Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք - 24 Հունիսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

24.06.2021   10:50 80 Տնտեսական

Խոնավությունից պոկված առաստաղ, քանդված հատակ, դեֆորմացված պատեր, կոմունալ հարմարությունների բացակայություն և ապագայի նկատմամբ անորոշություն…

Լոռու մարզի Լեռնավան գյուղում ապրող Հակոբյանների ընտանիքը վագոն-տնակում մի ամբողջ կյանք է անցկացրել: Երկաթյա պատերի մեջ ապրելու համար ընտանիքից պահանջվել են երկաթյա նյարդեր: 27 քմ մակերեսով տարածքում երեք երեխա է մեծացել: 

Բազմանդամ ընտանիքի հայրը՝ Սամվելը, տարիներ առաջ փորձել է լուծում գտնել և շինարարություն է սկսել, սակայն գործը կիսատ է մնացել: Նախորդ գարնանն ընտանիքն ընդգրկվել է գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրում: Վագոն-տնակում ծնված Մանվելն իր ձեռքերով է կառուցել ծնողների երազած տունը: Երկաթյա կացարանի ճնշող պատերին հրաժեշտ տված դուստրերի համար «հայրական տուն» արտահայտությունը նոր ու լուսավոր իմաստ է ստացել: 

Համավարակի պատճառով, աջակցող կողմերը շինարարության ընթացքին հետևել են տեսազանգի միջոցով: Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրենը բնակարանամուտին դարձյալ մասնակցել է նույն ձևաչափով և դիմել է Մանվելին:

«Մանկության և պատանեկության տարիների դժվարությունները երբեմն խորը հետք են թողնում: Փորձե՛ք անցյալում թողնել այդ հիշողությունները: Ձեզ հաջողվել է պայքարել, ամրանալ և ամբողջությամբ փոխել ձեր կյանքի հետագա ընթացքը: Արդյունքը գոհացնող է. դուք հասել եք ձեր երազանքի իրականացմանը, մեզ էլ հաջողվել է ծրագիր իրականացնել դժվար ժամանակահատվածում:  Այժմ կենտրոնացե՛ք այլ նպատակների իրականացման վրա»,- տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: 

«Դոմիկում հայտնվեցինք երկրաշարժից հետո: Շատ դժվարությամբ եմ երեք երեխաներիս մեծացրել: Ամռանը՝ շոգ, ձմռանը՝ ցուրտ, աշնանը՝ անձրևի կաթոցներ տակ: Երբ ամբողջ ընտանիքով հավաքվում էինք, բոլորս պետք է զգաստ կանգնեինք, որ տեղավորվեինք այդ տարածքում: Հիմա արդեն ամեն ինչ այլ է: Փոխվել են նաև մեր երազանքները. տղայիս ամուսնացնելու մասին եմ երազում», - ասել է տանտիրուհին՝ Լարիսա Չալիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք:   


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0