2017 թվականը։ Մաս 1 - 8 Նոյեմբերի 2021 - Հ24
/ Քաղաքական / 2017 թվականը։ Մաս 1

2017 թվականը։ Մաս 1

08.11.2021   15:00 130395 Քաղաքական

Օրերս դիտում էի Արցախի հանրային հեռուստատեսությանը Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի տված հարցազրույցը: Լրագրողի հարցին, թե ինչ կտա մեզ նոր սահմանադրությունը, հետեւում է այսպիսի պատասխան. «1988 թվականին մեր հռչակած պահանջատիրության իրականացում»:

Հարցազրույցի ժամանակը 2017 թվականն է, երբ նոր սահմանադրության նախագիծն անցել էր խորհրդարանական քննարկումների փուլը, եւ հանրաքվեի օրն արդեն նշանակված էր: Ապրիլյան քառօրյայից անցել էր ոչ լրիվ մեկ տարի, արցախյան հանրային տրամադրությունների վրա շատ որոշակի ազդեցություն էր թողել ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի շատ կտրուկ զգուշացումը, թե միայն զինվորի բարձր ոգով թշնամուն չես հաղթի: Նա նույնիսկ առարկայական պատկեր էր գծել. «Մերկ ձեռքերով հրթիռներ չես որսա»:

Ստեփանակերտի նույնիսկ ետնաբակերում էին խոսում, որ հետապրիլյան երկու այցեր Սերժ Սարգսյանը նվիրել է խորհրդարանի պատգամավորների եւ Շարժման առաջամարտիկների հետ հանդիպումներին, անկեղծորեն ներկայացրել իրավիճակը, որ զիջումների այլընտրանքը նոր եւ ավելի լայնածավալ ու անկանխատեսելի հետեւանքներով հղի պատերազմն է:

Երեւանում «Սասնա ծռերը» գրավել էին ՊՊԾ գունդը, նրանց եւ իշխանությունների միջեւ բանագնացի դեր ստանձնել էր Վիտալի Բալասանյանը, ով դրանից կարճ ժամանակ անց նշանակվել էր Անվտանգության խորհրդի քարտուղար: Տեղի էր ունեցել եւս մեկ ազդանշանային իրադարձություն. գրեթե տասնամյա մոռացությունից քաղաքական ասպարեզ էր կանչվել նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը՝ 2007-ի ընտրություններում Բակո Սահակյանի հիմնական մրցակիցը, եւ նշանակվել նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ-լիազոր դեսպանորդ:

Նման բարդ իրավիճակում սահմանադրական փոփոխությունների ի՞նչ անհրաժեշտություն կար: Մանավանդ որ նախնական մոտեցումը, թե Հայաստանի օրինակով Արցախն էլ պետք է անցնի խորհրդարանական կառավարման համակարգի, որ առաջադրել էին ՀՅԴ տեղի կառույցը եւ Ազատ հայրենիք կուսակցությունը, մերժվել էր: Աշոտ Ղուլյանի պնդումը, թե նոր սահմանադրությունը 88-ի պահանջատիրությունն իրացնելու հնարավորություն է, քաղաքական նպատակադրվածության ապակոդավորո՞ւմ էր, թե՞ նա պարզապես հանրային աջակցություն էր փորձում ստանալ:

2016-ի քառօրյա ռազմական գործողություններից հետո օդում թեւածում էր սպասում, որ Հայաստանը եւ Արցախը ռազմական փոխօգնության պայմանագիր կստորագրեն: Նման հանձնարարական անձամբ Սերժ Սարգսյանն էր տվել, իսկ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը մի առիթով հասկացրել էր, որ աշխատանքային փաստաթուղթը պատրաստ է: Սերժ Սարգսյանը նաեւ ասել էր, որ եթե Ադրբեջանը վերստին պատերազմ սկսի, Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը: Ըստ էության, Արցախի նոր սահմանադրությունը մերժում էր խաղաղ բանակցային, փոխզիջումային կարգավորումը:

Նախընթաց մի քանի տարիներին Արցախի խորհրդարանը վարչատարածքային բաժանման մասին օրենքում սկզբունքային փոփոխություններ արդեն իսկ կատարել էր: Ի մասնավորի՝ Աղդամը վերանվանվել էր Ակնա եւ սահմանվել որպես Ասկերան քաղաքի թաղամաս, թեեւ երկու բնակավայրերը միմյանցից մոտ տասը կիլոմետր հեռավորություն ունեն, հարավում կազմավորվել էին նոր համայնքներ՝ միանգամից ստանալով քաղաքի կարգավիճակ՝ Կովսական, Ջրական, Սանասար, Հադրութի շրջանում հիմնադրվել էր Արաքսավանը, կառուցվում էր Վարդենիս-Մարտակերտ՝ Արցախը Հայաստանին կապող երկրորդ ճանապարհը, Քաշաթաղում եւ Քարվաճառում փոքր ՀԷԿ-երի շինարարության բում էր:

Արցախի ԱԳՆ-ն պնդում էր, որ «մադրիդյան սկզբունքներով կարգավորում չի կարող լինել, դա տանում է ոչ թե խաղաղության, այլ նոր պատերազմի»: Այս բացահայտ «ապստամբական» միտումները զուտ արցախյան անհնազանդությո՞ւն էին, ծրագրավորումները, օրենսդրական նորամուծությունները կատարվում էին առանց Հայաստանի իշխանությունների հետ խորհրդակցելո՞ւ: Ստեփանակերտն ընդդիմանում էր կարգավորման ինչ-որ տարբերակի՞, իր վրա էր հրավիրում միջնորդների, միջազգային հանրության կամ թեկուզ Ադրբեջանի ուշադրությո՞ւնը: Դա մարտահրավե՞ր էր, տարածաշրջանում ինքնուրույն ռազմաքաղաքական գործոնի դերակատարության վերաձգտո՞ւմ:

Ավելի քան տասնամյա բացակայությունից հետո ի՞նչն էր ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին Ստեփանակերտ բերել, ընդ որում՝ պատերազմում զոհվածների հուշահամալիրում բավական բուռն հանրահավաքով, որից մի քանի օր անց նրա գաղափարական աջակիցներից Հայկ Խանումյանը դաժան ծեծի ենթարկվեց աշխատավայրի՝ Ազգային ժողովի շենքի դիմաց, առեւանգվեց եւ խոշտանգված վիճակում տեղափոխվեց հիվանդանոց: Դա զգուշացո՞ւմ էր, հաշվեհարդա՞ր: Միայն Սամվել Բաբայանի համակիրը լինելո՞ւ համար:

Ի՞նչ շարժառիթներով պայմանավորված էր նախագահ Բակո Սահակյանը քաղաքական «արդարացման» տանում երկու ընտրություններում իր հիմնական ախոյաններին՝ Մասիս Մայիլյանին եւ Վիտալի Բալասանյանին: Ինչո՞ւ ՊՊԾ գնդի գրավումից մեկ օր առաջ մի խումբ գործիչներ ստորագրեցին «Շուշիի հռչակագիրը»՝ նպատակադրվելով ոչ միայն հասնել փաստացի սահմաններով Հայաստան-Արցախ միավորմանը, այլեւ ազատագրել Կուր-արաքսյան միջագետքը եւ վերականգնել Մեծ Հայքի եւ Կովկասյան Աղվանքի պատմական-քաղաքակրթական սահմանը:

«Սահմանադրությունը պահանջատիրության իրացման հնարավորություն է» ասելիս ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, որ նաեւ հիմնական օրենքի նախագծի մշակման աշխատանքային խմբի ղեկավարն էր, միայն նախկին ԼՂԻՄ-ի տարածքը Հայաստանին միավորելու առաջնահերթությո՞ւնը նկատի ուներ, թե՞ ելնում էր «Շուշիի հռչակագրի» սկզբունքներից:

շարունակելի


Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0