Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար - 31 Օգոստոսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար

Ընդունվում են հայտադիմումներ «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար

31.08.2021   15:25 5489 Տնտեսական

Եվրոպական միությունը և Վիվա-ՄՏՍ-ը աջակցում են նորարական տեխնոլոգիաների զարգացմանը Հայաստանի Ստարտափ Ակադեմիայի ծրագրի միջոցով

Հայաստանի Ստարտափ Ակադեմիան տեղեկացնում է, որ ընդունվում են հայտադիմումներ Ակադեմիայի «Traction» ծրագրի երկրորդ շրջանի համար։ 10-շաբաթյա ծրագիրը միտված է օգնելու պրոդուկտ ունեցող և արդեն իսկ արդյունքներ գրանցած ստարտափներին արագացնել իրենց աճը և ներդրումներ ներգրավել՝ պատրաստելով ընդլայնմանը դեպի միջազգային շուկա։ Ծրագիրն իրականացվում է «Քաթըլիսթ» հիմնադրամի կողմից՝ Եվրոպական միության ԵՄ-ն բիզնեսի համար նախաձեռնության ներքո Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (German Development Cooperation-GIZ) կողմից իրականացվող «Նորարարական տուրիզմի և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար» ծրագրի աջակցությամբ (EU-ITTD)։ Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ը միացել է նախաձեռնությանը որպես կորպորատիվ գործընկեր և աջակից։

«Traction» ծրագրի առաջին շրջանը մեկնարկել է 2020թ-ի հունիսին՝ ներառելով 9 ստարտափներ կրթական տեխնոլոգիաների, լոգիստիկայի, մարդկային ռեսուրսների կառավարան, մարքեթինգի և այլ ոլորտներից։ 150-ից ավել հանդիպումների շրջանակներում ձեռներեցները ակտիվ աշխատել են միջազգային մենթորների և ոլորտի մասնագետների հետ: Ինտենսիվ մենթորության արդյունքում ստարտափները գրանցել են մի շարք հաջողություններ, որոնց թվում են օրվա լավագույն պրոդուկտի արժանացումը Product Hunt հարթակում, օգտատերերի քանակի աճը, վաճառքները տեղական և միջազգային կազմակերպություններին, պրոդուկտների բարելավված տարբերակների գործարկումը և ավելին: Ծրագրի շրջանավարտներն արդեն իսկ ներգրավել են 3 մլն և ավելի եվրո ներդրումներ հրեշտակ ներդրողների, վենչուրային ֆոնդերի և դրամաշնորհերի միջոցով։

«Traction» ծրագիրն առաջարկում է վաճառքի (Sales), աճի հաքինգի (Growth Hacking) և ներդրումների ներգրավման (Fundraising) մենթորություն և անհատական զարգացման ծրագիր։ Ծրագրի ընթացքում մասնակից ստարտափները հնարավորություն կունենան սահմանել և հաստատել իրենց աճի հնարավոր ուղիները, կատարելագործել և վավերացնել իրենց ռազմավարությունները, ստանալ աջակցություն միջազգային շուկաներում ընդլայնվելու և ներդրումներ ներգրավելու համար։ 10 շաբաթների ընթացքում լավագույն արդյունքներ ցուցաբերած 5 ընկերություններ հնարավորություն կունենան ստանալ մինչև 50,000 եվրոյի չափով դրամաշնորհ, որը տրամադրվում է EU-ITTD ծրագրի կողմից: Դրամաշնորհների և իրավասության չափանիշների վերաբերյալ լրացուցիչ տեղեկությունները հասանելի կլինեն ծրագրի մեկնարկից հետո։

Ծրագրին կարող են դիմել բոլոր այն ստարտափները, որոնք համապատասխանում են հետևյալ չափանիշներին․

  • Հասցրել են ցուցաբերել որոշակի արդյունքներ (եկամտի, վաճառքի, օգտատերերի բազայի և այլնի առումով),
  • Գործարկել են պրոդուկտը (կամ ունեն MVP/նախատիպ) կամ պատրաստ են գործարկելու այն մինչև սեպտեմբերի 18-ը,
  • Ներգրավել են նվազագույնը 20 եվրո` դրամաշնորհների, հրեշտակ ներդրումների, վենչուրային ֆինանսավորման տեսքով կամ սեփական միջոցներով, կամ արդեն եկամուտներ են գեներացնում (ոչ պարտադիր, բայց նախընտրելի),

Նախկինում մասնակցել են որևէ ինկուբացիոն կամ նախաաքսելերացիոն այլ ծրագրի (ոչ պարտադիր, բայց նախընտրելի)։

Հայտերի ընդունման վերջնաժամկետը սեպտեմբերի 18-ն է, որին կհետևեն հարցազրույցներ մասնակից ընկերությունների ցուցակը վերջնականացնելու համար։ Մինչ այդ, սեպտեմբերի 9-ին տեղի կունենա Տեղեկատվական հանդիպում (հանդիպման համար գրանցումը հասանելի է այստեղ)։ Ծրագիրը, ինչպես նաև տեղեկատվական հանդիպումն իրականացվելու են հիբրիդային եղանակով՝ հնարավոր դարձնելով թե՛ հեռավար, թե՛ ֆիզիկական մասնակցությունը։ Ծրագրի վերաբերյալ հավելյալ տեղեկությունները հասանելի են այստեղ։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0