Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո - 16 Հուլիսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո

Բնակարանամուտ՝ 15 տարվա սպասումից հետո

16.07.2021   11:00 15157 Տնտեսական

Վայոց ձորի մարզի հեռավոր գյուղերից մեկում՝ Գոմքում, 15 տարվա վաղեմության խնդիր է լուծվել: Տարիներ շարունակ, խոնավ, մութ ու անհրապույր նկուղում ապրող Ղազարյաններն ընտրել են ոչ թե օտար ափերում բախտ որոնելու, այլ հայրենի երկրում ապրելու և ստեղծելու  տարբերակը: Հինգ զավակի երիտասարդ հայրը՝ Արտաշը, այգի է ստեղծել և ընտանիքին հողաշեն պատերից ազատելու որոշում է կայացրել: Կիսակառույցը տուն դարձնելու հնարավորություն, սակայն, չի եղել՝   ֆինանսական խնդիրների պատճառով: Ղազարյաններն իրենց երազանքի տունը կառուցել են Վիվա-ՄՏՍ-ի ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ: Կաթացող կտուրը, հողե պատերի խունացած հոտն ու դժվար կենցաղի դրվագներն արդեն հիշողություն են դարձել: Ընտանիքում բոլորն ունեն իրենց ննջասենյակը, իսկ հյուրեր ընդունելիս չեն ընկճվում: 

«Տասնհինգ տարի մենք ներքևում՝ նկուղային հարկում ենք ապրել: Նոր կառուցված տան ներսից, հիմա դեպի այդ հատված տանող աստիճաններ ունենք: Հին տունն արդեն խորդանոց ենք դարձրել: Իսկ վերևում ամեն մեկն ունի իր լուսավոր ու հարմարավետ սենյակը»,- ասել է տանտիրուհին՝ Նաիրա Արզումանյանը:  

Համավարակի պատճառով, Ղազարյաններն իրենց աջակցող գործընկեր կառույցների թիմերի հետ շփվել են հիմնականում տեսազանգի միջոցով: Բնակարանամուտ նշելու համար ընտրվել է նույն մեթոդը:

«COVID-ը շատ բան փոխեց մեր կյանքում, բայց` ոչ նպատակները: Ձեզ հետ համատեղ աշխատելու, շինարարությանը մասնակցելու հնարավորություն այդպես էլ չունեցանք, բայց կարևորն արդյունքն է: Արդեն լավ կառուցված տուն ունեք, հաղթահարել եք 15 տարվա վաղեմության խնդիրը և ազատվել մութ, խոնավ նկուղում ապրելու իրականությունից: Հիշում եմ՝ ինչպես տեսազանգով տանտերերի հետ շփման առաջին փորձը սկսեցինք ձեր տանից: Այն ժամանակ կիսակառույց պատեր էին, հիմա՝ ջերմ օջախ: Ու թեև դարձյալ տեսազանգով ենք շփվում, բայց զգում եմ այդ օջախի ջերմությունն ու ձեր տրամադրության փոփոխությունը: Հենց դա է ամենակարևորը  մեզ համար: Դրա շնորհիվ է նաև, որ մենք մեր գործընկեր «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» թիմի հետ, ձգտում ենք կանգ չառնել և բարելավել մեր հայրենակիցների կյանքը»,- տեսազանգի ժամանակ ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Ղազարյանների տան բնակարանամուտին մասնակցել է նաև Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը, ով բարձր է գնահատում հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը: Գոմքում Վիվա-ՄՏՍ-ի աջակցության առաջին արդյունքն արձանագրվել է դեռ տարիներ առաջ՝ Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ ենթակառուցվածքների զարգացման ծրագրի շնորհիվ: 

«Գոմքում բնակարանաշինությանն աջակցելու միտքն առաջացել է տարիներ առաջ, երբ գործարկում էինք LED լուսատուներով փողոցային լուսավորության համակարգը: Երբ այցելեցիք համայնքապետարան և ծանոթացաք համայնքի կարիքների գնահատման ցուցանակին, խոստացաք լուծել այդ ցանկում տեղ գտած խնդիրներից մի քանիսը: Վերջին 3-4 տարիում լուծվել է շատ խնդիր: Իսկ այս ընտանիքի համար կառուցված տունը շատ կարևոր էր: Այժմ նրանք կապրեն բարվոք պայմաններում»,- Ռալֆ Յիրիկյանի հետ տեսազանգի ժամանակ ասել է Գոմքի վարչական տարածքի ղեկավար Մխիթար Հովհաննիսյանը:

Բնակարանաշինության ծրագրով, Վիվա-ՄՏՍ-ն ու Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» լուծում են ոչ միայն սոցիալական կարևոր խնդիր, այլև հիմնովին փոխում են մարդկանց կյանքը: Իսկ հեռավոր գյուղերում իրականացվող ծրագրերը նպաստում են դրանց զարգացմանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0