loader
Բռնցքամարտիկների մոտ հույս է արթնացել. Վահե Բադալյան

Բռնցքամարտիկների մոտ հույս է արթնացել. Վահե Բադալյան

Երիտասարդ բռնցքամարտիկ Վահե Բադալյանը հասցրել է մեդալներ նվաճել ինչպես պատանիների, այնպես էլ երիտասարդների Եվրոպայի առաջնություններում: Նա համարվում է մեր երկրի ամենատաղանդավոր երիտասարդ  բռնցքամարտիկներից մեկը, թեպետ, վերջին տարիներին ուժերն է փորձում նաև մեծահասակների պայքարում ու հասցրել է դառնալ մեծահասակների Հայաստանի  չեմպիոն: Երիտասարդ բռնցքամարտիկը մտածում է նաև պրոֆեսիոնալ ռինգերի մասին, այդուհանդերձ երազանքն օլիմպիական չեմպիոն դառնալն է: Երիտասարդ բռնցքամարտիկը խոսել է ինչպես Եվրոպայի առաջնություներում նվաճած մեդալների, այնպես էլ Ռոստովում անցկացրած միջազգային ուսումնամարզական հավաքի և  առհասսարակ բռնցքամարտի մասին:

- Եվրոպայի առաջնությունն ու նվաճած երկու մեդալները:

- Դեռևս պատանեկան տարիքում Եվրոպայի առաջնությունում իմ նվաճած մեդալները ինձ որպես մարդ, որպես անհատ ոչնչով չփոխեցին: Ես մնացի նույն Վահե Բադալյանը թե՛ իմ թիմակիցների, թե՛ ընկերների, թե՛ հարազատների համար, բայց ռինգում ես ավելի ինքնավստահ դարձա. արդեն հավատում էի իմ ուժերին: Իհարկե, Լեհաստանում կայացած  Եվրոպայի առաջնության եզրափակիչը՝ անգլացի մարզիկի հետ պայքարում, ես տանուլ տվեցի, բայց հետագայում ճիշտ դասեր քաղեցի սխալներիցս և ուժերս փորձելով արդեն Հայաստանի մեծահասակների առաջնությունում՝ դարձա չեմպիոն:

- Ռինգն ու հաղթանակի գրավականը:

- Ռինգում ամենակարևորը հոգեբանորեն պատրաստ լինելն է, այլապես կարող ես պարտվել անգամ քեզնից թույլ մրցակցին: Շատ դեպքերում պետք է մրցակցին ճնշել հենց հոգեբանորեն: Պետք է նաև ինքնավստահ լինել, որը միանշանակ ազդեցություն է թողնում նաև մրցավարների վրա: Իհարկե, այս ամենի հետ մեկտեղ անհրաժեշտ է նաև ֆիզիկապես ու տեխնիկապես էլ պատրաստ լինել, այլապես ոչինչ չի ստացվի:

- Ռոստովյան միջազգային ուսումնամարզական հավաքն ու դրա կարևորությունը:

- Ցանկացած մարզիկի համար էլ արտասահմանում մարզվելն ու միջազգային հավաքները անչափ օգտակար և կարևոր են, քանզի ավելի շատ են սպարինգ մրցակիցները, մարզումները նույնպես ավելի շատ են, հագեցած և խորացված են, ու տարբերվում են սովորական մրզումներից: Ռոստովյան ուսումնամարզական հավաքը մեզ շատ բան տվեց, դա երևաց նաև միջազգային մրցաշարի ժամանակ, որտեղ մեզ ավելի վստահ էինք զգում:

- Ռոստովում անցկացրած մենամարտերն ու դրանցից քաղած դասերը:

- Եթե անկեղծ, ես յուրաքանչյուր մենամարտից հետո ավելի շատ մտածում եմ թույլ տված սխալներիս մասին: Ռոստովում կայացած մրցաշարն էլ բացառություն չէր: Զգում էի, որ մրցակցիս չեմ կարողանում պահել անհրաժեշտ տարածության վրա, բայց կարևորը մարզիչներիս հետ հասկացանք սխալները և հետագայում կշտկեմ:

- Բռնցքամարտի նոր ֆեդերացիան և մարզիկների նոր հույսերը:

- Ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը պատշաճ ուշադրություն է ցուցաբերում բոլորիս: Բռնցքամարտիկների մոտ հույս է արթնացել: Մինչև այս շատերը դադարել էին մտածել բռնցքամարտով զբաղվելու մասին, քանզի որքան էլ սիրես սպորտը, պետք է կարողանաս հոգալ սեփական կարիքները: Ես գիտեմ, որ նույնիսկ կային բռնցքամարտիկներ, ովքեր անգամ  ճանապարածախսի խնդիրներ ունեին, բայց այսօր արդեն ամեն ինչ կարգավորվել է. մարզիկները ստանում են իրենց մարզական թոշակները, ու բոլորը գոհ են: Ֆինանսը մարզիկի համար կարևոր գործոն է: Երբ դա կա, լիարժեք մտածում ես միայն մարզումների մասին:

- 2019-ի նոր մարտահրավերները:

- 2019-ը  անչափ կարևոր տարի է: Ես ուժերս փորձելու եմ նաև պրոֆեսիոնալ ռինգում: Արդեն պայմանագիր ունեմ կնքած: Ըստ նախատեսվածի՝ մարտի 16-ին կանցկացնեմ առաջին մենամարտս և կմրցեմ  Քրիստոֆ Ռոգասկու հետ:   Իհարկե, պրոֆեսիոնալ բռնցքամարտը ես համատեղելու եմ սիրողականի հետ, քանզի դեռ այստեղ պետք է կայանամ, բացի այդ, ցանկություն ունեմ նաև մասնակցել օլիմպիական խաղերին, որն իմ երազանքն է:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս