loader
Ժողովուրդն այլևս չի հանդուրժի շարմազանովների ներկայությունը

Ժողովուրդն այլևս չի հանդուրժի շարմազանովների ներկայությունը

Երևանի ավագանւ և քաղաքապետի ընտրություններում «Իմ քայլը» դաշինքի համոզիչ հաղթանակից հետո մրցակից կուսակցություններից շատերը շնորհավորեցին և փաստեցին, որ ընտրությունները անցել են ազատ և արդար, ինչի ականատեսը եղավ նաև ՀՀ քաղաքացին: Վերջին քսան տարում չլսված ու չտեսնված բան: Քաղաքացին ազատ էր, ոչ ոք նրան չէր ասում գնա ընտրության: Բակերում գազելներ չկային, թաղի խուժանը դերակատարություն չուներ, ընտրակաշառք չէր բաժանվում, ննջեցյալներն էլ խաղաղ ննջում էին: Կարող ենք արձանագրել հեղափոխության մեծ ձեռքբերումը: Ընտրատեղամաս էր մտնում ազատ  քաղաքացին և զգում իր ձայնի կարևորությունը:

Իսկ ահա հանրության կողմից մերժված հակահեղափոխականները ոչ մի կերպ չեն կարող հաշտվել իրականության հետ: ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն,  անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Նյու Յորքում հայկական համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ արած հայտարարությանը, որ առաջիկայում բանակցություններ կհրավիրի խորհրդարանական և ոչ խորհրդարանական ուժերի հետ՝ քննարկելու խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակացույցն  ու պայմանները, նկատել է, որ իրենց ֆրակցիան նման քննարկում չի ծավալել և նման քննարկման կարիք չկա ու հավելել է, որ  ԱԺ-ն պետք է ցրվի և ձևավորվի ոչ թե՝ ըստ իրողությունների փոփոխության, այլ՝ ըստ Սահմանադրության։ Ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով։

Իսկ ավելի վաղ  ընտրությունների նախօրյակին ԱԺ փոխխոսնակն ասել էր. «Փաշինյանն ակնհայտորեն խառնել է ամեն ինչ, ինքն իրեն հռչակել է սահմանադրություն։ Ազգային ժողովն ընտրվել է օրինական ու պետք է գործի մինչև 2022 թվականը` անկախ որևէ ՏԻՄ ընտրության արդյունքից: Իսկ  Փաշինյանի ցանկությանը պատասխանեմ ժողովրդական իմաստությամբ. «Թան էլ չէ, փրթած մածուն»:

Իհարկե, մենք հասկանում ենք Շարմազանովի անհանգստության պատճառը, բայց Շարմազանովն ինքը մի փոքր վատ է պատկերացնում իրականությունը: Ինչպես տեսնում ենք, Շարմազանովը յոթ երգ գիտի յոթն էլ ԱԺ-ն չցրելու մասին է: Ընտրություններից առաջ, ընտրություններից հետո նույն բանն է ասում: Ասել կուզի, Շարմազանովի համար նշանակություն չունի, որ ընտրություններում վարչապետի  ղեկավարած կուսակցությունը համոզիչ, առանց ընտրակեղծիքների 82 տոկոս է հավաքել, այսինքն՝ հեղափոխական էյֆորիա չէ, հանրությունը ամուր կանգնած է Փաշինյանի կողքին և վստահություն ունի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության նկատմամբ: Այո, այս ընտրությունները լրացուցիչ մանդատ տվեցին վարչապետին ԱԺ-ն ցրելու, սրանից հետո արդեն կարևոր չէ, թե Շարմազանովներն ինչ կասեն:

Շամազանովներն այդպես էլ չհասկացան, որ ժողովուրդը գործոն է և չի կարելի ժողովրդին այդքան նվաստացնել՝ ընտրակաշառքով, գազելներով ընտրատեղամաս տեղափոխելով, մուրացկան դարձնելով:

Եվ այսօր, եթե Նիկոլ Փաշինյանի վարկանիշը այդքան բարձր է դա իրենց՝ հանրապետականների շնորհիվ է, որ ժողովուրդը ատելության այնքան մեծ չափաբաժին ունի 20 տարում կուտակած, որ եթե Փաշինյանին էլ մերժեն, միևնույն է իրենց վերադարձ չկա և արտահերթ ԱԺ ընտրությունները անխուսափելի են:

Շարմազանովը ոչ մի կերպ չի պատկերացնում արտահերթ ԱԺ ընտրություններ և ասում է, որ ըստ Սահմանադրության՝ ՀՀ օրենսդիր մարմինն անկախ մարմին է, որը ձևավորվում է 5 տարին մեկ՝ օրինական ընտրությունների միջոցով:

Հիշեցնենք ԱԺ փոխխոսնակին, որ Սահմանադրությունը ունի նաև ՀՈԴՎԱԾ 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ժողովուրդն իր իշխանությունն իրականացնում է ազատ ընտրությունների, հանրաքվեների, ինչպես նաև Սահմանադրությամբ նախատեսված պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց միջոցով:Իշխանության յուրացումը որևէ կազմակերպության կամ անհատի կողմից հանցագործություն է:  

Շարմազանովը պիտի հասկանա,որ ԱԺ ցրելը Նիկոլ Փաշինյանի ցանկությունը չէ, ԱԺ ցրելը հասարակական պահանջ է, երկրում չի կարող լինել երկիշխանություն և անտեղի չհամեմատի փրթած մածնի հետ: Ժողովրդական իմաստնությունը ուրիշ բան է ասում՝ թթու չէ, թան չէ երկիր կառավարելը ամեն  մարդու բան չէ: 20 տարի երկիրը քարուքանդ անելուց հետո դարձյալ մտածում են չհեռանալու մասին:

Այս պահին շարմազանովները մի բան կարող են անել՝ հրաժարվել մանդատներից և արժանապատիվ հեռանալ: Ազատ ու արդար ընտրություններն էլ տեսնելով ժողովուրդը այլևս չի հանդուրժի շարմազանովների իշխանության երկարաձգումը՝ մինչը 2022 թվականը, ինչպես իրենք են ուզում: Արդեն ուշ է:

Ջավահիր Այվազյան

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս