loader
ՀՖՖ-ի որոշումը վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանը. «Փյունիկի» հայտարարությունը

ՀՖՖ-ի որոշումը վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանը. «Փյունիկի» հայտարարությունը

Դեկտեմբերի 6-ին տեղի էր ունեցել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Կարգապահական կոմիտեի նիստը, որի ժամանակ որոշում էր կայացվել մինչև 2019 թվականի մայիսի 31-ը որակազրկել «Փյունիկի» գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին:

Որոշման հիմք է հանդիսացել Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության՝ «Փյունիկ»-«Գանձասար-Կապան» խաղի ժամանակ Տալալաևի պահվածքը:

Վերջինս հայհոյել էր մրցավարի օգնականին, ապա հեռացվել տեխնիկական գոտուց:

Այս որոշման առթիվ «Փյունիկը» հանդես է եկել պաշտոնական հաղորդագրություն է տարածել.

««Փյունիկ» ֆուտբոլային ակումբն, ուսումնասիրելով ՀՖՖ Կարգապահական կոմիտեի 18-19-21 դեկտեմբերի 6-ի նիստի որոշումը՝ որակազրկել թիմի գլխավոր մարզիչ Անդրեյ Տալալաևին մինչև մրցաշրջանի ավարտը, հայտնում է իր խիստ անհամաձայնությունը:

«Փյունիկ» ֆուտբոլային ակումբն ուսումնասիրել է Կարգապահական կոմիտեի այս մրցաշրջանի բոլոր կայացրած որոշումները և գտնում է, որ Կարգապահական կոմիտեն գործում է ոչ պրոֆեսիոնալ, ոչ արդար և կիրառում է երկակի ստանդարտներ:

Հայտնում ենք, որ Անդրեյ Տալալաևը պատժվել է Կարգապահական կանոնակարգի 15-րդ հոդվածի 18-րդ կետի համաձայն, ըստ որի որպես պատժամիջոց է սահմանվում մինչև մեկ տարի որակազրկումը: Մեր իրավաբանները, ուսումնասիրելով միջադեպի նախադեպերը, եկել են այն եզրակացությանը, որ պատժաչափը համաչափ չէ կատարված արարքին:

Նման դաժան պատժամիջոցը մենք համարում ենք անարդար. այն վնասում է հայկական ֆուտբոլի զարգացմանն ու նրա իմիջի ձևավորմանը թե´ Հայաստանում, թե´ Հայաստանից դուրս:

Չնայած նրան, որ սեպտեմբերի 22-ին փոխվեց ՀՖՖ ղեկավարն ու գործկոմը, սակայն Կարգապահական կոմիտեն ինչպես և տարիներ շարունակ, այնպես էլ հիմա շարունակում է գործել ոչ պրոֆեսիոնալ ու կողմնակալ:

Մենք խնդրում ենք ՀՖՖ ղեկավարությանը ուշադրություն դարձնել Կարգապահական և մյուս բոլոր կոմիտեների աշխատելաոճին, մենք հույս ունենք, որ առաջիկայում կկազմվեն նոր կոմիտեներ, որոնք կաշխատեն ավելի արդար ու թափանցիկ և միտված կլինեն հայկական ֆուտբոլի որակի բարձրացմանը, այլ ոչ թե նրա հեղինակության վրա բացասաբար ազդելուն:

Կանոնակարգը այնքան ոչ հստակեցված է, որ թույլ է տալիս նույնիսկ Կարգապահական կոմիտեին որոշումներ կայացնել իր հայեցողությամբ: Կարգապահական կոմիտեի կայացրած նման որոշումները (ի դեպ ոչ միայն մեր թիմի հանդեպ) կործանարար են հայկական ֆուտբոլի համար:

Եթե այս խնդիրը չլուծվի, վստահ ենք, որ այն շատ շուտ կանդրադառնա հայկական ֆուտբոլում պոտենցիալ ներդրողների և մասնագետների ցանկության վրա. մուտք գործել հայկական ֆուտբոլ և նպաստել դրա զարգացմանը: Կանոնակարգով սահմանված ժամկետում «Փյունիկ» ՖԱ-ն հիմնավոր բողոք կներկայացնի ՀՖՖ բողոքարկման կոմիտե՝ պահանջելով փոխել Անդրեյ Տալալաևի անհամաչափ պատիժը»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Share
Class
Link
Plus
Send
Pin

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Լրահոս