Բնակարանամուտ Արփի համայնքում - 5 Հունիսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Բնակարանամուտ Արփի համայնքում

Բնակարանամուտ Արփի համայնքում

05.06.2021   20:40 108534 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից իրականացվող բնակարանաշինության ծրագրի արդյունքում, 2020 թվականի ընթացքում լուծվել է 96 ընտանիքի բնակարանի խնդիր՝ նախապես պլանավորված 37-ի փոխարեն:

Բոլոր առումներով բարդ 2020 թվականին, բնակարանաշինության ծրագիրը լիարժեք շարունակվել է Հայաստանի բոլոր մարզերում: Թե՛ կորոնավիրուսի պատճառով հայտարարված կարանտինի, թե՛ պատերազմի ընթացքում, ընտանիքները շարունակել են իրենց տների շինարարությունը: Աշխատանքները երբեմն կարճաժամկետ դադարեցնելու միակ պատճառը եղել է տանտերերի՝ ռազմաճակատում լինելը: Անգամ այդպիսի պայմաններում, մարդկանց հաջողվել է իրականացնել իրենց տարիների երազանքը:

Վայոց Ձորի Արփի գյուղում ապրող Գևորգ Աղաջանյանը պատերազմի ժամանակ եղել է առաջնագծում: Չորս զավակների հայրն առաջնեկին ու եռյակ զավակներին ապահով մեծացնելու համար, իր առջև երկու խնդիր է դրել. պաշտպանել հայրենիքն ու տուն կառուցել: Առաջին խնդրի իրականացմանն օգնել է նրա՝ պայմանագրային զինծառայող լինելու փաստը, իսկ տան շինարարության հարցում աջակցել են նաև հարազատները: Գևորգն իր տան շինարարության ընթացքին հետևել և երբեմն էլ ուղղորդել է ռազմի դաշտից արված հեռախոսային կարճատև զանգերով:

«Գիտեք, ծանր էր բոլոր առումներով, իհարկե: Սակայն, երբ գիտես ինչի համար ես կռվում, երբ գիտես, որ տունդ ու ընտանիքդ են վտանգված, ամեն բան փոխվում է. ուժեղ ես դառնում: Մենք պետք է ուժեղ լինենք, թշնամին քանդում է, մենք պետք է շարունակենք կառուցել ու` կհաղթենք: Մեր երեխաները մեզ պարտված չպիտի տեսնեն», - ասել է ընտանիքի հայրը՝ Գևորգը:

Աղաջանյանների ընտանիքն ավելի քան տասը տարի բնակվել է ուրիշի բնակարանում, հետո տեղափոխվել է կիսակառույց տան նկուղ: Երբեմնի խոնավ ու մութ նկուղն այսօր հիշողություն է դարձել: Շինարարությունն ավարտել են և տեղափոխվել կենցաղային բոլոր հարմարություններով ապահովված տաք բնակարան:

«Կարևոր է ոչ միայն այն, թե ինչ նպատակներ ունեք, այլև այն, թե ինչպես եք հասնում դրանց: Եթե կա կամք, անպայման հաջողելու ցանկություն և դժվարությունների առջև կանգ չառնելու վճռականություն՝ հաղթահարելի են նաև խնդիրները: Հաճելի է տեսնել, որ այս մոտեցման կողմնակից են ոչ միայն մեր գործընկերները, այլև տարբեր մարզերում ապրող, երազանքների իրենց տունը կառուցող հայ ընտանիքները: Մարտահրավերներին արձագանքելու՝ ձեր օրինակը գնահատելի է: Երկրին և ընտանիքին օգտակար լինելու ձգտումը ձեզ դարձրել է ուժեղ: Շարունակեք ապրել այդպես և օրինակ ծառայել ձեր զավակներին»,- տեսազանգով ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ծանր ժամանակներ ենք ապրում, սակայն մեր ուժը մեր կառուցողականության մեջ է: Յուրաքանչյուրս մեր տեղում պետք է կարողանանք առավելագույնս իրականացնել մեր աշխատանքը: Վիվա-ՄՏՍ-ի սոցիալական պատասխանատվության զգացումը և մեր կազմակերպության սկզբունքները, երբ ընտանիքն ինքն է իր տան կառուցողն ու պատասխանատուն, հրաշքներ են գործում. ամրացնում են մեր երկրի ողնաշարը»,- ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Բնակարանաշինության իրականացման համար Վիվա-ՄՏՍ-ը կատարել է 230 մլն դրամից ավելի ներդրում՝ հիմնովին փոխելով բազում ընտանիքների կյանքի որակը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0