Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել - 4 Ապրիլի 2022 - Հ24
/ Տնտեսական / Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել

Սահմանապահ Այգեպարում դարձյալ բնակարանամուտ է նշվել

04.04.2022   12:00 93 Տնտեսական

Տավուշի մարզի Այգեպար գյուղում, հակառակորդի դիրքերից ընդամենը 400մ հեռավորության վրա, բնակարանամուտ է նշվել: Սադյանների ընտանիքն արդեն մի քանի ամիս նոր տանն է ապրում: Տարիներ առաջ, իրենց առաջնեկի հետ Այգեպար եկած երիտասարդ ամուսինները՝ Աշոտն ու Քրիստինեն, այժմ արդեն չորս զավակի ծնողներ են: Վեց տարի վարձով ապրելուց հետո, երիտասարդ զինվորականի ընտանիքը վերջապես իր տունն է գնել ու հիմնանորոգել այն: Վիվա-ՄՏՍ-ի և Ֆուլեր տնաշինական կենտրոնի աջակցության արդյունքում, գյուղը շեն պահելու՝ Սադյանների ձգտումն ավելի ամուր է դարձել: 

«Ամուսինս պայմանագրային զինծառայող է: Աշխատանքի բերումով տեղափոխվեցինք Այգեպար ապրելու ու սիրահարվեցինք այս գյուղին: Շատերի համար կարող է տարօրինակ թվալ, որ մեր պատուհաններից երևում են հակառակորդի դիրքերը, բայց մենք այստեղ ենք ուզում ապրել, երեխաներ ունենալ ու մեծացնել: Սա է մեր տունը, եթե մենք այն չշենացնենք, ապա՝ ո՞վ», -ասում է ընտանիքի մայրը՝ Քրիստինեն:

Վիվա-ՄՏՍ-ն ու Ֆուլեր տնաշինական կենտրոնը շարունակում են հատուկ ուշադրության կենտրոնում պահել հատկապես սահմանապահ գյուղերում ապրող ընտանիքներին: Սահմանն ամրացնելու՝ գործընկերների ջանքերը հետևողական են: Միայն Տավուշի մարզում, վերջին տասը տարվա ընթացքում, բնակարանաշինության ծրագրով՝ աջակցություն է ստացել 86 ընտանիք, որից 22-ը՝ Այգեպար գյուղում: 

«Գիտեմ, որ ձեր պատուհանից երևացող տեսարանը ստիպում է, որ զգոն լինեք: Գիտեմ նաև, որ զինվորականի ընտանիքում առավել լավ են գիտակցում սահմանապահ գյուղում ապրելու բարդությունը: Չեմ կարող հիացմունքս չարտահայտել բոլոր այն ընտանիքների նկատմամբ, որոնք ամուր են, չեն կոտրվում, լավատեսությունը չեն կորցնում և իրենց հայրենասիրությունն արտահայտում են ամեն օր ապրած կյանքով: Մենք էլ նման ծրագրերի և ենթակառուցվածքներ զարգացնելու միջոցով՝ ձգտում ենք ձեր կողքին լինել»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բազմիցս նշել ենք, որ սահմանի եզրագծին բնակվող ընտանիքները կենդանի վահան են, տոկունության, արիության այն պատնեշը, որ ամուր է պահում մեր երկիրը: Մեր նպատակն է բավարար պայմաններ ստեղծել մայրաքաղաքից հեռու ապրող այս ընտանիքների համար, որպեսզի բազում հոգսերի մեջ ազատված լինեն գոնե կենցաղային դժվարություններից», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ բնակարանաշինության ծրագիրի շրջանակներում, Հայաստանի բոլոր մարզերում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0