Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն - 18 Սեպտեմբերի 2021 - Հ24
/ Տնտեսական / Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

Եղեգիսի գիշերներն այսուհետ լուսավոր կլինեն

18.09.2021   12:00 6850 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) շարունակում են համայնքային ենթակառուցվածքների արդիականացմանն ուղղված աշխատանքները: Հաճախ դրանք մեծ ջանք, եռանդ, ուժ և կամք են պահանջում, բայց գործընկեր կազմակերպությունները ավարտին են հասցնում համայնքային ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերը՝ մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելու և մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։ Բավականին բարդ պայմաններում՝ 2020թ․-ի աշնանն են իրականացվել նաև Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղում լուսավորության էներգախնայող համակարգի ներդրման աշխատանքները։ 

Եղեգիս գետի ձախ ափի սարալանջին փռված՝ համանուն գյուղի հիմնական բոլոր փողոցները լուսավորվել են Վիվա-ՄՏՍ-ի և FPWC ջանքերով: Տեղադրված ԼԵԴ լուսարձակները թույլ են տալիս խնայել ռեսուրսները, համայնքային բյուջեի միջոցների մի մասն ուղղել այլ խնդիրների կարգավորմանը և գիշերային ժամերին կանխել վայրի կենդանիների հնարավոր մուտքը: Ծրագիրն ունի նաև բնապահպանական բաղադրիչ: 

2020թ․-ի ընթացքում, Եղեգիս համայնքում տեղադրվել է 41 ԼԵԴ լուսարձակ, լուսավորվել է շուրջ 1․5 կմ երկարությամբ ճանապարհահատված։ Աշխատանքները չեն դադարել նաև ընթացիկ տարում: Ծրագրի երկրորդ փուլի մեկնարկը տրվել է: Նախատեսվում է մինչև տարեվերջ, 1․9 կմ երկարությամբ ճանապարհահատված լուսավորելու համար, տեղադրել ևս 50 ԼԵԴ լուսարձակ: Աշխատանքների ավարտից հետո,  «Էկո գյուղերի ցանց» ծրագրում ընդգրկված Եղեգիսը գրեթե  90 տոկոսով լուսավորված կլինի: 

Էներգախնայող հերթական համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը, Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը և այլք: 
  
«Մինչև տարեվերջ մեզ կհաջողվի գրեթե ամբողջությամբ լուսավորել մի գյուղ, որի տարածքում 13-14-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տոհմի նստավայրը: Դա պատիվ է մեզ համար: Իսկ առհասարակ, ենթակառուցվածքների զարգացմանը նպաստելը միշտ թիրախային է եղել մեզ համար: Դա բխում է մեր ընտրած կառավարման մոդելի՝ կորպորատիվ սոցիալական պատասխանատվության նպատակներից: Նման ծրագրերը կարևոր են և՛ երկրի համաչափ զարգացման, և՛ բնության ռեսուրսները խնայողաբար սպառելու տեսանկյունից: Ուրախ եմ հերթական արդյունքի համար: Դրա համար մեզանից պահանջվել է ճկուն կառավարում, ներդրումներ, համակարգված աշխատանք և համբերություն»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC),  չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը՝ շրջակա միջավայրի պահպանությանը, էներգախնայողության բարձրացմանն ու համայնքային զարգացմանը նպաստելու համար:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0