Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել - 23 Հոկտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

23.10.2021   12:00 5642 Տնտեսական

Շուրջ 15 տարի, Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ջանքերով, Հայաստանի տարբեր  մարզերում բնապահպանական նշանակության ծրագրեր են իրականացվում: Երկու կառույցների գործակցության շրջանակում, տարիներ շարունակ իրականացվում է անտառվերականգնման ծրագիր, որն արդեն իսկ դրական արդյունք է գրանցում։ Ինչպես յուրաքանչյուր տարի, 2021թ.-ին ևս, Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով, վայրի բնության գրկում բազմաթիվ ծառեր կտնկվեն։ 

Հերթական ծառատունկը կատարվել է Վայոց ձորի մարզի Գնիշիկ բնակավայրի տարածքում: Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ՝ տնկվել է վայրի-պտղատու շուրջ 2000 ծառ: Ծառատեսակների ընտրությունը հետագայում կնպաստի մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի հաղթահարմանը։ Ծառատունկն իրականացվել է FPWC-ի՝ «Անտառային լանդշաֆտի վերականգնում․փորձառական հարթակ՝ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի տարածքում» ծրագրի շրջանակներում։ 

Մինչև այժմ, ծրագրի շրջանակներում տնկվել են վայրի փշատենի, տանձենի, նշենի, իսկ այս տարի, տնկիների ցանկում ավելացել է նաև վայրի խնձորենին։ Ծառատունկից հետո, իրականացվում է նաև նոր տնկված ծառերի հետագա խնամք՝ մինչև դրանց ավելի հասուն դառնալն ու կայուն աճ գրանցելը։  Համայնքային տարածքներում անտառավերականգնման նախագիծը մեկնարկել է 2016 թվականից՝ Հայաստանում նոր տեխնոլոգիաների ներդրմամբ: Դա հնարավորություն է տալիս վայրի բնությունից հավաքած սերմերից աճեցնել առողջ տնկիներ՝ փակ արմատային համակարգով։ Այս տարիների ընթացքում, ծրագրի շրջանակներում ավելի քան 350 հազար ծառ է տնկվել Հայաստանի տարածքում։

Հատուկ ընտրված՝ «թիրախային տնկման հայեցակարգի» (Target Plant Concept/TPC) մեթոդի կիրառմամբ, ընտրվել են տեղի բուսատեսակների սերմեր, սածիլները խնամքով մշակվել են տնկարաններում՝ դրանք հարմարեցնելով այն տարածքին, որտեղ տնկվելու են։ Այս մեթոդը թույլ է տալիս  ապահովել  բույսերի բարձր կպչողականություն։ Այդպիսով,  անտառային տարածքներում կենդանական աշխարհի համար բավարար սնունդ ապահովելու միջոցով, փորձ է կատարվել անտառավերականգնումը ծառայեցնել նաև մարդ-վայրի բնություն կոնֆլիկտի կարգավորմանը:

«Համայնքների զարգացման հարցը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում: Այն ենթադրում է բազմաբևեռ գործունեություն. ծառատունկից մինչև ենթակառուցվածքների զարգացում: Թեև դրանք տարբեր խնդիրներ են լուծում և առաջին հայացքից կապ չունեն իրար հետ, սակայն, ըստ էության, կարևոր գործընթացի տարբեր օղակներ են և նույն հարցն են լուծում: Մեր նպատակը երկարաժամկետ ազդեցության ծրագրեր իրականացնելն է: Դա բխում է մեր ԿՍՊ ռազմավարությունից և որդեգրած արժեհամակարգից: Այն ինչ արվում է այսօր՝ արդյունք է տալու երկար տարիներ»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Գործընկերները բազմաթիվ ծրագրեր են իրականացրել Գնիշիկ բնակավայրում։ Այս տարի ևս բնակավայրի շահագործմանն է հանձնվել հակահավաք սարք և խոտհնձիչ։ Նոր գյուղտեխնիկան Գնիշիկի բնակիչներին հնարավորություն կտա առավել արագ և արդյունավետ իրականացնել գյուղատնտեսական սեզոնային աշխատանքները։ 

Կից տեղեկատվություն

  • Կենսաբազմազանության պահպանման և կայուն ապրուստի միջոցների ստեղծման նպատակով FPWC-ն հետամուտ է վերականգնելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստանի տարածքում գտնվող խիստ նոսրացած կամ վերացած անտառների մի քանի հատվածներ: Անտառավերականգնումը կարևոր է անտառի կողմից մատուցվող էկոհամակարգային ծառայությունների տեսանկյունից, սակայն դա նաև լուրջ մարտահրավեր է` հաշվի առնելով չոր և կիսաանապատային կլիմայական գոտու ոչ բարենպաստ պայմանները:
  • Իրականացվող միջամտությունը նպատակաուղղված է ծառերի անհրաժեշտ տեսակների վերականգնման բարձրացմանը՝ ստեղծելով վայրի բնության, միգրացիոն երթուղիների և կենդանական աշխարհի համար սննդի աղբյուր: Տարածքները կանխարգելելու են հողային շերտը հետագա կորուստից և սպառումից, ծառայեն ջրի պահպանմանը և այլն:
  • Սա մի դինամիկ, էկոլոգիապես առողջ բնական ռեսուրսների կառավարման համակարգ է, որը վայրի պտղատու ծառերի և գյուղատնտեսական լանդշաֆտի ինտեգրման միջոցով դիվերսիֆիկացնում և հովանավորում է հողօգտագործողների համար բոլոր մակարդակներում ավելացող սոցիալական, տնտեսական և բնապահպանական օգուտները: Տարիների փորձը թույլ է տվել FPWC-ին գրանցել կենսունակության բացառիկ ցուցանիշ՝ մինչև 90%:

ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0