Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում - 15 Հուլիսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում

Էներգախնայող, ժամանակակից տեխնոլոգիաների ներդրում՝ հեռավոր մարզերում

15.07.2021   16:00 58 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են արտաքին լուսավորության՝ ժամանակակից և էներգախնայող համակարգերի տեղակայման աշխատանքները: Հեռավոր գյուղերում իրականացվում է համակարգված աշխատանք՝ ծրագրի արդյունավետությունն ապահովելու համար: Տարիների գործընկերներն արդիականացնում են հին ու մաշված ենթակառուցվածքները, անհրաժեշտության դեպքում էլ զրոյից աշխատանքներ են իրականացնում՝ նոր համակարգ կառուցելու համար:

Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում կառուցվել է լուսադիոդային 48 լուսարձակից բաղկացած՝ փողոցային լուսավորություն համակարգ: Հին, մաշված ու թերի աշխատող ենթակառուցվածքը նոր և ժամանակակից համակարգով է փոխարինվել` այնպես, որ արդյունքից օգտվի նաև Վերնաշեն գյուղը: Լույսերի կառավարման վահանակը տեղակայվել է այդ գյուղերի վարչական տարածքների միավորման կետում: Լուսավորվել է շուրջ 1800 մ երկարությամբ երկորդային փողոց:

Էներգախնայող, ԼԵԴ համակարգի գործարկմանը մասնակցող կողմերը շփվել են ժամանակակից տեխնոլոգիաների ընձեռած հնարավորության՝ տեսազանգի միջոցով: Միջոցառմանն այդ ձևաչափով մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, համայնքի ղեկավար Արմեն Մովսիսյանը, ծրագրի համակարգող Մարտին Մրալչյանը և բնակիչներ:

«Այսպիսի ենթակառուցվածքը կարևոր է ցանկացած համայնքի համար: Այն թույլ է տալիս լուծել և՛ կյանքի անվտանգության ապահովման, և՛ համայնքային միջոցների տնտեսման հարցերը: Իսկ երկարաժամկետ կտրվածքով էներգախնայող համակարգի կիրառումից շահում է վաղվա սերունդը: Սա այն լուծումն է, որը մերժում է բնությունից միայն վերցնելու, սպառելու մոտեցումը: Սրտացավ ու պատասխանատու մոտեցումը պարտավորեցնում է միշտ մտածել մեզանից հետո եկողների մասին: Դուք արդեն ունեք այդ հնարավորությունը»,- տեսազանգի միջոցով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Էներգախայող և ժամանակակից համակարգերի ներդրումը թույլ է տալիս ոչ միայն մեղմել մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը, այլև` նպաստել էկոգյուղերի ցանցի ստեղծմանն ու համայնքների բյուջետային միջոցների խնայողությանը: Ծրագրի իրականացումն էապես նպաստում է նաև բնակիչների անվտանգության ապահովմանը. կրճատվում է գիշերային ժամերին վայրի կենդանիների հնարավոր հարձակման հավանականությունը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0