շեմը չկարողացան հաղթահարել:

Սույնով ոչ միայն ընկեր Հրանտն, այլև բոլոր դաշնակները պիտի հասկանան, որ ժողովուրդն արդեն իրենց տուն է ուղարկել:

Գիտեք ինչն է անընդունելի, որ քսան տարի իշխանության մաս կազմելով վայելել են իշխանական բարիքները և լռել են, իսկ հիմա հայտարարում են, որ երկրում տարիներ շարունակ եղել են անարդարություններ, խտրական քաղաքականություն, սոցիալական անարդարություն, կաշառակերություն, անգործություն, աղքատություն: Նման հայտարարություն միայն դաշնակը կարող էր անել: Անհարմար է, գոնե չբարձրաձայնեն: Այսինքն ընկեր Հրանտը հաստատում է, որ իրենք մասնակից են եղել երկրում տեղի ունեցող բացասական երևույթներին: Նման վարքով էլ նոր իշխանություններին տուն են ուղարկում:

Ընկեր Մարգարյանը ողջ ելույթն այնպես է կառուցել, կարծես թե իշխանափոխությունն իրենց երազանքն է եղել, և հեղափոխության ողջ ծանրությունն էլ եղել է իրենց վտիտ ուսերին: Կարկառուն դաշնակներից և ոչ մեկը, նույնիսկ Նիկոլ Փաշինյանի քայլարշավին չի էլ մասնակցել: Գոնե մի երկու կիլոմետր քայլած լինեին: Ընդամենն ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո՝ ապրիլի 25-ին հայտարարել են, որ դուրս են գալիս կոալիցիայից և պահանջում են ԱԺ արտահերթ ընտրություններ: Հեղափոխության հաղթանակից հետո իրենց հռչակեցին հեղափոխության կողմնակիցներ, իսկ հիմա փաստացի հեղափոխության ղեկավարին մեղադրում են, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել այն խնդիրները, որոնց համար սկիզբ առավ շարժումը:

Իսկ ինչ վերաբերվում է ընկեր Հրանտի այս մտահոգությանը, որ նոր իշխանությունները չեն արտահայտում ժողովրդական շարժման տրամադրությունները և անկարող են լուծել խնդիրները որոնց համար սկիզբ է առել շարժումը, ապա դա մերժվածների ցանկությունն է, որ ուզում են մատուցել որպես իրականություն:

Ընդամենը մեկ ամիս է, որ ժողովուրդը վստահության քվե է տվել նոր իշխանություններին: Հիմա էլ ԱԺ-ն է խոշորացույցի տակ: Ով ինչ սայթաքում կունենա: Ինչքան սխալներ էլ ունենան, ինչքան էլ անփորձ լինեն միևնույն է չի կարելի համեմատել նախկին փորձառու ո՛չ դաշնակների, ո՛չ հանրապետականների հետ: Սրանց փորձառությունները տեսնելով անփորձների սայթաքումներն անմեղ բաներ են: Իրենց փորձառությունների շնորհիվ էր, որ երկիրն էս վիճակին է հասել:

Իսկ անփորձ իշխանություններն էլ մեր ընտրությունն է:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս