Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը - 26 Հունվարի 2022 - Հ24
/ Տնտեսական / Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը

Արփիում ավարտվել է էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացը

26.01.2022   18:00 108 Տնտեսական

Երևան-Գորիս ավտոմայրուղու հարևանությամբ տեղակայված Արփի գյուղում կարևոր խնդիր է լուծվել: Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC), չորս տարի շարունակ՝ 2018 թվականից, այս գյուղում ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված  մի քանի ծրագիր են իրականացրել: Փողոցների արտաքին լուսավորության վերջին փուլն իրականացվել է 2021 թվականին: Ընդհանուր առմամբ, գյուղի ամբողջ երկայնքով փողոցային լուսավորություն ապահովելու նպատակով, այդ ամբողջ ընթացքում տեղադրվել է 234 LED-լուսարձակ։ Լուսավորված տարածքը կազմել է 9 կմ ճանապարհ, որից 2,5 կմ-ը լուսավորվել է 2021 թվականին՝ 62 լուսարձակի տեղադրմամբ: Ծրագրի իրականացմանն աջակցել է նաև Արենիի համայնքապետարանը: Տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը, Արփիում ավարտել են երկարաժամկետ արդյունք ապահովող՝ էներգախնայող համակարգերի ներդրման գործընթացի վերջին փուլը: 

«Այս ծրագիրը շատ կարևոր է ոչ միայն բնապահպանական, էներգախնայողության, համայնքային միջոցների տնտեսման, այլև մարդկանց անվտանգության ապահովման և հոգեբանական առումով: Այն թույլ է տալիս ոչ միայն երկարաժամկետ արդյունք ապահովել, այլև մեր հնարավորության սահմաններում՝ մեղմել մայրաքաղաքի և մարզերի միջև զարգացման առկա տարբերությունը: Ենթակառուցվածքների զարգացումը, թվարկված բոլոր առավելություններին զուգահեռ՝  քաղաքակիրթ պայմաններ է ապահովում հեռավոր մարզերում ապրողի համար: Տարիների՝ մեր գործընկերության հիմքում եղել է թվարկված նպատակների իրականացումն ու կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորումը: Մեծ խնդիրները հնարավոր է լուծել նաև փոքր ծրագրերի միջոցով»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ուրախությամբ կարող ենք նշել, որ 2021-ին մեր առաջ դրված նպատակներից ևս մեկին կարողացանք հասնել։ Արփի գյուղը գրեթե ամբողջությամբ ապահովված է փողոցային լուսավորությամբ։ Ծրագրի արդյունքում Արփիի բնակիչներն ունեն առավել ապահով միջավայր, որը կնպաստի նաև համայնքային կյանքի աշխուժացմանը», - ասել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։

Գյուղի բնակիչների համար, տարիներ շարունակ, հատկապես ամռան գիշերներն անցել են անսովոր ռեժիմով. նրանք գիշերները հերթապահություն են սահմանել՝  գյուղ մտած արջերից համագյուղացիներին պաշտպանելու համար: Արտաքին լուսավորության ժամանակակից համակարգի գործարկման շնորհիվ, գյուղն առավել ապահովագրված կլինի վայրի կենդանիների «թիրախում» հայտնվելու հավանականությունից:

Հեռավոր բնակավայրերում արտաքին լուսավորության էներգախնայող համակարգերի ներդրումը էկոգյուղերի ցանցի ստեղծման կարևոր քայլերից է: Դա թույլ կտա այդ գյուղերը ներգրավել մի գործընթացում, որի հիմքում կայուն զարգացման չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական բաղադրիչներն են:

Էներգախնայող, ժամանակակից համակարգի գործարկումն արդյունավետ է բնապահպանական և համայնքի միջոցները տնտեսելու տեսանկյունից: 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0